Որոնում:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Panorama.am գործակալությանը - MFA NKR

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Panorama.am գործակալությանը

2016-04-28 19:21

Հարց Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի այն մեղադրանքները, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը գնդակոծում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը։

Պատասխան Նման հայտարարություններով Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դնում, որ սեփական ցինիզմն ու ճիգերը՝ արդարացնելու ԼՂՀ դեմ սանձազերծած տապալված ռազմական ագրեսիան ու ադրբեջանական բանակի կողմից իրագործվող բազմաթիվ ռազմական հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում։

ԼՂՀ Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված անհերքելի ապացույցները, որ Ադրբեջանը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը տեղակայում է իր ռազմական օբյեկտները շփման գծի մերձակա բնակավայրերում, վերածելով դրանք ԼՂՀ խաղաղ բնակչությանը սպառնացող կրակային հենակետերի, ցուցադրում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գանգատների կեղծիքը և որդեգրած ռազմավարության հանցավոր բնույթը։

Ինչպես արդեն հայտարարել ենք, ԼՂՀ և նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով ԼՂՀ իշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական և հնարավոր այլ միջոցներ` 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումն ապահովելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար։

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com