Որոնում:

Ավստրալիայի խորհրդարանում անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը - MFA NKR

Ավստրալիայի խորհրդարանում անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը


2015-12-03 18:28

Դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության և ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, Ավստրալիայի խորհրդարանում տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ Հայոց ցեղասպանության ճանաչման և  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ: Հանդիպումներին մասնակցել են հատուկ հրավիրյալի կարգավիճակ ունեցող ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը, Ավստրալիայի Հայ դատի Հանձնախմբի ներկայացուցիչներ:

Դավիթ Իշխանյանը և Քայլար Միքայելյանը խորհրդարանականներին մանրամասն տեղեկություններ են ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, Արցախի Հանրապետության  պետականաշինության գործընթացի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև հանրապետությունում ներկա զարգացումների մասին:

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին՝ շեշտելով. «ԼՂՀ-ն այսօր ունի ժողովրդավարական համակարգ, կառավարություն, խորհրդարան, մարդու իրավունքների և ազատ մամուլի դրսևորում, ինչը  հարևան Ադրբեջանի լրիվ հակապատկերն է»:

Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաև առաջիկայում Ավստրալիայի խորհրդարանականների՝ Արցախ կատարելիք այցը, որը հնարավորություն կտա նրանց անմիջականորեն ծանոթանալու Արցախի ձեռքբերումներին և երկրի առօրյային:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com