Որոնում:

Հանրաքվե

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1991թ. դեկտեմբերի 10-ից ԼՂՀ-ում էին գտնվում մի խումբ անկախ դիտորդներ` ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվեի ընթացքին հետևելու նպատակով:

Դիտորդական խմբերը աշխատել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջաններում: Դիտորդները այցելել են ավելի քան 30 ընտրական տեղամասեր, ներկա գտնվել ձայների հաշվմանը:

Անկախ դիտորդները հավաստում են.

Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումը իրականացվել են <<ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգին>> համապատասխան: ԼՂՀ տարածքում կազմվել է 81 ընտրատարածք: Ընտրատարածքների ցուցակը և տարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները հրապարակվել են <<Խորհրդային Ղարաբաղ>> թերթում: Ընտրողների ցուցակներում ընդգրկված էին ձայնի իրավունք ունեցող 132.328 մարդ:

Հանրաքվեի հարցը ձևակերպվել է հետևյալ կերպ. <<Համաձա՞յն եք արդյոք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ով ինքնուրույն կորոշի համագործակցության ձևերըը այլ պետությունների և միությունների հետ>>:

Երեք` հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով քվեաթերթիկները պարունակում են նշված հարցը և <<այո>>, <<ոչ>> բառերը /անցանկալին ջնջել/: Նշված լեզուներից մեկով գրված քվեաթերթիկը /ըստ ընտրողի ցանկության/ տրվել է անձնագրի ներկայացմամբ և ստորագրությամբ:

Դիտորդների կողմից չեն հայտնաբերվել քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման խախտումներ:

Դիտորդները անհրաժեշտ են համարում նշել, որ հանրաքվեն անց է կացվել ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի պայմաններում, ինչն արտահայտվում է Ստեփանակերտ քաղաքի և մյուս բնակավայրերի անդադար հրետակոծություններով, տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներն ու հրետանին: Քվեարկության օրը հրետակոծումներից զոհվել է 10, վիրավորվել` 11 հայ: Ստեփանակերտ քաղաքի կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում է նկուղներում, փակ են մսուր-մանկապարտեզները, դպրոցները: Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրետանային արկ է ընկել Ստեփանակերտի դպրոցներից մեկի վրա: Պայթեցված է քաղաքային ջրատարը, չկա հաց, դեղորայք:

Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների թվի 82,2 տոկոսը: Քվեարկությանը չմասնակցածների գերակշիռ մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներ են:

Քվեատուփերը բացելով` դրանցում հայտնաբերվել են 108.736 քվեաթերթիկներ, 95 քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել:

Քվեարկության արդյունքները.

<<Այո>> - 108.615 /քվեարկության մասնկիցների թվի 99,89 տոկոսը/,

<<Ոչ>> - 24 /քվեարկության մասնակիցների թվի 0,02 տոկոսը/:

<<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման ժամանակավոր կանոնակարգի>> համաձայն, հանրաքվեի առաջադրած որոշումը համարվում է ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել է քվեացուցակներում նշված անձանց կեսից ավելին, հանրաքվեի արդյունքներով որոշմանը հավանություն են տվել քվեարկության մասնակիցների առնվազն 2/3-ը: Ելնելով քվեարկության արդյունքներից և նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային ակտերի դրույթները, անկախ դիտորդները հայտարարում են.

ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ  

  1. Աֆանասև Յուրի Նիկոլայի` ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր
  2. Սմիռնով Վլադիմիր Սերգեյի` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր
  3. Նազարով Բորիս Լազարի` Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոնի նախագահ
  4. Պրոշեչկին Եվգենի Վիկտորի` <<Ժողովրդավարական Ռուսաստան>>
  5. Վոեվոդսկի Կոնստանտին Էմանուիլի` ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես, Սանկտ-Պետերբուրգի իրավապաշտպան կենտրոն
  6. Պոլյակովա Էլլա Միխայիլի` <<Մեմորիալ>>, <<Զինվորի մայրերի շարժում>>, Սանկտ-Պետերբուրգ
  7. Բուրկովա Ինեսա Եմելյանի` Ռուս մտավորականության <<Ղարաբաղ՚>> կոմիտե /ՙԿՐԻԿ/ Մոսկվա
  8. Սինյավսկայա Գալինա Պյոտրի` <<Ընդդեմ բռնության շարժում>>, Մոսկվա
  9. Լունինա Ելենա Վլադիմիրի` Զինծառայողների ծնողների մոսկովյան կոմիտե
  10. Ալեքսեևսկի Կիրիլ Միխայիլի` ԽՍՀՄ ԳԱ ընտրողների ակումբ, Մոսկվա
  11. Կուլիկովա Գալինա Պավելի` Ռուսական մշակույթի ընկերություն, Երեւան
  12. Սամոդուրով Յուրի Վլադիմիրի` Սախարովի միջազգային կոնգրես
  13. Սուպրունենկո Օլգա Իգորի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր
  14. Շալիգին Գենադի Ֆյոդորի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր
  15. Տիտով Վյաչեսլավ Կոնստանտինի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր
  16. Թավրիզով Ալեքսեյ Գրիգորիի` <<Մեմորիալ>>
  17. Ֆյոդորով Վլադիմիր Վլադիմիրի` Հակաֆաշիստական կենտրոն, Մոսկվա
  18. Կալինկին Նիկոլայ Իվանի` <<Մեմորիալ>>
  19. Դաշկեվիչ Վլադիմիր Սերգեյի` Ռուս մտավորականության <<Ղարաբաղ>> կոմիտե /ԿՐԻԿ/
  20. Բաբուշկին Անդրեյ Վլադիմիրի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր
  21. Գորբան Վիկտոր Վասիլիի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր
  22. Դանիլով Վիտալի Ալեքսեյի` ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես
  23. Կիչմար Նիկոլայ Իվանի` ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես, Ուկրաինայի ժողովրդական ՌՈՒԽ/շարժում/, Սևաստոպոլ

ԱՄՆ, Բուլղարիայի և Ռուսաստանի հեռուստատեսությունների, Ֆրանս-պրես, Կոտիդիեն դե Պարի /Ֆրանսիա/, Մեծ Բրիտանիայի ֆոտոգործակալության, Իսպանիայի տեղեկատվական գործակալության, Մեգապոլիս էքսպրեսի, Իզվեստիայի, Մոսկովսկիե նովոստիի, Լիտերատուրնայա գազետայի, Ստոլիցայի, Պանորամայի, Ռադիո Ռոսիայի, Էխո Մոսկվայի լրագրողների ներկայությամբ:

10 դեկտեմբերի 1991թ

ք.Ստեփանակերտ

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com