Որոնում:

ԼՂՀ ԱԳՆ նախարար Գեորգի Պետրոսյանի հարցազրույցը թուրքական NTV հեռուստաալիքի թղթակցին - MFA NKR

ԼՂՀ ԱԳՆ նախարար Գեորգի Պետրոսյանի հարցազրույցը թուրքական NTV հեռուստաալիքի թղթակցին

Առաջին հարցն այն է, որ վերջերս թուրք հայկական հարաբերությունները զարգացում ունեցան եւ արձանագրություններ ստորագրվեցին եւ այլն: Դուք Ղարաբաղի կողմից ինչպե՞ս եք նայում այդ գործընթացին:

Ես ճիշտն ասած տեղյակ չեմ, որ այդ արձանագրություններն արդեն ստորագրվել են: Եկեք ավելի ճիշտ արտահայտվենք. նախնական պայմանավորվածության համաձայն 6 շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը վավերացման համար պետք է ներկայացվեն խորհրդարաններին:: Եթե իմ տվյալները ճիշտ չեն, կարող եք ինձ առարկել: Մենք  այդ գործընթացին բավականին ուշադիր հետեւում ենք ,որովհետեւ այն երկիրը, որտեղ մենք ենք ապրում, պարտավոր է ի վերջո նմանատիպ զարգացումներին լուրջ հետեւել, սակայն միաժամանակ ուզում եմ ասել, որ հազիվ թե մենք փորձենք որեւե հարցում միջամտել Հայաստանի քաղաքացիների եւ իշխանությունների  ցանկացած դիրքորոշում կայացնելու գործընթացին: Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք չենք միջամտել ու չենք միջամտում  Հայաստանի ներքին կյանքին, չնայած մենք հասկանում ենք, որ կան ընդհանրապես համահայկական հնչեղության խնդիրներ, որոնք որ մեզ հուզում են կապված հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հետ:

Այո, այդ արձանագրությունները ստորագրված չեն, բայց ամեն դեպքում այսօր Թուրքիայում երբ որ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների մասին` արձանագրությունների հետ կապված,շարունակ Ղարաբաղի անունն է հնչեցվում հակառակ նրան, որ Ղարաբաղը չկա այդ գործընթացների մեջ:

Մենք կուզենայինք, որ նույն վերաբերմունքն ունենային Թուրքիան եւ Թուրքիայի պաշտոնյաները, որոնք անընդհատ հնչեցնում են, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման,  զարգացումները անհնարին են:Մենք կուզենայինք, որ այս երկու խնդիրները տարանջատվեին:

Իսկ Դուք ինչպես եք մտածում` Ղարաբաղյան հիմնահարցը ինչպե՞ս կլուծվի: Մի օր Ադրբեջանի հետ խնդրի լուծման համար տեսակցություն կունենա՞ք, թե՞  միջազգային պլատֆորմում այս խնդիրը կարելի է լուծել:

Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ տարբեր հարցեր քննարկել, բայց, դժբախտաբար, Ադրբեջանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է: Գուցե, հիմնավորումներ ունի, բայց, իմ կարծիքով, Ադրբեջանը մեզ հետ անմիջական հարաբերություններից այդքան համառորեն հրաժարվելու հիմնավորում չունի;Բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հազիվ թե կարգավորումը արդյունավետ ելք ունենա:

Կարող է աշխարհում միակ օրինակն է, որ ունենք մի պետություն որ ոչ մի կողմից չի ճանաչվում, ի՞նչ են դրա դժվարությունները, երբ նայում եք դեպի ապագա, ի՞նչ եք տեսնում, ի՞նչպես պետք է հասնենք ճանաչման գործընթացին:

Միջազգային իրավունքի մեջ նույնպես շատ հստակ նշված է, որ պետության քաղաքական կացությունը կախված չէ իր այսօրվա ճանաչման կամ չճանաչման հետ. դա առաջին: Երկրորդը` մենք այս քանի տարիների ընթացքում` փաստորեն 1992 թ. ի վեր, թե մեզ, եւ թե ուրիշներին ապացուցել ենք, որ կկարողանանք կառուցել պետականություն եւ ցանկություն ունենք, եւ դա մեր ընդհանուր քաղաքականության հիմքն է հանդիսանում  նաև այսօրվա վիճակում: Ելնելով այս տեսանկյունից` վաղ թե ուշ այս խնդիրը իր լուծումն է ստանալու` կապված Լեռնային Ղարաբաղի անկախության  ճանաչման հետ: Եթե դուք նկատել եք, մենք բավականին զուսպ ենք վերաբերվում քաղաքական տարբեր անցուդարձերին, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում  եւ մեզ թույլ չենք տալիս թշնամական քայլեր հեղինակել տեղեկատվական դաշտում եւ հուսով եմ, որ այն գնահատվում է միջազգային հանրության, նաեւ մեր հակառակորդի կողմից:  Բացի այդ, առաջարկում ենք նույնկերպ վարվել հակամարտող մյուս կողմին,, նաեւ բոլոր այն երկրներին, որոնք նման իրավիճակում փորձում են շահարկել կամ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավոր բանակցային գործընթացը ծառայեցնել իրենց ազգային շահերին:

Հայտնի է, թե լուծումը գտնվում է ժամանակի մեջ:  Ժամանակը մի կատեգորիա է, որ հետդարձ չունի: Որպես Ղարաբաղի արտգործնախարար, Թուրքիային ի՞նչ եք  կարող հաղորդել, խորհուրդ տալ:

Ես դժվարանում եմ ներկա պահի դրությամբ կողմնորոշվել խորհուրդ տալու իմաստով: Սակայն, համենայն դեպս չմոռանանք, որ հայությունը եւ Թուրքիան ունեն բազմաթիվ խնդիրներ եւ բարդ հանգույցներ, որոնք ասօրվա վիճակում ազդում են մեր առօրյա կյանքի վրա: Ես կուզենայի, որ մերձեցման գործընթացը ոչ թե շահարկվի, այլ, ժողովրդների միջեւ նույնպես լուրջ բանակցություններ, շփումներ իրականացվեն, որ կարողանանք ամեն մեկս հստակեցնել, ճշգրտել մեր դիրքորոշումները , հասկանալ իրար: Այդ կնճռոտ կետերը վերաբերվում են ընդհանրապես ոչ միայն հայությանը, հայկական աշխարհին: Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ, ասեմ, որ նորագույն պատմության շրջանում էր, երբ Ղարաբաղի ժողովուրդը քաղաքական հարց բարձրացրեց: Սկսած 1988 թվականից` փաստորեն Խորհրդային Միության փլուզման նախաշեմին, մենք ստացանք շատ ծանոթ իրադարձություններ Ադրբեջանի տարածքում` կապված հայկական բնակչության հետ. անշուշտ կրքերը նորից բորբոքվեցին, վերքերը բացվեցին, եւ եթե դա նախապատրաստական քայլ չէր ցեղասպանության իրականացման, ապա դա ի՞ նչ էր: Հիմա առկա են տարբեր մեկնաբանություններ այդ հարցերի շուրջ` պաշտոնական, հումանիտար եւ այլն: Դրանք այն խնդիրներն են, որ բավականին լուրջ ազդում են մարդկային հիշողությունների, ապագա քաղաքականության եւ ապագայում նորմալ հարեւաններ լինելու հնարավորությունների վրա: Պարզ փաստ է, որ այս տարածքից ոչ մեկ չի հեռանալու: Այս տարածքում պետք է ընդհանուր եզրեր գտնել, որը որ պետք է հիմնվի թե մարդկային իրավունքների վրա եւ թե ընդհանրապես ժողովրդի իրավունքի վրա. սա է ամենակարեւորը:Եւ երկրորդ. կապված ոչ թե ընդհանուրի, այլ ասօրվա վիճակի հետ, մենք տեսնում ենք, որ Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաները շատ ուղղակի ձեւով այս երկու` Ղարաբաղի խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը փորձում են իրար կապել: Այն չի նպաստի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, որովհետեւ ակնհայտ է, որ Թուրքիան սեփական խոստումների պատանդն է, որոնք ժամանակին տվել է Ադրբեջանին եւ այսօր էլ կատարում է, եւ սա շատ ուղղակի հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում: Ուզենաս, թե չուզենաս, Թուրքիան դառնում է շահագրգիռ կողմ` հերթական անգամ պնդելով, որ առանց եւ այլը եւ այլը ոչ մի դրական արդյունքի չի հասնելու: Սա նույնպես ընկալվում է որպես ճնշման ձեւ, բայց ճնշման ձեւերը հազիվ թե դրական արդյունքներ  ապահովեն:

Շատ շնորհակալություն, իսկ ավելացնելու բան ունե՞ք :

Ներկա պահին ավելացնելու շատ բան չկա: Ասեմ, որ երեւի թե այս օրերին ապագայի սկիզբ է դրվում, երբ որ Ղարաբաղի պաշտոնյաները շուտ թե ուշ շփվելու, հարաբերվելու առիթներ կունենան ոչ միայն լրագրողների, այլեւ մյուսների հետ: Նկատի ունեմ քաղաքական գործիչներին: Այստեղ բավականին զուսպ եւ հանգիստ քաղաքական երկխոսությունն ու բանավեճը շատ ավելի արդյունավետ  կարող է լինել:Ավելացնեմ միայն այն, որ ժամանակն ունի  անշրջելիության իմաստ, եւ Թուրքիան իր փորձում էլ ունի, բայց պետք է ամեն մեկը համարձակություն ունենա սթափ ետ նայել իր անցյալին, իր պատմությանը, որպեսզի կարողանա կառուցել իր ապագան:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com