Որոնում:

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն

 

 

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն

 

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի)  պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել է արցախյան ստորաբաժանումների ջանքերով։ Տեղի ունեցածը 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է։ Ինչպես և անցյալ տարվա ապրիլին, դրան նախորդեցին ադրբեջանական կողմի սիստեմատիկ և նպատակային քայլերը՝ ուղղված լարվածության փուլ առ փուլ թեժացմանը։ 

Ս․թ փետրվարի 25-ի միջադեպը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ինչպես 1994-1995 թթ․ համաձայնագրերի, այնպես էլ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների շրջանակներում իր վրա ստանձնած պարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը։ Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլև միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ։

Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու և պատերազմի պատրաստվելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ և հասցեական գնահատականի բացակայությունն էր, որ որոշակի առումով 2016 թ․ ապրիլին ձևավորեց մի իրավիճակ՝ օգտվելով որից, Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի։

Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումը շփման գծում միայն խորացնում է անվստահությունը և հեռացնում հակամարտության վերջնական  կարգավորման հեռանկարները։ Կարծում ենք, որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից և ընդարձակել ջանքերը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեծման շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման համար։ 

 

Ստեփանակերտ

27 փետրվարի 2017

                   ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն

 

2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) կայացել է հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ  համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից  87,6 %-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության ընդունմանը։ Քվեարկության ընթացքին հետևում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ 30 երկրներից, ովքեր դրական են գնահատել հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով ընտրությունների թափանցիկությունը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

Նոր Սահմանադրությունը կոչված է շարունակելու առաջին Սահմանադրությամբ ամրագրված պետականաշինության ավանդույթները, նպաստելու երկրի ինքնիշխանության հետագա ամրապնդմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովմանը, պետական կառավարման համակարգի կատարելագործմանը, անկախ դատական իշխանության արմատավորմանը և տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխմանը։ Կարևոր նորամուծություններից է օրենսդրական նախաձեռնության իրավունքի տրամադրման միջոցով հանրապետության քաղաքացիների ուղղակի մասնակցության ընդլայնումը պետական գործերի կառավարմանը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությանը։

Փետրվարի 20-ի հանրաքվեն դարձավ կամարտահայտության հերթական ակտ Արցախի ժողովրդի համար, որն իրացնում է միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված անկապտելի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր ապագան։

Բոլոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական ճանապարհով Արցախի ժողովրդի տվյալ անկապտելի իրավունքը ճնշելու Բաքվի ձգտումը հանգեցրել է ռազմական հակամարտության և առ այսօր մնում է տարածաշրջանում լարվածության պահպանման հիմնական աղբյուրը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը։

Արցախի պետականության ժողովրդավարական զարգացումն անշրջելի գործընթաց է։ Ադրբեջանի կողմից այդ փաստի անտեսումը, որն արտահայտվում է Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ժխտման մեջ, դեպի անցյալ վերադառնալու ձախողման դատապարտված փորձ է։

Ստեփանակերտ

21 փետրվարի 2017

  ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 60 և 82 միլիմետրանոց ականանետներից արկակոծել են Թալիշ և Յարըմջա գյուղերի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը: Ականանետների նմանատիպ զանգվածային կիրառումը, որը Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլյան լայնածավալ ագրեսիայից հետո առաջին անգամ է տեղի ունենում,  դարձավ շփման գծում լարվածությունը սրելու Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող գործողությունների շարունակությունը։

Լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում ԼՂՀ սահմանագլխին Ադրբեջանի կողմից մեծաթիվ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ներգրավմամբ լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների նախապատրաստման ֆոնին։

Նման գործողությունները կոպտորեն խախտում են շփման գծում լարվածության սրման անթույլատրելիության վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և վկայում են Ադրբեջանի մտադրության մասին՝ խոչընդոտել բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։

Ավելին, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումից և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումից, այլև ձգտում է խափանել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող միակ միջազգային մեխանիզմը՝ արկակոծելով այն շրջանը, որտեղ նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է իրականացրել։

Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին և ողջ միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը և գործուն միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար։

Իր հերթին ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը։

Ստեփանակերտ 

11 նոյեմբերի 2016

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանություն

 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբրև թե օգտագործվում են ռազմական նպատակներով, չի համապատասխանում իրականությանը և հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը: Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող Ադրբեջանը, որի մասին է վկայում 1992 թ. Շուշիի Ղազանչեցոց տաճարի վերածումը զինապահեստի, կրկին փորձում է իր իսկ վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին:

Կան բազմաթիվ անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն և նպատակային կերպով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտները ոչ միայն Ադրբեջանի ամբողջ տարածքում, այլև ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջանում:

Վանդալիզմի ամենաաղաղակող ակտը Նախիջևանում Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտակայքում գտնվող հայկական միջնադարյան խաչքարերի գերեզմանատան ոչնչացումն է և 2005 թ. նույն տեղանքում հրաձգարանի կառուցումը: Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ադրբեջանական կողմը, ձգտելով խուսափել պատասխանատվությունից, առայսօր չի թույլատրում միջազգային փորձագետներին այցելել այն վայրը, որտեղ գտվում էր խաչքարերի գերեզմանատունը:

Եթե Ադրբեջանի իշխանություններն իսկապես շահագրգռված են պատմական և մշակութային հուշարձանների ուսումնասիրության առաքելությամբ, այլ ոչ թե հետապնդում են սոսկ քաղաքական կամ քարոզչական նպատակներ, ապա մենք իրավունք ունենք ակնկալելու, որ առաքելության աշխատանքները կսկսվեն այցելությամբ ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջան և Նախիջևան: 

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ԼՂՀ տարածքում գտնվող բոլոր ճարտարապետական հուշարձանները, անկախ ծագումից, ընդգրկված են ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պաշտպանության տակ:

ԼՂՀ-ն եղել և մնում է բաց միջազգային համագործակցության համար՝ մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության ու պահպանության հարցում, և նույնպիսի բաց վարքագիծ է ակնկալում նաև Ադրբեջանից:

Ստեփանակերտ

30 մայիսի 2016

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն

 

Մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական մտացածին հայտարարություններով` ս. թ. ապրիլի 2-5 մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ։

Շարունակելով միջազգային հանրությանն ապատեղեկացնելու ավանդական արշավը՝ Ադրբեջանը չի խորշում դիմել կեղծիքների և բացահայտ մեքենայությունների։ Իր քարոզչական գործողություններին կշիռ հաղորդելու նպատակովադրբեջանական կողմը փորձում է դրանց մեջ ներքաշել նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ու ռազմական կցորդներին։

Կեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումը վաղուց արդեն կանոնավոր բնույթ են ձեռք բերել և դարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մասը։ Դեռևս 1992 թ. ադրբեջանական կողմը հանդես էր գալիս քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին համանման մեղադրանքներով, որոնք այն ժամանակ հերքվեցին ՄԱԿ-ի հատուկ փաստահավաքառաքելության կողմից։ ՄԱԿ-ի փորձագետների հետևությունների ու եզրակացությունների հիման վրա, որոնք ներկայացվածեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1992 թ. հուլիսի 24-ի S/24344 թվակիր փաստաթղթում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հաստատեց, որ «խմբին չի ներկայացվել քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց» ։

Հաջորդած տարիներին ադրբեջանական կողմը հանդես է եկել նույնքան անհեթեթ և չհաստատված մեղադրանքներով՝ 1993թվականին Ադրբեջանի դեմ միջուկային զենքի կիրառման և ԼՂՀ-ում միջուկային թափոնների թաղման (ԵԽԽՎ 2002 թ. մայիսի 7-ի N 9444 փաստաթուղթ), Հայաստանն ու ԼՂՀ-ն բակտերիոլոգիական զենքի բազայի վերածման (ԵԽԽՎ 2002 թ. հունվարի31-ի N 9336 փաստաթուղթ), թմրամիջոցների աճեցման ու արտադրության և այլնի վերաբերյալ։ Ընդ որում, ադրբեջանականկողմը վկայակոչում էր գոյություն չունեցող գիտական հանդեսներ, զեկույցներ, կազմակերպություններ և լաբորատորիաներ։

Վերակենդանացնելով հին հերյուրանքները՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է արդարացնել ուժի կիրառման և 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի լիակատար ու անշեղ պահպանումից (ինչը պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները) հրաժարվելու իր քաղաքականությունը, այլև նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը ԼՂՀ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի իրագործած իրական ռազմականհանցագործություններից։

Այս կապակցությամբ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ առավելագույնս քննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմի այդօրինակ մերկապարանոց պնդումներին։

ԼՂՀ-ն իր հերթին պատրաստ է ընդունել հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և ս.թ. ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար։

Ստեփանակերտ

20 մայիսի 2016

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն

 

22 տարի առաջ՝ 1994 թ․ մայիսի 12-ին, ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ԱդրբեջանիՀանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի ևռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ․փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը,մինչ օրս մնում են միակ իրական ձեռքբերումը, որը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար և վերջնական կարգավորման  որոնմանը։  

Մինչև ս․թ․ ապրիլի 2-ը հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում էր՝ չնայած ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփմանգծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող փորձերին։ ԼՂՀ իշխանությունները բազմիցսմիջազգային հանրության ուշադրությունը հրավիրել են ադրբեջանական կողմի նպատակաուղղված  գործողություններին, ինչի արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներն ամեն անգամ դառնում էին առավել սպառնալի ինչպես բնույթով, այնպես էլ՝ ծավալներով։

Պաշտոնական Ստեփանակերտը համառորեն կոչ էր անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կանխամտածված քաղաքականությունը՝ ուղղված լարվածության սրմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի տապալմանը։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ համարժեք և հասցեական միջազգային արձագանքի բացակայության պայմաններում տարածաշրջանում պատերազմի սանձազերծման նպատակով Ադրբեջանի հետևողական և նպատակաուղղված գործողությունները կստանան անդառնալի բնույթ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ․ մայիսի 12-ի և 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ։ Միայն չափն անցած հակառակորդին արժանի հակահարված հասցրած ԼՂՀ պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ, Ադրբեջանը  ս․թ. ապրիլի 5-ին ստիպված եղավ, ինչպես և 1994 թվականին, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել ռազմական գործողությունների դադարեցում, ինչը, չնայած ադրբեջանական կողմի պարբերական խախտումներին, հիմնականում պահպանվում է։

Անգամ ապրիլի 2-5 ռազմական արկածախնդրության ձախողումից հետո, Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության ուժային լուծման գաղափարից, որի ապացույցն են Ադրբեջանի պաշտոնական անձանց հայտարարությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ավելին, Ադրբեջանը միակողմանի կարգով փորձում է չեղարկել 1994 թ․ մայիսի 12-ի հրադադարիռեժիմի համաձայնագիրը, ինչը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի տապալման և տարածաշրջանումպատերազմի սանձազերծման քաղաքականության ակնհայտ շարունակություն է։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հավատարիմ մնալով հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և գործադրելով բոլոր ջանքերը՝ հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնման համար, միևնույն ժամանակ պատրաստ է ամենայն վճռականությամբ կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայի ցանկացած փորձ։

Միայն 1994 թ․մայիսի 12-ի համաձայնագրի լիակատար կիրարկումը և ճգնաժամային իրավիճակների վաղ նախազգուշացման և կայունացման միջոցների ամբողջական  համալիր պարունակող 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրի գործնականկիրառումը կարող են անհրաժեշտ պայմաններ ստեղծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման համար։

Ստեփանակերտ

12 մայիսի 2016

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն


25 տարի առաջ՝ 1991 թ․ ապրիլի 30-ին, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված գյուղերը՝ իբրև թե անձնագրային ռեժիմի ստուգման, իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկության և դրանց հաջորդող տեղահանության նպատակով:

«Օղակ» գործողությունը շարունակություն դարձավ 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում իրագործված էթնիկ զտումների, որոնք նպատակ էին հետապնդում սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային-ազատագրական պայքարը և հայրենազրկել նրանց։ Ադրբեջանի ղեկավարությունը չէր թաքցնում, որ «Օղակ» գործողությունը դիտարկում է որպես ողջ Լեռնային Ղարաբաղի հայաթափման սկիզբ։

Տանկերի, ռազմական ուղղաթիռների և հրետանու կիրառմամբ իրականացված գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե 10 000 մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ. նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր հայտնի չէ:

25 տարի անց՝ 2016 թ. ապրիլի 2-ին, ադրբեջանական ղեկավարությունը հերթական ագրեսիան սանձնազերծեց ԼՂՀ դեմ, որը, ինչպես և 1991 թ., ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակիչների ու զինծառայողների հանդեպ իրագործված ռազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի թիրախավորված հրետակոծություններով, քաղաքացիական անձանց սպանություններով, ինչպես նաև սպանվածների մարմինների անարգմամբ ու խոշտանգումներով:

Սակայն ինչպես 1991 թ․, այնպես էլ հիմա Արցախի ժողովրդին ահաբեկելու և կոտրելու, նրա ազատության ձգտումը խեղդելու և, վերջնական արդյունքում, նրան հայրենազրկելու` ադրբեջանական իշխանությունների բոլոր փորձերն ավարտվել են լիակատար տապալմամբ:

Ադրբեջանի հանցավոր վարքագիծը միայն ամրապնդում է արցախցիների վճռականությունը՝ կերտելու ու ամրապնդելու սեփական անկախ և ազատ պետությունը՝ որպես իրենց անվտանգության ու խաղաղ գոյության գրավական: Միջազգային հանրության կողմից նշված փաստի ըմբռնումը և որպես դրա հետևանք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը թույլ կտան վերջ դնել Ադրբեջանի շարունակական փորձերին՝ ոչնչացնել Արցախն ու նրա ժողովրդին, և կապահովեն ամբողջ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը:

Ստեփանակերտ

30 ապրիլի 2016


ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն

 Սույն թվականի ապրիլի 2-5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և այն տեղափոխելու ռազմական հարթություն: Դրա մասին են վկայում 1994 թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի կողմից ձեռնարկված փորձերը: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը դիմում է արդեն ավանդական դարձած խարդախության և մեքենայությունների պրակտիկային՝ փորձելով մեղքը դնել հայկական կողմերի վրա և դրանով իսկ խուսափել պատերազմ սանձազերծելու համար պատասխանատվությունից:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թ. մայիսին 12-ին անժամկետ կնքված համաձայնագիրը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը: Հենց այս համաձայնագրի շնորհիվ է հիմք դրվել խաղաղ բանակցություններին և պայմաններ ստեղծվել հակամարտության արդարացի և վերջնական լուծմանն ուղղված միջնորդների գործունեության համար:

Կիսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետն առ այն, որ սույն համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ. փետրվարին կնքված համաձայնագիրը հիմք են հանդիսանում հրադադարի և դրա ամրապնդման համար, չափազանց կարևոր ենք համարում միջազգային հանրության և միջնորդ երկրների դիրքորոշումների կոնսոլիդացումը արդյունավետ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու հարցում՝ստիպելու Ադրբեջանին հավատարիմ լինել նշված համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։

ԼՂՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է նշված համաձայնագրերը վերանայելու ադրբեջանական իշխանությունների ցանկացածփորձ՝ այն գնահատելով որպես հերթական պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի բացահայտ մտադրություն, և անհրաժեշտ է համարում 1994 թ. մայիսին հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը։

ԼՂՀ և նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով ԼՂՀ իշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական և հնարավոր այլ միջոցներ` 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումն ապահովելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար։

 Ստեփանակերտ

26 ապրիլի 2016

 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություն

 Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։

Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը  հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար։

 Ստեփանակերտ

2 ապրիլի 2016

 

 

 ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություն

Ադրբեջանի իշխանությունները շփման գծում իրավիճակի սրման, չդադարող հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին և խոշոր տրամաչափի ականանետների և հրետանու կիրառմամբ շարունակական գնդակոծություններին զուգահեռ հիստերիկ արշավ են ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ:

Ս.թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դատապարտող  հայտարարությամբ: Հայտարարությունը, որը  պարունակում է ԼՂՀ և Հայաստանի դեմ Ադրբեջանի մերկապարանոց մեղադրանքների ավանդական   հավաքածուն, ակտիվորեն տարածվում է միջազգային կազմակերպություններում և կառույցներում: Իրենց հերթին իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական ԶԼՄ-ները մրցակցություն են սկսել՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից նմանատիպ դատապարտող մեկնաբանություններ կորզելու նպատակով:

Ադրբեջանի կողմից ԼՂՀ  ՏԻՄ ընտրությունների դատապարտումը  վկայում է ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության  խուճապային վախի մասին: Դա առանձնապես ակնհայտ է դառնում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության աստիճանական վատթարացման ֆոնի վրա, որտեղ ընտրությունները վեր են ածվել իշխանությունը ժառանգաբար փոխանցելու անվերջանալի գործընթացի, իրավապաշտպանները, լրագրողները հետապնդվում են այլախոհության համար, իսկ բնակչությունը զրկված է իր իրավունքներն ու ազատությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից: Անդառնալիորեն վերջ դնելով իր երկրում ժողովրդավարության ցանկացած պատրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությունը չի հրաժարվում մարդու իրավունքների  իր «չափանիշները» միջազգային հանրությանը, ներառյալ հարևան երկրներին, փաթաթելու փորձերից:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ, հավատարիմ մնալով ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին՝ ԼՂՀ-ում իշխանության մարմինների ձևավորումն իրականացվում է բացառապես ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների միջոցով, որոնք ԼՂՀ քաղաքական մշակույթի անբաժանելի մաս են դարձել:

Առաջիկա ընտրությունները ԼՂՀ ՏԻՄ թվով վեցերորդ ընտրություններն  են: Առաջին ՏԻՄ ընտրությունները, այդ թվում նաև Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար, կայացել են 1998 թ. սեպտեմբերի 27-ին:

Տեղական ինքնակառավարման իրականացումը, որը հնարավություն է ընձեռում քաղաքացիներին անմիջականորեն մասնակցել պետական գործերի կառավարմանը, ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի  չափանիշներին  լիովին   համապատասխանությամբ:

Հատուկ կարևորություն տալով տեղական ինքնակառավարման ինստիտուտին՝ որպես ժողովրդի իշխանության ուղղակի  և ներկայացուցչական իրականացման ձևերից մեկը և ցանկացած ժողովրդավարական կարգի հիմք, ԼՂՀ իշխանություններն այսուհետ ևս ջանքեր կգործադրեն դրա հետագա զարգացման և ամրապնդման համար: 

Ստեփանակերտ

9 սեպտեմբերի 2015

 

 ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություն

2015 թ. մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան հերթական՝ վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցեց ընտրողների ավելի քան 70%-ը: Ընտրություններն ընթացան ազատ և մրցակցային պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են երեք տասնյակ երկրներից ժամանած շուրջ 100 միջազգային դիտորդների գնահատականները:

Խորհրդարանական ընտրությունները վերահաստատեցին այն փաստը, որ յուրաքանչյուր  ժողովրդավարական համակարգի գործունեության պարտադիր տարր հանդիսացող ընտրությունները դարձել են Արցախի քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս: Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները, լինելով ԼՂՀ քաղաքական գործընթացների անբաժան մեխանիզմ, ուղղված են հանրապետության հասարակական կյանքի կազմակերպմանն ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության առաջմղման հիմքն են:

Ընտրությունները, որպես կամարտահայտություն Արցախի ժողովրդի կողմից, ում դերը սեփական ապագան որոշելու հարցում միանշանակ ընդգծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թ. ապրիլի 30-ի հայտարարության մեջ, նաև կարևոր ներդրում են տարածաշրջանում կայունության պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորման գործում:

Ստեփանակերտ

5 մայիսի 2015

 

 

 ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություն

Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։

Ադրբեջանի հանցավոր և արկածախնդիր սադրանքը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում հանդիսացավ, այլև ցուցադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ նրա բացահայտ արհամարհանքը։

Տվյալ միջադեպը կրկին մատնանշում է անհրաժեշտությունն ակտիվացնելու ջանքերը՝  ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդման անհետաձգելի միջոցների և, նախ և առաջ, դրա խախտման հետաքննության գործուն մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը, որոնք բազմիցս առաջարկվել են հայկական կողմերից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը ստացել։

Միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում։

Ստեփանակերտ

13 նոյեմբերի 2014

 


ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Շոտլանդիայի կարգավիճակի հանրաքվեի կապակցությամբ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը:

Անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ ևս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և հաստատեց այն ակնհայտ փաստը, որ  սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հենց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումն է հանգեցրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների ու Ադրբեջանից հայ բնակչության բռնատեղահանման և Ադրբեջանի կողմից ԼՂՀ հանդեպ հետագա լայնամասշտաբ  ագրեսիայի, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական:

Արցախի ժողովրդի կամարտահայտության միջազգային ճանաչումը, որն իրականացվել է 1991 թ. և հաստատվել 2006 թ., կապահովի խաղաղ գործընթացի անդառնալիությունն ու հնարավորություն կտա կենտրոնացնել ջանքերը ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա:

Ստեփանակերտ

Սեպտեմբերի 19, 2014 թ.

 

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ

 

Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը հանդիսացող սույն համաձայնագիրը վերջ դրեց լայնածավալ ռազմական գործողություններին՝ դրանով իսկ հիմք դնելով խաղաղ բանակցությունների համար և հակամարտության արդար ու վերջնական լուծման ուղղությամբ պայմաններ ստեղծելով միջնորդների գործունեության համար։ 
 
Միևնույն ժամանակ, ստիպված ենք արձանագրել, որ չնայած միջնորդների բոլոր ջանքերին և հետևողական աշխատանքին՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու փոխընդունելի լուծման մշակմանը, դեռևս չի հաջողվել հրադադարը փոխակերպել վերջնական և կայուն խաղաղության։ 
 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, որոնք հղի են լարվածության լուրջ խորացմամբ և խաթարում են համանախագահների ջանքերը՝ ուղղված խաղաղ կարգավորմանը։ Միայն 2014 թվականի սկզբից արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման շուրջ յոթ հազար դեպք։ Հակամարտության ռազմական փուլին վերջ դրած հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց դեռևս զոհվում են զինծառայողներ և խաղաղ բնակիչներ։ Մեր խորին համոզմամբ նման գործողությունները պայմանավորված չեն ռազմական անհրաժեշտությամբ և, ըստ էության, կանխամտածված սպանություն և ոչնչով չարդարացված ահաբեկչական գործողություններ են։ 
 
Շփման գծում մշտապես տեղի ունեցող սադրանքները և նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի անդադար սպառնալիքները լոկ բարդացնում են հակամարտության կարգավորման գործընթացը և հեռացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները: Մենք խորապես համոզված ենք, որ միայն ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության լիովին բացառումը կարող է օգնել դուրս գալ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և ամուր հիմք կծառայի կայուն և վերջնական խաղաղության հաստատման համար։ 
 
Ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վստահության և անվտանգության ամրապնդման կարևորությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման և նոր ռազմական լարվածության բացառման համար, ղարաբաղյան կողմը բազմիցս հանդես է եկել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացման և կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով։ 
 
Մասնավորապես, 2001 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին են փոխանցել վստահության ամրապնդման միջոցների փաթեթ, որը ներառում է հակամարտության կողմերի միջև համագործակցություն բոլոր՝ այդ թվում ռազմական անվտանգության ուղղություններով։ Միջոցների շարքում առաջարկվել էր կողմերի բարձրագույն իշխանությունների մակարդակով հաստատել հրադադարի գործող ռեժիմը պահպանելու և հակամարտությունը ԵԱՀԿ հովանու ներքո բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հավատարմությունը, ինչպես նաև կողմերի և/կամ նրանց օպերատիվ շտաբերի միջև ուղիղ հաղորդակցման կապի ստեղծումը, այդ թվում տեղական մակարդակով։ 
 
2004 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկում սահմանել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման միջոցով։ 
 
2006 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է եկել ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված և 1995 թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտած համաձայնագրում ամրագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման պարտավորությունները երեք կողմերից փոխադարձաբար հաստատելու վերաբերյալ առաջարկով: 
 
2012 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է որպես առաջին քայլ կրոնական տոների ընթացքում (ինչպիսինն է Զատիկը և Նովրուզը) շփման գծից հետ քաշել դիպուկահարներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից։ 
 
Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ միջնորդների աջակցությանը և միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել ադրբեջանական կողմից: 
 
Այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հավատարիմ մնալով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության բանակցությունների միջոցով բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, վերահաստատում է իր առաջարկները վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների փաթեթն ուսումնասիրելու վերաբերյալ: 
 
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-ամյակը լավ հնարավորություն է ընձեռում կողմերին վերահաստատել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նկատմամբ իրենց հավատարմությունը և կրկին ներկայացնել խաղաղ գործընթացի անշրջելիության ու վերջնական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ առաջարկություններ և նախաձեռնություններ: 
 
Ստեփանակերտ
12 մայիսի, 2014 թ․ 
 
 

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարության առնչությամբ

 

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության:


Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար:

Ստեփանակերտ

8 մայիսի, 2014


 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը «Artsakhpress.am»-ին

 Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ նրան այդ պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը։   

Պատասխան․
 Այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։ Ադրբեջանի նման կեցվածքը վկայում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ նրա շահագրգռվածության բացակայության մասին։

Ստեփանակերտ

2 մայիսի, 2014

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը «Аrtsakhpress.am»-ին Մարաղայի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածն է։ 1992 թ. ապրիլի 10-ին տևական հրետանային գնդակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գյուղը և դաժան հաշվեհարդար տեսել նրա անպաշտպան բնակչության նկատմամբ։ 

Գյուղի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչությանը: Ըստ տարբեր տվյալների, այդ թվում Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների` Մարաղայում սպանվել է 53 – 100 մարդ և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել և հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչները ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել:

Մարաղայում իրականացված  հրեշավոր հանցագործությունը  հերթական դրվագ դարձավ Հյուսիսային Արցախում, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի և տեղահանությունների շարքում:    

Ցավով նշում ենք, որ Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչության ջարդերի և էթնիկ զտումների նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը և  ոճրագործների անպատժելիությունը հիմք դարձան այսօրվա Ադրբեջանում հայերի և ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության պաշտամունքի, այլատյացության, անհանդուրժողականության և ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար: 

Հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու համար Մարաղայի կոտորածը, ինչպես նաև հայատյացության այլ դրսևորումները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները ստանան արժանի պատիժ։

Ստեփանակերտ

11 ապրիլի, 2014

 

 

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

 Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում: 

Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը , որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է: 

Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է: 

ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում՝ բացառապես խաղաղ ճանապարհով։ 

 Ստեփանակերտ

17 մարտի, 2014

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության հարցին

 

Հարց

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը առ այն, թե  ս․թ․ հունվարի 23-ին ԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում պլանային դիտարկումն իրականացնելուց անմիջապես հետո «հայերը գնդակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումները և դիտարկման մասնակիցներին»: 

Պատասխան

ԼՂՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը:  ԵԱՀԿ դիտարկում անցել է առանց միջադեպերի՝ բացառությամբ այն բանի, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը իր առաջնագիծ դուրս չի բերել:

 Ստեփանակերտ

23 հունվարի, 2014

 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություն

 

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը միաժամանակ դիվերսիայի երկու փորձ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով։

Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախաշեմին, վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին և լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ջանքերին՝ ուղղված ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական կոպիտ խախտումը,  որը հանգեցրել է արյունահեղության, պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համապատասխան գնահատականի և վճռական դատապարտման։

Ստեփանակերտ

20 հունվարի, 2014

 

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման վերաբերյալ

 

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ Կարծում ենք, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը և կծառայի նրա անշրջելիության ապահովմանը։ 

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և  բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ, վերականգման պայմանով։

Ստեփանակերտ

20 նոյեմբերի, 2013

 

 

 ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություն

 Ադրբեջանը, որի ձգտումը տապալել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը գնալով ավելի ակնհայտ է դառնում, սկսել է օգտագործել նոր քարոզչական հնարք:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի 2013 թ. հուլիսի 19-ի նամակը (տարածվել է ՄԱԿ-ում ս.թ. օգոստոսի 13-ին А/67/952-S/2013/478 գրությամբ) Արդբեջանի այդպիսի քաղաքականության ակնհայտ դրսևորումն է:

Այս անգամ Ադրբեջանը փորձում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող սիրիական ճգնաժամը, մասնավորապես, սիրիահայերի ճակատագիրը, որոնք՝ ի թիվս Սիրիան լքող փախստականների, ստիպված են ապաստան փնտրել աշխարհի տարբեր մասերում:

Տարված լինելով հակամարտության էությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությունն ապակողմնորոշելու իր մոլուցքով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը չի վարանում նույնիսկ դիմել ակնհայտ կեղծիքների ու ապատեղեկատվության: Մասնավորապես, բավական է նշել, որ նամակին կից ՄԱԿ-ի քարտուղարությանը փոխանցված այսպես կոչված «վերաբնակեցված անձանց» ցուցակում նշված անձանցից որևէ մեկը երբեք չի եղել և ներկայումս էլ չի գտնվում ԼՂՀ տարածքում:

Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրում և ընտրովի է մեկնաբանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը վերաբերող փաստերը՝ պնդելով, որ  Լեռնային Ղարաբաղում երկու անգամ այցելած Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելություներն իբր թե գրանցել են «միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների բազմաթիվ խախտումներ»:

Մինչդեռ հայտնի է, որ այդ առաքելությունները, որոնք իրականացվել են ԼՂՀ իշխանությունների համաձայնությամբ ու օժանդակությամբ, իրենց զեկույցներում ժխտել են  վերաբնակեցման ծրագրերի իրականացման վերաբերյալ Ադրբեջանի պնդումները: Տեղին է հիշեցնել, որ Ադրբեջանը հրաժարվել է և մինչև օրս թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության մուտքն իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որտեղ կազմակերպված կերպով իրականացվում են հայկական բնակավայրերի ադրբեջանցիներով բնակեցման լայնածավալ ծրագրեր:        

Հատկապես տագնապալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ ձեռք բերած երկրի արտաքին գործերի նախարարը նամակում հանդես է գալիս ուղղակի սպառնալիքներով:         

ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՄԱԿ անդամ երկրներին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ՄԱԿ-ի բարձր ամբիոնը որպես քարոզչական մեքենայությունների հարթակ օգտագործելու Ադրբեջանի փորձերը և օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտության համապարփակ և տևական լուծում գտնելուն: 

Ստեփանակերտ, 30 օգոստոսի, 2013 թ.  

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ «Օղակ» ռազմական գործողության 22-րդ տարելիցի կապակցությամբ

29.04.2013

«Օղակ» ռազմական գործողությունը, որը 1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլև՝ հետևանքներով։

Ադրբեջանական իշխանությունների և ԽՍՀՄ որոշ ղեկավարների հանցավոր  համաձայնությամբ իրականացված «Օղակ» գործողության արդյունքում հայաթափվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների երկու տասնյակից ավելի գյուղեր։ Այն դադարեցվեց միայն մեկ ամիս անց՝ մայիսին, ԽՍՀՄ ներսում և նրա սահմաններից դուրս ստացած լայն արձագանքի և դատապարտման շնորհիվ։

Սակայն, պատերազմի թափանիվն արդեն գործի էր դրվել։ Գործողությունը, որն առանձնանում էր դաժանությամբ և մարդու իրավունքների  զանգվածային  խախտումներով, կտրուկ բարձրացրեց տարածաշրջանում լարվածության մակարդակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ սկիզբ դնելով ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։

Այնուհանդերձ Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին՝ ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ճնշել նրա ինքնորոշման օրինական ձգտումը։ Ավելին, «Օղակ» գործողությունը ամրապնդեց Արցախի ժողովրդի վճռականությունը պայքարել իր իրավունքների և ազատությունների համար։

ԼՂՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մարաղայի կոտորածի 21-րդ տարելիցի կապակցությամբ

10.04.2013

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է  խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով:

Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից: Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն են, քանի որ գյուղի վրա հարձակումը պայմանավորված չի եղել ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչությունը:

Այդ օրը տևական հրետանային գնդակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գյուղը և դաժան հաշվեհարդար տեսել նրա անպաշտպան բնակչության նկատմամբ, ինչը հետագայում հաստատվել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես, Human Rights Watch և Amnesty International կազմակերպությունների կողմից: Ըստ տարբեր տվյալների՝ Մարաղայում սպանվել է 53 – 100 մարդ և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել և հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչները ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել:

Մարաղայում իրականացված  հրեշավոր հանցագործությունը  հերթական դրվագ դարձավ Հյուսիսային Արցախում, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի և տեղահանությունների շարքում, որոնք նպատակ էին հետապնդում ահաբեկել մարդկանց և զրկել հայրենի հողում ապրելու հնարավորությունից:         

Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչության ջարդերի և էթնիկ զտումների նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունն էր, որ ուղի հարթեց Մարաղա գյուղում ադրբեջանական բանակի կողմից ռազմական հանցագործության իրականացման համար:         

Այդ հանցագործությունների անպատժելիությունը բարենպաստ հող է ստեղծել Ադրբեջանում հայերի և ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության արմատավորման, այլատյացության, անհանդուրժողականության և ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար:         

Այդ արատավոր շրջանակը ճեղքելու և հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու նպատակով Մարաղայի կոտորածը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները՝ պատժվեն:

 

ԼՂՀ ԱԳՆ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի առթիվ                                       

27.02.2013

1988 թվականի փետրվարի 27-29 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ իշխանությունների թողտվության և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում մարդկանց սպանում էին, բռնաբարում և խեղում լոկ այն պատճառով, որ նրանք հայեր էին: Սումգայիթում տասնյակ սպանվածները, հարյուրավոր խեղվածներն ու հազարավոր վտարված հայերը դարձան առաջին զոհերն Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայերի, ովքեր դրանից մեկ շաբաթ առաջ պաշտոնապես հայտարարել էին ինքնորոշման իրենց իրավունքն իրականացնելու մտադրության մասին: Չնայած այդ պահանջներն իրենց բնույթով խաղաղ և օրինական էին, Ադրբեջանն ի սկզբանե հրաժարվեց երկխոսությունից, փոխարենը դիմելով սպառնալիքների և ահաբեկման լեզվին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման բռնաճնշումներին:        

Ցավոք, առ այսօր սումգայիթյան ջարդերը չեն արժանացել միջազգային հանրության համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականին: Ավելին, սումգայիթյան կոտորածի մասին ճշմարտության չբարձրաձայնումը, դրա իրական պատճառների պարտակումը և իսկական կազմակերպիչների անպատժելիությունը  ճանապարհ բացեցին Ադրբեջանի ամբողջ տարածքով մեկ էթնիկ զտումներ իրականացնելու համար, որոնք իրենց գագաթնակետին հասան 1990 թ. հունվարին Բաքվում հայերի արյունահեղ կոտորածի և բռնատեղահանման ժամանակ, իսկ հետագայում էլ հանգեցրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ ուղղված լայնածավալ ռազմական ագրեսիայի:         

Սումգայիթի ողբերգական իրադարձությունները պարարտ հող ստեղծեցին և նպաստեցին հայերի և ամեն հայկականի նկատմամբ կույր ատելության հետագա սաստկացմանը, ինչը հետևողականորեն և հաջողությամբ սերմանվում է Ադրբեջանում և նրա հասարակության մեջ:        

Այսօր Ադրբեջանում, չնայած միջազգային հանրության` իր բնակչությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու կոչերին, քարոզվում են այլատյացություն, անհանդուրժողականություն և ռազմամոլություն: Ցանկացած ոք, ով հանդես է գալիս հայերի հետ ինչ-ինչ հարաբերություններ հաստատելու օգտին,  ահաբեկվում է և դաժան հաշվեհարդարի ենթարկվում իշխանությունների կողմից: Միևնույն ժամանակ ադրբեջանցի սպան, ով Հունգարիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել իր հայ համակուրսեցուն սումգայիթյան ջարդարարների ձեռագրին համաձայն դաժանորեն սպանելու պատճառով, փառաբանվում է որպես ազգային հերոս և օրինակ երիտասարդ սերնդի համար:          

25 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին և համաշխարհային հանրությանը կոչ ենք անում իր կտրուկ դիրքորոշումն արտահայտել մարդկության դեմ կատարված այդ հանցագործության նկատմամբ: Զանգվածային սպանությունների և ջարդերի հստակ ու միանշանակ գնահատականը, դրանց ետևում կանգնած ուժերի դատապարտումը թույլ կտան ոչ միայն կանխել նման հանցագործությունների կրկնությունը, այլ նաև կնպաստեն ադրբեջանական հասարակության բարոյական ապաքինմանը: 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2012-07-24 10:32

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /Արցախի Հանրապետություն/ տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,4 տոկոսը: Ընտրություններին հետևում էին ինչպես միջազգային դիտորդներ` 22 երկրներից, այնպես էլ քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչներ: Ըստ միջազգային դիտորդների նախնական գնահատականների` ընտրությունները անց են կացվել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և մի քանի թեկնածուների մասնակցությամբ` ապահովելով հանրապետության քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը:

ԼՂՀ ընտրությունների մակարդակը համեմատելի է առաջադեմ ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի հետ, ինչը վկայում է ինքնիշխան և անկախ պետականության կառուցման անշրջելիության, ազատության, ժողովրդավարության իդեալներին մեր ժողովրդի նվիրվածության և խաղաղության ստեղծման մասին: Կայացած ընտրությունները կրկին անգամ ապացուցեցին 1991 թ. անկախության մասին հանրաքվեի ժամանակ ճիշտ ընտրված ուղու մասին: Յուրաքանչյուր ընտրությամբ ԼՂՀ ժողովուրդը այդ ուղին շարունակելու ամուր կամք է արտահայտում և ԼՂՀ-ն անցյալ վերադարձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

Այս առումով անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ընտրություններին մասնակցությունը և իշխանության մարմինների ձևավորումը ազնիվ և արդար ընտրությունների միջոցով հանդիսանում է միջազգային իրավունքում ամրագրված հիմնարար իրավունքներից մեկը, իսկ դրանց անտեսումը և չճանաչումը հանդիսանում է միջազագային իրավունքի կոպիտ խախտում:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ԼՂՀ-ում կայացած ընտրությունների խանգարելուն ուղղված շահարկումները անհիմն են և քարոզչական նպատակ են հետապնդում: Հակամարտության կարգավորման մեջ որոշիչ է հանդիսանում ԼՂՀ ժողովրդի կամքը, որն ամբողջովին ճանաչվում է միջազգային հանրության և միջնորդների կողմից:

Ժողովրդական իշխանության զարգացումը հանդիսանում է ԼՂՀ պետականաշինության հիմքը և համապատասխանում է միջազագային հանրության քաղաքակիրթ շահերին: Այսպիսով, անցած ԼՂՀ նախագահական ընրությունների նկատմամբ վերաբերմունքը չի կարող պայմանավորվել որոշ քաղաքական շրջանակների սուբյեկտիվ կարծիքներով` հարմարվողականություն արտահայտելով պաշտոնական Բաքվի քմահաճույքների նկատմամբ:

Ստեփանակերտ, հուլիսի 20, 2012 21.06. 2012

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Մենք միշտ դրական ենք վերաբերվել նման նախաձեռնություններին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները և հերթական անգամ հավաստում ենք մեր պատրաստակամությունը հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կոչերին և հանձնարարականներին:

Դրա հետ մեկտեղ ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը շարունակում է մեկնաբանել միջնորդների հայտարարությունները իր համար նպաստավոր ձևով, առաջադրել նախապայմաններ` դրանով իսկ տորպեդահարելով նշված նախաձեռնությունները: Ադրբեջանը շարունակում է բոյկոտել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված առանցքային գործողությունների իրականացումը, ինչպիսիք են` սահմանային պատահարների հետաքննության մեխանիզմների մշակումը, շփման գծից դիպուկահարների հեռացումը և այլն:

Ցավոք, պաշտոնական Բաքուն առ այսօր չի հրաժարվում հակամարտության լուծման` ի սկզբանե որդեգրած ուժային մեթոդից: Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ադրբեջանը, որի պարտականությունների մեջ է մտնում տարածաշրջանում անվտանգության համար պայքարելը, հրաժարվում է հիմնախնդրի լուծման քաղաքակիրթ միջոցներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնում, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կդրսևորեն կառուցողականություն և կհրաժարվեն զինյալ-ուժային շանտաժի և դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից, որոնք սպառնում են տարածաշրջանի փխրուն անվտանգությանն ու կայունությանը:

Մենք վստահ ենք, որ միայն քաղաքական երկխոսության հունով, ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցությամբ է հնարավոր հասնել առաջընթացի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

քաղ.Ստեփանակերտ 21.06. 2012

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 8.15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ խախտումների արդյունքում, սպանվել է ԼՂՀ ՊԲ` զինվորական ծառայության զորակոչված զինծառայող 1993 թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:

Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ մարտահրավեր է ԵԱՀԿ –ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, այն նախկինում ընդունված պարտավորությունների և պայմանավորվածությունների բոյկոտ է, Փարիզում նախատեսվող` Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը խափանելու փորձ: Տվյալ հարցի շուրջ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտան ուղարկվել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակ:

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները և հայտարարում ենք, որ լարվածության հետագա սաստկացման պատասխանատվությունն ընկած է ադրբեջանական կողմի վրա:

Կարծում ենք, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը /ԵԱՀԿ/ պետք է Ադրբեջանի անհասցե հայտարարություններից անցնի խիստ գնահատականների և պատժամիջոցների` զինյալ-ուժային քաղաքականության, խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու, թշնամանք հրահրելու և տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կրկին հավաստում է իր դիրքորոշումը` մնալ հավատարիմ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը և լինել պատրաստակամ կատարելու կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման` կողմերի գործող պարտավորությունները, որոնք ամրագրվել են ԼՂՀ, ՀՀ և ԱՀ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված` 1995 թ. փետրվարի 5-ի համաձայնագրում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը վստահություն է հայտնում, որ միջազգային հանրությունը կոչ է անելու Ադրբեջանի ղեկավարությանը հրաժարվել շանտաժի, սպառնալիքների և դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից և վերադառնալ կառուցողական երկխոսության` տարածաշրջանում տևական խաղաղության և հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար:

քաղ.Ստեփանակերտ 18.06. 2012

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com