Որոնում:

Ղարաբաղյան ինքնիշխանություն. անցածի իմաստավորում

Ղարաբաղյան ինքնիշխանությունը` որպես հայկական պետականության հենք եւ ամրացնող հիմք

Ցավոք, քչերն են դա գիտակցում: Հակառակ դեպքում մենք արդեն վաղուց այնտեղ լուծած կլինեինք ժողովրդագրական  խնդիրը, մեր որոշ <<վերլուծաբանները>> չէին վերաբերվի Ղարաբաղին, միայն որպես Հայաստանի տասնմեկերորդ նահանգի, իսկ վայ-քաղաքագետները Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ պետական փաստաթղթի անհապաղ ընդունման կոչեր չէին անի եւ այս առնչությամբ կուսակցական որոշումներ չէին կայացնի… Սակայն ամեն ինչի մասին հերթով: Իսկ սկզբում մի քանի դրույթներ:

Դրույթ առաջին: Լեռնային Ղարաբաղը անհամեմատ ավելի շատ հիմքեր ունի հավակնել ինքնիշխանության եւ դրա իրականացման, քան նախկին ԽՍՀՄ որեւէ հանրապետություն/բացառությամբ Բալթյան երկրների եւ Հայաստանի/, հատկապես այն պատճառով, որ Ղարաբաղի ինքնիշխանությունը ազգային-ազատագրական պայքարի արդյունք է, մինչդեռ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությունը հետեւանք է կայսրության փլուզման: Շատերին, իհարկե, հատկապես հայ ազգային հայրենասերներին, նման դրվածքը կարող է շփոթեցնել, քանզի վերջիններս սովոր են իրենց նույնացնել առնվազը ԱՄՆ հիմնադիր-նախահայրերի հետ… Սակայն հարցի էությունը դրանից չի փոխվում. Հայերը, ինչպես նախկին ԽՍՀՄ պետությունների մյուս տիտղոսային ազգերը, պատրաստ չէին անկախության /հիշենք թեկուզ միայն մեր <<ակտիվիստների>> այն հիմար հավաստիացումները, որ երկիրը կարելի է սնել լոկ <<Ջերմուկով>>…/ եւ սկզբում չգիտեին անգամ ինչ անել դրա հետ…Իսկ ղարաբաղցիները գիտեին:

Դրույթ երկրորդ: Ազգային-ազատագրական պայքարի արդյունքում պետականություն ձեռք բերած ժողովուրդների համար դեկլարատիվ ինքնիշխանությունը /երբ ժողովուրդը հայտարարում, հռչակում է իր անկախությունը/ շատ ավելի կարեւոր է սահմանադիր ինքնիշխանությունից /որը անկախության անհրաժեշտ պայման է համարում այլ պետությունների կողմից ճանաչումը/: Հիշեցնեմ, որ 1933թ. Մոնտեվիդեոյի կոնվենցիայի 3 Հոդվածի համաձայն, <<…Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից նրա ճանաչումից>>:

Դրույթ երրորդ: Հատուկ շահագրգիռ երկրի կամ էլ նոր մետրոպոլիայի կողմից  դեկլարատիվ ինքնիշխանության եզակի ճանաչման փաստը ոչ թե ուժեղացնում, այլ ընդհակառակը, թուլացնում է այդ նույն դեկլարատիվ ինքնիշխանությունը, միաժամանակ իրադրության մեջ չմտցնելով սահմանադիր ինքնիշխանության ոչ մի տարր…Այսպես, Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը /Նիկարագուայի դեպքը չի հաշվվում/, որը միգուցե արվել է Ռուսաստանի շահերից բխելով, իրականում թուլացրել է նրանց դեկլարատիվ ինքնիշխանությունը եւ փակել է նրանց համար, համենայն դեպս մոտ ապագայում, սահմանադիր ինքնիշխանություն ստանալու որեւէ հեռանկար…Հատկապես այս պատճառով, Հայաստանը ոչ մի դեպքում մենակ չպիտի ճանաչի Ղարաբաղի ինքնիշխանությունը. մենք պարզապես կթուլացնենք մեր ընդհանուր դիրքերը:

Դրույթ չորրորդ: Լեռնային Ղարաբաղի պետականությունը` մեր ազգային սեփականությունն է եւ հարկ է նրան վերաբերվել հավուր պատշաճի: Եւ եթե այսօր Հայաստանը Ղարաբաղի ֆինանսական դոնորն է, ապա Ղարաբաղը ոգու ու արիության դոնոր է, որը մեծապես օգնել է հայերին գիտակցել սեփական պետականության կարեւորությունն ու արժեքը… 

 Արմեն Դարբինյան

Նովոյե վրեմյա/Новое время/ 

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com