Որոնում:

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է Արցախին ու Հայաստանին նվիրված քննարկմանը - MFA NKR

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է Արցախին ու Հայաստանին նվիրված քննարկմանը


2016-03-17 18:20

Մարտի 15-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ  Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում ու Հայաստանում խաղաղության պահպանմանը և երկու հայկական պետությունների բարգավաճմանը նպաստելու և Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին աջակցելու նպատակով կազմակերպված միջոցառմանը:

ԼՂՀ  ներկայացուցիչն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հանձնախմբին միջոցառումը կազմակերպելու համար և ընդգծել շարունակական և միասնական ջանքերի կարևորությունը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի քաղաքապետ Ջեկ Հաջինյանը և հանձնախմբի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը: Միջացառումը վարում էր Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը։

Իրենց ելույթներում ԱՄՆ Կոնգրեսի անդամները հավաստիացրել են, որ շարունակելու են աջակցել Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովմանը, խաղաղության հաստատմանն ու պատմական արդարության վերականգնմանը՝ ընդգծելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանն իր խոսքում անդրադարձել է կենտրոնի գործունեությանը, նշելով այդ մարդասիրական ձեռնարկի կարևորությունն Արցախի և տարածաշրջանի համար՝ ներկայացնելով կենտրոնի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

Միջոցառմանը ներկա են եղել նաև կոնգրեսականների գրասենյակների և ՀՀ դեսպանության աշխատակիցներ, քրդական և եզդիական քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և ամերիկահայ համայնքի անդամներ:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com