Որոնում:

Հեռախոսազրույց Արցախի Հանրապետության և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև - MFA NKR

Հեռախոսազրույց Արցախի Հանրապետության և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև

2017-02-28 19:02

Փետրվարի 28-ին Արցախի Հանրապետության և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վիտալի Իգնատևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։

ՄՄՀ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել փետրվարի 20-ին Արցախում կայացած նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի անցկացումն ու դրա արդյունքները՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովման և պետականության հետագա զարգացման համատեքստում։ Իր հերթին, Կարեն Միրզոյանը գոհունակություն է հայտնել հանրաքվեին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության դիտորդական առաքելության ակտիվ մասնակցության համար։

Վիտալի Իգնատևը խորին մտահոգություն է հայտնել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակման փորձի ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և իր աջակցությունը հայտնել արցախյան կողմին։

Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է  շփման գծում տիրող իրադրության և արցախյան կողմի ջանքերի մասին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ապահովմանը։

Հեռախոսազրույցի ընթացքում ՄՄՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև իր ցավակցությունն է հայտնել 29 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերի կապակցությամբ՝ զորակցություն հայտնելով տեղի ունեցած ոճրագործությունների զոհերի և վիրավորների հարազատներին։ Երկուստեք նշվել է, որ նման հանցագործությունների անպատժելիությունը ճանապարհ է հարթում մարդկության դեմ նոր ոճիրների իրագործմանը։

Կողմերը քննարկել են նաև միջգերատեսչական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու խորացումը։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com