Որոնում:

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Ֆրանսիայում - MFA NKR

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Ֆրանսիայում



2016-04-25 20:31

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել է Ֆրանսիայի Վալանս և Բուր-լե-Վալանս քաղաքներում տեղի ունեցած Հայոց Մեծ Եղեռնի 101-ամյա տարելիցին նվիրված արարողություններին։

Միջոցառումներին ներկա են եղել Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Վալանսի քաղաքապետ և Ռոն-Ալպ Ովերնի մարզային խորհրդի փոխնախագահ Նիկոլա Դարագոնը, Դրոմի Նահանգային Խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Լաբոնը, Դրոմի Մարզպետարանի պետքարտուղար Ֆրեդերիկ Լուազոն, Գիլրան-Գրանժի Սենատոր Քաղաքապետ և հայ-ֆրանսիական բարեկամության խմբի փոխնախագահ Մատյո Դարնոն և այլ քաղաքական գործիչներ։

Բոլոր ելույթ ունեցողներն անընդունելի են համարել և դատապարտել Ադրբեջանի` ի դեմս Ֆրանսիայում իր դեսպան Էլչին Ամիրբայովի՝ Բուր-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուրիեին հղած ծանուցումը, որով Ադրբեջանը սպառնում է  Մարլեն Մուրիեին Բուր-լե-Վալանսի և Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի միջև հաստատված համագործակցության կապակցությամբ: Իր հերթին Մարլեն Մուրիեն հայտարարել է, որ չի զիջի Ադրբեջանի սպառնալիքներին։

Իր ելույթում Դրոմի Նահանգային Խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Լաբոնը հրապարակայնորեն հայտարարել է. «ԼՂՀ բնակիչները մեր քույրերն ու եղբայրներն են։ Հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա նշանակում է հարձակվել Դրոմի վրա։ Հարձակվել ԼՂՀ բնակչության վրա նշանակում է հարձակվել Դրոմի բնակչության վրա։ Հարկավոր է, որ Ֆրանսիան վերջապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։

Վալանսի քաղաքապետ և Ռոն-Ալպ Ովերնի մարզային խորհրդի փոխնախագահ Նիկոլա Դարագոնր, ողջունելով Արցախի ժողովրդին, նշել է, որ վերջիններս օրինական կերպով ձգտում են ապրել իրենց հողի վրա և ունեն ինքնորոշման իրավունք։          

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com