03.05.2013
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել «Эхо Москвы» ռադիոկայանին, որը հեռարձակվել է ս.թ. մարտի 4-ին: Նա պատասխանել է լրագրող Եվգենի Բունտմանի մի շարք հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին և արտաքին քաղաքականության հարցերում ԼՂՀ դիրքորոշմանը:
«Ցավոք, բանակցային գործընթացում մենք չենք կարող արձանագրել այնպիսի առաջընթաց, որ կցանկանայինք տեսնել...Եվ կարծում ենք, առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես լիարժեք կողմ, ներգրավված չէ բանակցային գործընթացում»,- մասնավորապես, ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին, ընդ որում այդ գործընթացի բոլոր փուլերին, հնարավորություն կտա իրական առաջընթաց ապահովել և հասնել վերջնական նպատակին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորմանը:
Կարեն Միրզոյանը նկատել է, որ կա ընդհանուր ըմբռնում այն բանի շուրջ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը պետք է անկյունաքարային դերակատարություն ունենա: «Այդ կամքը անպայման պետք է հաշվի առնվի»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:
Պատասխանելով ԼՂՀ ճանաչման հնարավորությունների վերաբերյալ հարցին՝ Կարեն Միրզոյանն ասել է. «Ես վստահ եմ, որ վաղ, թե ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդառնա միջազգային հանրության լիարժեք անդամ»: Ընդսմին նա ընդգծել է, որ ԼՂՀ ճանաչումը թույլ կտա ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման համար:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման հայեցակարգին՝ ԼՂՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի համար անընդունելի է, երբ հակամարտության կարգավորման առանձին տարրեր հանվում են ընդհանուր համատեքստից և դիտարկվում միանգամայն այլ՝ բանակցային գործընթացի ընդհանուր ուղղությունից տարբերվող տեսանկյունից:
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է նույնը. բանակցային գործընթացը, բանակցային սեղանին դրված բոլոր հարցերն անբաժանելի են իրարից, դրանք պետք է քննարկվեն և դրանց պետք է լուծումներ տրվեն միաժամանակ»,- ընգծել է Կարեն Միրզոյանը:
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝
www.echo.msk.ru/guests/807252-echo/
REGNUM լրատվական գործակալության հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ:
REGNUM. Պրն. Աթաջանյան, չնայած միջազգային սկզբունքներն ունեն բացարձակ հավասարազոր նշանակություն, Ադրբեջանի դեպքում տարբեր մակարդակի քաղաքագետներ ոչ հազվադեպ նշում են պետության տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը Լեռնային Ղարաբաղը փաստորեն իրականացրել է, հիշատակվում է լոկ միջազգային իրավունքի այլ հիմնարար սկզբունքների և նորմերի թվում: Որքանո՞վ է դա արտացոլում իրականությունը:
- Հենց սկզբից ուզում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը գտնվում են իրավական տարբեր հարթություններում: ԼՂՀ անկախությունը ոչ մի կերպ չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ամենից առաջ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ադրբեջանական անկախ պետության մի մասը, և միայն խորհրդային շրջանում է, որ այդ հայկական երկրամասը բնակչության կամքին հակառակ բռնակցվել է Ադր.ԽՍՀ-ին:
ԼՂՀ կազմավորման միջազգային-իրավական հիմքերն անբասիր են: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում, միջազգային իրավունքին և ԽՍՀՄ այդ ժամանակների օրենսդրությանը լիովին համապատասխան կազմավորվել են երկու անկախ պետություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղը հաստատակամ և վճռական արտահայտվել է իր ապագայի վերաբերյալ, և 1991թ. հանրաքվեի արդյունքում ժողովրդի կողմից կայացված և 2006թ. սահմանադրության ընդունմամբ ամրագրված` անկախության մասին որոշումից բացի ցանկացած այլ որոշում` անհնար է: Մեզ համար անընդունելի է կարգավորման ցանկացած մոդել, որը կարող է հարցականի տակ դնել մեր ժողովրդի պատմական ընտրությունը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ բազմիցս ընդգծել է, որ Արցախի անկախությունը և նրա ժողովրդի անվտանգությունը ենթակա չեն շահարկման:
Անհրաժեշտ է նաև նշել, որ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ իշխում են միջնադարյան սուլթանությունը և իշխանությունը հորից որդուն փոխանցելու կլանային ձևը, ԼՂՀ-ն իր կազմավորման պահից որդեգրել է ժողովրդավարական այնպիսի պետության կառուցմանը միտված ուղեգիծ, որտեղ ապահովված լինեն իր քաղաքացիների բոլոր իրավունքներն ու ազատությունները: ԼՂՀ ղեկավարությունը նպատակադրված է շարունակել հանրապետության, նրա ժողովրդավարական ինստիտուտների համակողմանի զարգացման հետևողական ուղեգիծը և բազմիցս հայտնել է, որ պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն հաստատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Ուրախալի է, որ ժամանակի ընթացքում համաշխարհային հանրությունը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ավելի ու ավելի են հակվում դեպի ԼՂՀ ինքնուրույն գոյության փաստի ճանաչումը: Արցախի ժողովուրդն ապացուցել է իր իրավունքը` ունենալ ինքնիշխան պետություն, որն էլ դրսևորել է պատասխանատվություն ստանձնելու, միջազգային պարտավորություններ կատարելու, ընդսմին` միակողմանի կարգով, իր ունակությունը: ԼՂՀ միջազգային ճանաչմամբ` ամրագրված կլինեն առկա իրողությունները:
REGNUM. Այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն, ուռճացնելով ՙ20 տոկոս բռնազավթված տարածքների՚ և ՙ1 միլիոն փախստականների՚ թեման, տարբերություն չի տեսնում բուն Լեռնային Ղարաբաղի և ՙբռնազավթված՚ տարածքների միջև: Այդօրինակ մոտեցումը ինչպե՞ս է անդրադառնում բանակցային գործընթացի վրա:
- Բաքվի այդ արատավոր քաղաքականությունը փաստորեն բանակցային գործընթացը կանգնեցրել է փակուղու առաջ: Ադրբեջանական կողմը պետք է իր մեջ ուժ գտնի հրաժարվելու այնպիսի տեխնոլոգիաներից ու կարծրատիպերից, որոնք աղավաղում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը, քանի որ իրավիճակը քարոզչական նպատակներով օգտագործելը ծայրաստիճան անթույլատրելի է և վտանգավոր:
Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ ՙվերադարձնելու՚ մասին խոսակցություններն անհեթեթ են: Իրեն հարգող քաղաքական գործիչը կամ քաղաքագետը չի կարող ենթադրել, որ այն դեպքում, երբ փաստորեն բոլոր հետխորհրդային պետությունները ձգտում են դեպի ժողովրդավարական Եվրոպայի կողմը, Լեռնային Ղարաբաղը պետք է ձգտի դեպի Ադրբեջան, որը մերժում է առկա իրողությունները, իր երկրում կոպտորեն խախտում ազգային փոքրամասնությունների իրավունքները և առհասարակ, մարդու տարրական իրավունքները, այդ ամենից բացի էլ հնչեցնում ԼՂՀ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքներ:
Պաշտոնական Բաքվի կողմից գրավյալ տարածքների հիմնախնդիրը միջազգային հանրությանը մատուցվում է իբրև հայկական ագրեսիայի հետևանք, մինչդեռ այն հանդիսանում է ուղղակի հետևանքը հենց Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի, որն ուղղված է ազատության իր իրավունքի մասին հայտարարած ազգային-պետական կազմավորման դեմ:
Ադրբեջանական իշխանությունների հանրահայտ քարոզչական պիտակներից մեկն էլ դրանք են` ՙ20 տոկոս բռնազավթված տարածքներըՙ և ՙ1 միլիոն փախստականները՚: Իրականում պատկերը այսպիսին է. ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից գրավյալ տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 7059 քառ.կմ այն դեպքում, երբ 1991թ. սահմաններում Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր տարածքը հավասար է 81100 քառ.կմ: Պարզ թվաբանական գործողությունը ցույց է տալիս, որ ԼՂՀ հարակից յոթ շրջանների մակերեսը կազմում է նշված տարածքի ընդամենը 8,7 տոկոսը: Եվ հակառակը, ադրբեջանական զորքերը բռնազավթել են ԼՂՀ տարածքի շուրջ 1041 քառ. կմ` Շահումյանի շրջանը /600 քառ.կմ/, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, Գետաշենի ենթաշրջանը: Այդքանը կազմում է ԼՂՀ տարածքի շուրջ 19 տոկոսը: Պետք է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի կողմից 1991-1994 թ.թ. պարտադրված պատերազմը ստեղծել է մի նոր իրավիճակ, մասնավորապես, փոփոխելով պետությունների միջև ընկած սահմանները:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի փախստականների թվաքանակին, ապա ԵԽԽՎ բանաձևում /2006 թվականի ապրիլ/ արտացոլված են փախստականների հարցերով ՄԱԿ -ի գերագույն հանձնաժողովի /UNHCR/ հավաստի տվյալները, որոնց համաձայն` Ադրբեջանում փախստականների և տեղափոխված անձանց ընդհանուր թիվը կազմում է մոտ 590 հազար հոգի, այսինքն ԱՀ բնակչության պաշտոնական քանակության շուրջ 8 տոկոսը: Ընդսմին, ԼՂՀ-ում փախստականների և տեղափոխված անձանց թիվը կազմում է 33 տոկոս, կամ 61 հազար հոգի: Այսպիսով, ՙԱդրբեջանում 1 միլիոն փախստականների՚ մասին հայտարարությունը ադրբեջանական քարոզչության նույնպիսի առասպել է, ինչպես որ ՙԱդրբեջանի 20 տոկոս բռանազավթված տարածքների՚ մասին հայտարարությունը:
REGNUM. Վերջերս տարբեր մակարդակներում ակտիվորեն քննարկվում էր ադրբեջանցի փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու թեման…
- Ադրբեջանական կողմը պնդում է փախստականների վերադարձը, սակայն միևնույն ժամանակ խոսք անգամ չի հնչում մոտավորապես կես միլիոն հայ փախստականների այդ նույն վերադարձի մասին, ովքեր հարկադրված էին լքել Ադրբեջանը` 1988-90 թվականներին այդ երկրի իշխանությունների կողմից իրականացված հալածանքների և էթնիկ զտումների, ինչպես նաև ԼՂՀ նկատմամբ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով: Այստեղ անհրաժեշտ է ապահովել համարժեք մոտեցում, հիմնախնդրի համալիր քննարկում:
Իրավիճակն այսօր միանշանակ ընդունելի չէ փախստականների վերադարձի համար, այդ բանը հնարավոր է միայն հակամարտության քաղաքական կարգավորման հասնելուց, ԼՂՀ կարգավիճակի հարցը լուծելուց, ինչպես նաև սոցիալական համալիր խնդիրները լուծելուց հետո: Ինչ վերաբերում է նյութական և բարոյական վնասի փոխհատուցման հարցին, ապա ադրբեջանական կողմը, որպես ագրեսոր, պատասխանատվություն է կրում բոլոր փախստականներին` անկախ ազգությունից, փոխհատուցում տրամադրելու մասով:
REGNUM. Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետական սահմանների հարցի վերջնական լուծումը:
- Փաստացի սահմանները, որպես կանոն, որոշվում են պատերազմական գործողությունների ավարտից հետո, սահմանազատիչ գծի տեսքով: ԼՂՀ ներկայիս սահմանները, ինչպես արդեն նշեցի, հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի կողմից Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու հետևանք: Պատմական տեսանկյունից` Լեռնային Ղարաբաղի հետպատերազմական տարածքը հանդիսանում է հին Արցախի մի մասը: Պաշտպանա-ռազմավարական տեսակետից` մեզ պարտադրված պատերազմի ընթացքում գրավված տարածքները կազմում են անվտանգության գոտի:
Իրավական տեսանկյունից` Լեռնային Ղարաբաղի տարածքը և սահմանները որոշելիս երբևէ հաշվի չեն առնվել պատմական, ազգային, մշակութային և կրոնական հանգամանքները: ԽՍՀՄ օրոք այդ սահմանները, ցավոք, որոշվել են խորհրդային Ադրբեջանի կողմից կամայական ձևով` ներառելով Արցախի ավելի քիչ տարածք, ընդսմին այնպես, որպեսզի ինքնավար մարզը դառնա անկլավ Ադրբեջանի ներսում: Վերադարձ դեպի անցյալ չի կարող լինել` ոչ կարգավիճակի, ոչ էլ սահմանների հարցում: ԼՂՀ սահմանները պետք է ապահովեն հանրապետության անվտանգությունը բոլոր հարթություններում:
REGNUM. Այսօր շատ է խոսվում հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների մշակման անհրաժեշտության շուրջ: Ի՞նչ է ենթադրվում դրա տակ:
- Հայկական կողմերը հակամարտության ողջ ընթացքում հանդես են եկել հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով` թույլ չտալ հրադադարի ռեժիմի խախտում, վերջ տալ ՙնշանառուական պատերազմին՚, հաստատել ուղղակի շփումներ կողմերի միջև, հրաժարվել ԶԼՄ-ների թշնամական հրապարակումներից և այլն:
Մենք այսօր ևս պատրաստ ենք համագործակցության` նպատակ ունենալով թույլ չտալ սահմանամերձ գոտու անտառզանգվածների և վարելահողերի հրկիզումներ, համատեղ օգտագործել ջրային պաշարները, ապահովել փոխադարձ երաշխիքներ օդային տարածության օգտագործման հարցում, պահպանել պատմա-ճարտարապետական հուշարձանները, իրականացնել համատեղ նախագծեր օդերևութաբանության, սեյսմոլոգիայի և այլ ոլորտներում: Կարիք կա ակտիվացնել շփումները գերիների, աճյունների փոխանակման, անհայտ կորածների որոնման հարցերում: Ավաղ, մեր նախաձեռնությունները աջակցություն չեն գտնում հարևան պետությունում: Պաշտոնական Բաքուն, ցավոք, քաղաքականացնում է մարդասիրական խնդիրները:
REGNUM. Բանակցային գործընթացը դժվար է առաջ ընթանում: Որ՞ն է գլխավոր պատճառը:
- Վաղուց պաշտոնական Բաքուն հմտորեն օգտագործում է բանակցային գործընթացը իր շահադիտական նպատակներով, մոլորության մեջ գցելով միջազգային կազմակերպություններին և շեղելով նրանց ուշադրությունը հիմնախնդրի էությունից: Ցավոք, Ադրբեջանը կարգավորման գործընթացին մասնակցում է ոչ թե հակամարտության լուծման փոխընդունելի մեխանիզմ գտնելու նպատակով, այլ Հայաստանի և Արցախի դեմ լայնածավալ քարոզչական պատերազմ վարելու համար: Եվ այդ պատերազմը տարեցտարի ընդարձակվում է` կիրառելով կեղծարարության, սադրանքների, ռևանշիստական սպառնալիքների նորանոր այլանդակ մեթոդներ:
Ադրբեջանի կողմից փորձեր են արվում վերափոխել հակամարտության կարգավորման գործընթացը` այն տեղափոխել ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրախորհրդարանի և միջազգային այլ կազմակերպությունների հովանու ներքո: Մինչդեռ միջազգային կազմակերպություններին, պետություններին, քաղաքական գործիչներին ուղղված` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին ադրբեջանական կողմի պահանջը վերածվում է քաղաքական կեղծիքի, իսկ ԼՂՀ այցելող քաղաքացիներին ՙանցանկալի անձ՚ հայտարարելը` կատակերգության: Ադրբեջանի դիրքորոշման մեջ իսպառ բացակայում է անգամ ակնարկն այն մասին, թե նա պատրաստ է գնալ փոխզիջման կամ թեկուզ ինչ-որ զիջումների: Դա մի ավելորդ անգամ հաստատում է այն փաստը, որ պաշտոնական Բաքուն չի ցանկանում լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, իսկ ձախողելու համար մեղքը փորձում է բարդել Հայաստանի վրա:
REGNUM. Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է բանակցային գործընթացը դուրս բերել ներկա կացությունից:
- Բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը` ԼՂՀ անմիջական և լիարժեք մասնակցությամբ: Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու առավել լավագույն տարբերակը ուղղակի բանակցություններն են ԼՂՀ և Ադրբեջանի միջև, մանավանդ որ մինչև 1997 թվականը ադրբեջանական ղեկավարությունը շփումներ է ունեցել անմիջապես ԼՂՀ հետ, ինչը վկայում են ԼՂՀ և Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ստորագրված բազմաթիվ փաստաթղթերը:
Ղարաբաղն է եղել Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի թիրախը, հակամարտության հիմնական կողմը, հետևաբար և նա պետք է լինի բանակցությունների սուբյեկտ: ԼՂ կարգավիճակը, որպես հակամարտության լիարժեք կողմ, ամրագրված է հրադադարի մասին 1994 թվականի Բիշքեկի արձանագրության մեջ, որը ստորագրել են երեք կողմերը` Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը և Ադրբեջանը, ԵԱՀԽ 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովում, ինչպես նաև ԵԱՀԿ ղեկավար խորհրդի 1-ին հանդիպմանը գործող նախագահի` 1995 թ. մարտի 31-ի Պրահայի եզրակացության մեջ: Ըստ այդ փաստաթղթերի` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործուն մեխանիզմը պետք է լինեն լիարժեք ձևաչափային բանակցությունները Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ձևաչափը` առանց ԼՂ մասնակցության, խախտում է հակամարտության երեք կողմերի մասին ԵԱՀԿ պաշտոնական որոշումները և չի կարող հաջողության հասնել:
Ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցության կարևորությունը ըմբռնում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր ընդգծում են բանակցային գործընթացում ԼՂՀ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը հակամարտության վերջնական լուծման համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը համարում է, որ անհրաժեշտ է շուտափույթ կարգավորել հակամարտությունը և համագործակցություն հաստատել հակամարտող կողմերի միջև: Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն Հարավային Կովկասում վերջնական խաղաղության և կայունության հասնելու մեջ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի օգտագործել տարածաշրջանային համագործակցության ողջ ներուժը:
Ադրբեջանցի պատմաբան. Մինչեւ 1930-ական թվականները <<ադրբեջանցիներ գոյություն չեն ունեցել>>
ԼՂՀ ԱԳՆ ղեկավար.<<Կարգավորման անկյունաքարը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է>>
<<Եթե համառոտ բնութագրելու լինենք զինադադարի 15 տարիները, ապա դրանք Ղարաբաղի պետականության կազմավորման շարունակությունն ու դինամիկ համակարգի ձեւավորումն էին, որն այսօրվա դրությամբ ապացուցել է իր կենսունակությունը>>:
Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստատեսության <<Վեստնիկ>>/Լրաբեր/ հաղորդմանը տված հարցազրույցում:
<<Անշուշտ ամեն ինչ չէ որ մեր ուզածի պես կատարյալ է դասավորվում, սակայն մեզ հաջողվել է լուծել, իմ կարծիքով, ամենակարեւոր խնդիրները. բանակ ենք ստեղծել, որը անվտանգության ամենահիմնական երաշխիքն է, կառուցել ենք պետական կառավարման ներքին համակարգ: Եւ այս ամենը, փաստորեն, տեղի է ունեցել պատերազմի եւ հետպատերազմյան զինադադարի պայմաններում>>, - նշել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Միաժամանակ Գեորգի Պետրոսյանը ընդգծեց, որ ղարաբաղյան կողմի համար կարգավորման անկյունաքարը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցն է:
18. 05.2009
Պարոն Ֆասյեն հրապարակել է տարրեր, այսպես կոչված <<բազային սկզբունքներից>>, որոնք ԵԱՀԿ ՄԳ համանախագահները առաջարկում են քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդատվությունները տվյալ սկզբունքների վերաբերյալ անցնում են <<ոչինչ համաձայնեցված ու լուծված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված ու լուծված չէ>> բանաձեւով: Այդ իսկ պատճառով, ներկա փուլում, կարծում ենք, վաղաժամ է մեկնաբանել այդ քննարկումների աշխատանքային տարրերը, որոնք կարող են նաեւ վերջնականապես այնպես չձեւակերպվել, ինչպես որ ներկայացրել են համանախագահները: Հետեւաբար, երբ որ տեսանելի լինեն քննարկումների կոնկրետ արդյունքները, այն ժամանակ էլ կգնահատենք, թե որքանով են դրանք ընդունելի մեր ժողովրդի համար եւ արդյո՞ ք առհասարակ իրագործելի են: Առանց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը հաշվի առնելու`սկզբունքորեն անհնար է հասնել հակամարտության վերջնական կարգավորման ու տեւական խաղաղության:
02.04.2009
Արցախի շահերի պաշտպանությունը Միացյալ նահանգներում
Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ: Մոտավորապես մեկ տասնամյակ (օգոստոս 1999 - հունվար 2009)ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ(դեսպան) աշխատելուց հետո, Նախագահ Բակո Սահակյանը առաջարկեց ինձ վերադառնալ Արցախ եւ շարունակել իմ գործունեությունը ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում`նշանակելով ինձ նախարարի տեղակալ:
Օգտվելով այս լրատվամիջոցի ընձեռած հնարավորությունից, կցանկանայի նախ եւ առաջ իմ երախտիքի խոսքը հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են Միացյալ նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակի (Արցախի դեսպանատան) աշխատանքներին եւ իրենց բարյացկամ վերաբերմունքն են ցուցաբերել ինձ ու իմ ընտանիքին այս ամբողջ տարիների ընթացքում: Շատ կցանկանայի շարունակել կապ պահպանել մեր բոլոր բարի կամեցողների հետ եւ ավելի հաճախակի տեսնել ձեզ Արցախում:
Այս մեկնաբանության միջոցով կցանկանայի ամփոփել մեր որոշ ձեռքբերումները եւ ուշադրություն հրավիրել Միացյալ նահանգներում Արցախի դիվանագիտական առաքելության ապագայի վրա, որն այժմ ղեկավարում է իմ բանիմաց փոխարինող Ռոբերտ Ավետիսյանը:
Վաշինգտոնում իմ պաշտոնավարման տարիներին մեր աշխատանքի կենտրոնում էին գտնվում Արցախի քաղաքական եւ տնտեսական շահերի պաշտպանությունն ու առաջխաղացումը Միացյալ նահանգներում, մեր երկու երկրների միջեւ կապերի ընդլայնումն ու տարածաշրջանի խաղաղությանը, ժողովրդավարությանն ու բարեկեցությանն ուղղված մեր ընդհանուր նպատակների խթանումը:
Մենք աշխատանքներ ենք տարել Պետդեպարտամենտի, Կոնգրեսի, քաղաքական եւ ակադեմիական շրջանակների, լրատվամիջոցների եւ Ամերիկայի հայկական համայքնի հետ` ուղղված ազատության մեջ ապրելու եւ ագրեսիայից պաշտպանվելու`Արցախի նկրտումների սատարմանը, պատերազմի հետեւանքով Արցախի քայքայված ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված մարդասիրական եւ ներդրումային ծրագրերի օժանդակմանը, ինչպես նաեւ տնտեսության զարգացման խթանմանը:
Մենք սերտորեն համագործակցել ենք Կոնգրեսում մեր համախոհների եւ Վաշինգտոնի հայ-ամերիկյան կազմակերպությունների հետ`Լեռնային Ղարաբաղին տրամադրվող Միացյալ նահանգների անմիջական տնտեսական աջակցությունը շարունակելու ու հետագա ծավալումն ապահովելու համար: Գոհացուցիչ է տեսնել, որ 2009 ֆինանսական տարում Կոնգրեսը մինչեւ 8,000,000 ԱՄՆ դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղում օգնության ծրագրեր իրականացնելու համար: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Միացյալ նահանգների կառավարությանը եւ ամերիկյան ժողովրդին նման կարեւոր աջակցության համար:
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, մենք Կոնգրեսի անդամներին շարունակաբար ցանոթացնում էինք Արցախի ազատության համար շարունակվող պայքարին: Արդյունքում Ներկայացուցիչների պալատի մոտ 100 անդամներ ստորագրեցին մի նամակ, որով պահանջում էին Միացյալ նահանգների նախագահից ուշադրություն սեւեռել Արցախի առաջընթացին եւ նպաստել Միացյալ նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ճանաչմանը: Համագործակցելով հայ-ամերիկյան կազմակերպությունների եւ Կոնգրեսի մեր ընկերների հետ, մենք կազմակերպել ենք Արցախին նվիրված մի շարք պառլամենտական միջոցառումներ, իրար կողքի ենք հավաքել Կոնգրեսի անդամներին, մարդու իրավունքների հայտնի պաշտպանների ու իրավաբանների, հարյուրավոր ակտիվիստների:
Գրասենյակը կազմակերպել եւ իր նպաստն է ունեցել ԼՂՀ բարձր պաշտոնյաների տասնյակ այցելություններին Միացյալ նահանգներ: Այդ թվում նաեւ երկկողմ այցեր, ներառյալ Հայաստան Համահայկական Հիմնադրամի շրջանակներում տեղի ունեցող ամենամյա տելեթոնները, որոնց շնորհիվ ավելի քան 150 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվել Արցախում եւ Հայաստանում:
Ձգտելով բարձրացնել միջազգային հանրության իրազեկությունը մեր ազատության պայքարի վերաբերյալ` մենք ստեղծեցինք առաջին համապարփակ անգլերեն լեզվով էլեկտրոնային կայքը Արցախի մասին /www.nkrusa.org/: Այս կայքի շնորհիվ մենք բազմաթիվ բարի կամեցողների հանդիպեցինք աշխարհով մեկ: Այս նոր ընկերներից ոմանք մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացրել Արցախում, շատերը առաջարկել են իրենց փորձն ու ժամանակը:
Չմոռանալով մեր քարոզչական ջանքերում ժամանակակից լրատվամիջոցների կարեւորության մասին, մենք ստեղծեցինք ArtsakhOnline, YouTube հեռուստաալիքը: Մեր առաջին թողարկումներում ցուցադրվեց Լոս Անջելեսցի ռեժիսոր Փիթեր Մուսուրլյանի հետ համատեղ նկարահանած <<Պայքար ազատության համար>> կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը դիտվել է 10,000 անգամ:
1999թ-ից լույս է տեսնում ամենամսյա տեղեկագիրը, որը տպագիր տեսքով տարածվում է Վաշինգտոնում, Միացյալ նահանգներում եւ ամբողջ աշխարհում: Տեղեկագիրը մատչելի է նաեւ օն-լայն տարբերակով: Անցյալ տարի տեղեկագիրը փոխակերպվեց ավելի հաճախ հանդիպող էլեկտրոնային ձեւաչափի, որը տարածվում է էլեկտրոնային փոստով:
Մեր գրասենյակը հետեւում էր նաեւ հիմնական տեղեկատվական թողարկումներին` անհրաժեշտության դեպքում արձագանքելով Արցախի վերաբերյալ խեղաթյուրումներին եւ միեւնույն ժամանակ առաջարկելով օբյեկտիվ տեղեկատվություն: Խմբագիրներին ուղղված իմ նամակները բազմիցս հայտնվել են Washington Post, Washington Times, Wall Street Journal, եւ Christian Science Monitor պարբերականներում: Վաշինգտոնում մեր աշխատանքը լուսաբանվում էր Washnigton Diplomat-ի, Diplomatic Traffic-ի, Voice of America-ի /Ամերիկայի ձայն/ եւ Eurasia Net-ի կողմից:
Հնարավորություն եմ ունեցել ելույթ ունենալ Հարվարդի` Քենեդու անվան կառավարական դպրոցում, Տեխասի համալսարանում, Տորոնտոյի`Զորյանի ինստիտուտում, եւ այլուր: Իմ ղեկավարման տարիներին գրասենյակը նպաստել է փորձագիտական հետազոտությունների, համաժողովների, դեպի Արցախ այցելությունների եւ Արցախի մասին հրատարակությունների իրականացմանը:
Մենք սերտորեն աշխատել ենք Դետրոյտում հիմնադրված Երեխաների օգնության հիմնադրամի եւ այլ աջակիցների հետ, որոնց հովանավորությամբ Արցախի տասնյակ երեխաներ, ինչպես նաեւ վիրավոր վետերաններ բժշկական օգնություն են ստացել: Մենք նաեւ Արցախում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար բարեգործներ ենք գտել:
Վերջերս, Հայկական ընդհանուր բարեգործական միության/ՀԸԲՄ/ եւ Ամերիկացիները Արցախին կազմակերպության համագործակցությամբ մենք կազմակերպեցինք մի շարք մասնագիտական ուսուցողական սեմինարներ ԼՂՀ պաշտոնյաների համար: Առաջին դասընթացը հաջողությամբ ավարտվեց անցյալ ամառ, երկրորդը, որը կենտրոնացած է արդյունավետ հաղորդակցման եւ հակամարտությունների լուծման վրա, ներկայումս ընթանում է Ստեփանակերտում:
Հարյուրավոր ընկերներ` հայեր եւ այլազգիներ, կանգնած էին գրասենյակի կողքին այս ամբողջ տարիների ընթացքում, ֆինանսական օգնություն են ցուցաբերել, իրենց փորձն ու ժամանակն են առաջարկել եւ նպաստել են մեր ընդհանուր նպատակների առաջխաղացմանը:
Իմ կառավարության անունից կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում Ամերիկայի հայկական համագումարին, Քաֆեսջյան ընտանիքի հիմնադրամին, Հայկական ընդհանուր բարեգործական միությանը, Ամերիկայի հայկական միսիոներական միությանը եւ նրանց ղեկավարությանը այս տարիների ընթացքում կարեւոր ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Հատուկ շնորհակալություն Արմեն Կանայանին Stratomedia-ից իր անխոնջ կամավորական ջանքերի համար` ուղղված մեր կայքի զարգացմանն ու սպասարկմանը: Ուզում եմ նաեւ առանձնացնել Ջոան Աբլետին ու Էմիլ Սանամյանին իրենց աջակցության համար:
Սա մեր կատարած աշխատանքի համառոտ ցուցակն է: Ինչպիսի՞ն կլինեն Ամերիկայում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված մեր հետագա ջանքերը:
Ինչպես ցանկացած այլ հաստատության դեպքում, մեր գրասենյակի զգալի ֆինանսական ապահովությունը գերակա խնդիր է մնում` ոչ միայն գրասենյակի պահպանման, այլ նաեւ մեր աշխատանքները ծավալելու համար: Ժամանակն է, որ Արցախի դիվանագիտական ներկայացուցչությունը իր սեփական տանիքն ունենա Վաշինգտոնում:
Ուշադրության կենտրոնում պետք է մնան մեր քաղաքական հարցերը: Միացյալ նահանգները շարունակում են մնալ համաշխարհային առաջնորդ եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի գլխավոր միջնորդներից մեկը, եւ դա նշանակում է, որ անհրաժեշտ է երկարատեւ ու խորը կապեր ունենալ Միացյալ նահանգների կառավարության բոլոր ճյուղերի հետ: Կոնգրեսում դա նշանակում է կապ պահել ինչպես մեր ընկերների, այնպես էլ հակառակորդների հետ, ինչպես մենք դա անում էինք անցյալում:
Արցախի մասին միաձայն խոսելը կարեւոր է պայման է հաջողության հասնելու համար: Համագործակցելով Հայաստանի դեսպանատան եւ Վաշինգտոնի հայ-ամերիկյան կազմակերպությունների հետ` մենք ստեղծել ենք Արցախին առնչվող այս ընդհանուր օրակարգը.1.Միացյալ նահանգների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ հարաբերությունների ընդլայնում; 2.Միացյալ նահանգների կողմից Արցախին տրամադրվող անմիջական օգնության շարունակություն`մարդասիրական ծրագրերից անցնելով զարգացման ծրագրերի; եւ 3. տարածաշրջանում խաղաղության երաշխավորում:
Արցախը եւ Միացյալ նահանգները ունեն ազատության, ժողովրդավարության եւ խաղաղության համընդհանուր արժեքներ: Մենք երկուսս էլ անցել ենք դաժան պատերազմների միջով/որոնք, սակայն, 200 տարվա տարբերություն ունեն/ `օտար բռնապետությունից ազատվելու, մեր սեփական ճակատագիրը ինքներս տնօրինելու եւ ազատության, հավասարության ու բոլորի համար արդարության հեռանկարը վայելելու համար:
Կիսելով շատ ժամանակակից մարտահրավերներ, մենք նաեւ մասնակից ենք խաղաղության եւ տնտեսական զարգացման ընդհանուր ծրագրերի առաջխաղացմանը: Սա հիանալի հիմք է Միացյալ նահանգների եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հարաբերությունները այլ մակարդակի հասցնելու համար`ապահովելով անխափան հաղորդակցություն եւ համագործակցություն:
Արցախին տրամադրվող Միացյալ նահանգների տնտեսական օգնության ծավալումը, մարդասիրական ծրագրերից անցնելով զարգացման ծրագրերի, անչափ կարեւոր է Հարավային Կովկասի բոլոր երկրներին`պատերազմի հետեւանքով քայքայված ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հավասար հնարավորություններով ապահովելու, ինչպես նաեւ փախստականների ու ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու ու կայուն տնտեսական զարգացում երաշխավորելու առումով: Խմելու ջուրը, առողջապահությունը եւ ականազերծումը մեր գերակա խնդիրներից ամենաառաջնայինն են եւ Արցախը շարունակելու է հանդես գալ որպես արդյունավետ ու պատասխանատու գործընկեր` օգնության բոլոր ծրագրերին աջակցելու համար:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով մեր հակառակորդի եղեռնատենչ հայտարարություններն ու աճող հնարավորությունները, կարելի է ասել, որ հայ ազգի նկատմամբ նոր ագրեսիայի հնարավորությունը դժբախտաբար դեռեւս իրատեսական է: Մենք վստահ ենք ինքներս մեզ պաշտպանելու կարողության մեջ, սակայն մեր դիվանագիտության առաջնահերթ խնդիրը պետք է լինի նոր պատերազմի կանխարգելումը, ներկայիս անջրպետի երկու կողմերի մարդկանց կյանքի պաշտպանությունը եւ բոլորի համար խաղաղ ապագա կառուցելու հեռանկարը:
Արցախի վեհ պայքարը շարունակվում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական եւ մշակութային դաշտերում: Միեւնույն նպատակի շուրջ համախմբումը եւ աշխատանքը մեր անխափան հաջողության հիմնական բանալին են Վաշինգտոնում եւ ընդհանրապես աշխարհի տարբեր երկրներում:
Բովանդակություն՝