Որոնում:

Հայտարարություններ և հաղորդագրություններ - MFA NKR

Հայտարարություններ և հաղորդագրություններ

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է ս.թ. հունիսի 18–ի՝ համատեղ հայտարարությամբ:

Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է:

Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանն ուղղված կոչը լսելի կլինի Ադրբեջանում և նրա ղեկավարությունը կհրաժարվի միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքներն ընտրովի մեկնաբանելու փորձերից, տարածաշրջանում լարվածության և անվստահության մթնոլորտը խորացնելուց, ինչպես նաև ստեղծված  իրողություններն անտեսելուց:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանդիսանալով բանակցությունների գործընթացում ստեղծված իրավիճակից ելք գտնելու և երկրի ու ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող որոշումներ կայացնելու մեջ ամենաշահագրգիռ կողմը, պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար:

19.06.2013

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանություն

1991թ. ապրիլի վերջին - մայիսի սկզբներին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության միլիցիայի ջոկատները` (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի աջակցությամբ սկսեցին պատժիչ գործողություններ, նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից հայաբնակ շրջաններից տեղահանել հայ բնակչությանը: Իրականացվեց «Կոլցո» լայնածավալ ռազմական գործողությունը, որն ուղղված էր Ադր. ՍՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների որոշ գյուղերի հայ բնակչության վտարմանը: Այդ գործողության արդյունքում ամբողջովին դատարկվեցին, հիմնահստակ ավերվեցին կամ ադրբեջանցիներով: բնակեցվեցին տասնյակ հայկական բնակավայրեր: Բռնատեղահանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, սպանվեցին հարյուրավոր հայեր: Իր ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկած <<Կոլցո>> գործողության հետևանքով էր հենց, որ շեշտակիորեն սրվեց լարվածությունը տարածաշրջանում, և ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվեց ռազմական հարթություն: ԵԱՀԽ առաքելության 1992 թ. փետրվարի 28-ի զեկուցման մեջ նշվել է` <<1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին իրադրությունը հատկապես սրվեց, երբ խորհրդային բանակը Ադր. ՆԳՆ ստորաբաժանումների օգնությամբ տարածաշրջանի շատ գյուղերից տեղահանեց հայերին: Տեղահանությունն իրականացվել է առանձնահատուկ դաժանությամբ>>: <<Կոլցո> ռազմական գործողության ընթացքում տեղի ունեցած դեպքերն իրենց արտացոլումն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, դարձել լսումների թեմա` ՌԴ Գերագույն Խորհրդի մարդու իրավունքների կոմիտեում և գնահատվել Եվրախորհրդարանի և ԱՄՆ սենատի բանաձևերում: Մոսկովյան <<Մեմորիալ>> միության իրավապաշտպան կենտրոնն արձանագրել է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ. <Կոպտորեն խախտվել է յուրաքանչյուր մարդու կյանքի, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքը, կիրառվել են կտտանքներ, կատարվել` ինքնակամ կալանքներ և ձերբակալություններ, կատարվել են բազմաթիվ գույքային իրավախախտումներ: Բնակչության տեղահանումը կրել է զանգվածային բնույթ: Այդ խախտումներին հատուկ ցինիկություն է հաղորդում այն փաստը, որ խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունը կատարվել է հենց իրավապահ մարմինների կողմից: Այդ ամենի պատասխանատվությունն ընկնում է ինչպես Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ և ՊԱԿ-ի բարձրագույն ղեկավարության, այնպես էլ ԽՍՀՄ ՆԳՆ, պաշտպանության նախարարության և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարության վրա: Այդ հանցագործությունները ստվեր են նետում նաև ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության վրա>>: 1991 թ. մայիսի 1-ին ԱՄՆ սենատում ընդունվեց միաձայն որոշում, որով դատապարտվում էին <<ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ, Հայաստանի և Ադրբեջանի հայազգի բնակչության դեմ կատարված հանցագործությունները>>: Նրանում, մասնավորապես, դատապարտվում էին <<Լեռնային Ղարաբաղում և հարակից հայկական բնակավայրերում ու Հայաստանում անմեղ մարդկանց, կանանց և երեխաների վրա կատարված հարձակումները, ռազմական ուժի լայնածավալ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի արևելյան և հարավային սահմաններին անզեն բնակչության գնդակոծումները>> և կոչ էր արվում <<վերջ տալ շրջափակմանը, ուժի գործադրման մյուս ձևերին, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ահաբեկչությանը>>: Մայիսի 25-ին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների չորրորդ նստաշրջանում քննարկման դրվեց Հայաստանի և Ադրբեջանի մի շարք շրջաններում ստեղծված իրադրության շուրջ զեկույցի նախագիծը, որն էլ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում էր, որ <<համաձայն մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված նորմերի և համաձայնագրերի` անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել խաղաղ բնակչության տեղահանումը, ազատ արձակել պատանդներին և զինված բախումների գործերով քննության տակ գտնվողներին հանձնել ԽՍՀՄ դատախազության վարույթ>>: Այդուհանդերձ, <<Կոլցո>> ռազմական գործողության ընթացքում թույլ տրված հանցագործություններին համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, իսկ կազմակերպիչներն ու կատարողները մնացել են անպատիժ: Այն նախադեպ դարձավ, որպեսզի Ադրբեջանը նոր ռազմական հանցագործություններ և անմարդկային գործողություններ իրականացնի հայազգի խաղաղ բնակչության նկատմամբ: Առ այսօր բռնատեղահանված բնակիչները զրկված են սեփական տները վերադառնալու հնարավորությունից և չեն ստացել որևէ փոխհատուցում: Ափսոսանքով պետք է արձանագրել նաև, որ <<Կոլցո>> ռազմական գործողությամբ տեղահանության ենթարկված ոչ մի հայկական գյուղ չի հիշատակվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջազգային դիտորդների կողմից առաջարկվող և ոչ մի փաստաթղթում:

2012-02-24 12:11

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանությունը

 

1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:

Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը: Ինտերնացիոնալ Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր` խափանել հիմնախնդրի հնարավոր լուծումները, Լեռնային Ղարաբաղի հայերին վախեցնել նոր արյունահեղություններով և ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական շարժումից: Տասնյակ մարդիկ են սպանվել սադիստական դաժանությամբ, որոնց մի զգալի մասը ողջակիզվել են ծեծի, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվելուց հետո: Հարյուրավոր մարդիկ դարձել են հաշմանդամներ և այդպիսին կմնան ողջ կյանքում, հազարավորները դարձան փախստականներ…

<Ստալինյան գազանություններից հետո,- այն օրերին գրել են մոսկվացի մի խումբ գիտնականներ` հայաստանցի բարեկամներին ուղղված իրենց <Բաց նամակում>,- մեր երկրում չի եղել մի այնպիսի բան, որն այսչափ հետ շպրտեր մեզ` քաղաքակրթությունից դեպի վայրենություն>:

Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված է եղել ամենայն մանրամասնությամբ, այդ թվում` գաղափարախոսական և հոգեբանական տեսակետներից: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված` խառնամբոխի հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բացեիբաց կոչում էին բռնությունների`ընդդեմ բանակի:

Փետրվարի 27-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարքների: Եթե կուսակցության Սումգայիթի քաղկոմի շենքի դիմաց անցկացված առաջին <հանրահավաքին> ներկա էին մինչև 50 հոգի, ապա հաջորդ օրը մասնակիցների թիվը հասավ մի քանի հազարի: Իր ելույթում կուսակցության քաղկոմի երկրորդ քարտուղար Մելեք Բայրամովան պահանջեց, որպեսզի հայերը հեռանան Ադրբեջանից, իսկ ադրբեջանցի բանաստեղծ Խըդըր Ալովլուն իր ճառն ավարտեց հետևյալ կոչով.<Մահ հայերին>:

Տրիբունայում քաղաքի ղեկավարության կողքին կանգնած էին նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և պատահական չէ, որ ջարդերի օրերին արձանագրվեցին ներքին գործերի աշխատակիցների անգործության և անհոգի պահվածքի աննախադեպ փաստեր:

Մեջբերենք մի հատված 18/60233 քրեական գործից ըստ Ահմեդ Իմանի օղլի Ահմեդովի, Իլհամ Ազադ օղլի Իսմայլովի, Յավար Գիյաս օղլի Ջաֆարովի դեմ հարուցված մեղադրանքի. <Փաստաբան Շապոշնիկովայի հարցին, <Ինչու չեք զանգահարել Ձեր հորը, որն այդ ժամանակ ծառայության մեջ էր, և չեք պատմել թե ինչ է կատարվում ձեր թաղամասում>, վկա Դ.Զարբալիևը /վկայի հայրը աշխատում էր Սումգայիթի միլիցիայում/ պատասխանել է.<Իսկ ես ինչու պիտի զանգեի: Միլիցիան այդ մասին գիտեր, բոլորը գիտեին այդ մասին: Չէ որ դա ջարդերի առաջին օրը չէր>:

Հանրահավաքներին բացահայտ կերպով ձևավորվում էր զանգվածային հոգեկան գրգռվածության և հիստերիայի մթնոլորտ: Տրիբունաներից մահմեդականներին կոչում էին պարտքի` համախմբվել <անհավատների դեմ պատերազմում: Ֆաշիստական կոչերից բորբոքված, բեռնատարներից անվճար բաժանվող սպիրտային խմիչքներից տաքացած, թմրանյութերից մոլեգնած ջարդարարները, համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ, մի նոր թափով սկսեցին հայերի բնակարանների զանգվածային ջարդերը, նրանց զանգվածային ծեծը, սպանությունները, որոնք շարունակվեցին մինչ ուշ գիշեր: Ամբոխին առաջնորդում էր ոչ այլ ոք, քան կոմկուսի Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Ջահանգիր Մուսլիմզադեն` Ադրբեջանի պետական դրոշը ձեռքին: Ավազակախմբերին ղեկավարում էին նաև Սումգայիթում հայտնի մարդիկ` թիվ 25 միջնակարգ դպրոցի տնօրենը, Արաբլինսկու անվան թատրոնի մի դերասանուհի և ուրիշներ:

<Խորհրդային Միությունը խաղաղ ժամանակներում երբևէ չի վերապրել այն, ինչ տեղի ունեցավ այնուհետև: Տասից մինչև հիսուն և ավելի հոգանոց ավազակախմբերը սփռվեցին քաղաքով մեկ. ջարդում էին ապակիները, հրկիզում ավտոմեքենաները, բայց ամենից գլխավորը` փնտրում էին հայերի>,-գրել է <Ռոդինա> հանդեսը /թիվ 4, 1994թ., էջ 82-90/:

Փետրվարի 28-ին մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինված ջարդարարների թիվը զգալիորեն ավելացավ: Ամբոխը հստակ գիտեր ինչ պիտի անել: Խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև ամենից հաճախ դուրս էին բերում նրանց փողոցներն ու բակերը`հրապարակավ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:

Հասան Մամեդովի ցուցմունքներից /դատական նիստի արձանագրություն, քաղ. Մոսկվա, ԽՍՀՄ գերագույն դատարան, 18 հոկտեմբերի-18 նոյեմբերի 1988թ./. <Ես տեսա, որ շքամուտքից դուրս բերեցին միջին տարիքի մի տղամարդու և սկսեցին ծեծել, խփում էին հիմնականում թիկունքից… Նա ընկած էր ինձանից երեք մետր հեռավորության վրա: Կողքին խարույկ էր վառվում: Մահեռամով Նիզամի և Ֆաթալիև Ֆիզուլի. - Նիզամին բռնեց ոտքերից, Ֆաթալին` ձեռքերից, տղամարդուն բարձրացրին գետնից ու նետեցին խարույկի մեջ: Այնպես, որ մարմինը հայտնվեց կրակի մեջ, իսկ ոտքերը` բոցերից դուրս: Ես դա հստակ նկատեցի, քանի որ շուրջը լուսավոր էր: Խարույկի մեջ նետված տղամարդը դեռևս կյանքի նշաններ էր ցույց տալիս: Այդ բանը գլխի ընկա նրանից, որ նա փորձում էր դեպի ետ սահել խարույկից: Բայց սև գույնի պիջակով և ջինսե անդրավարտիքով մի տղա խարույկի մեջ նետվածին մետաղյա ձողով հրելով` պահում, չէր թողնում նրան դուրս գալ կրակից…>:

Միայն փետրվարի 29-ին էր, որ Սումգայիթ մտցվեցին բանակային զորքեր, սակայն նրանք ոչ թե այդ պահից, այլ ավելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Միայն երեկոյան դեմ բանակային ստորաբաժանումները ձեռնամուխ եղան վճռական գործողությունների: Կենտրոնական իշխանությունները շահագրգռված չէին պարզել սումգայիթյան արյունահեղության զոհերի ճշգրիտ թիվը: Պաշտոնապես հայտարարվեց, որ զոհվել են 36 հայ և 6 ադրբեջանցի...

Սումգայիթի հայ բնակչության ցեղասպանությունը կանխավ ծրագրված էր, այլ ոչ թե մի խումբ խուլիգանների տարերային արարք, ինչպես փորձում էին այն ներկայացնել խորհրդային իշխանություններն ու դատական մարմինները: Ասվածի վկայությունն են հետևյալ անհերքելի փաստերը. ջարդերի համար նախատեսված սառը զենքերը պատրաստվել են քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում, քաղաքում ապրող հայերի ֆիզիկական բնաջնջման նպատակով կազմվել են նրանց ցուցակները, իշխանության մարմինները ցուցաբերել են անգործունություն, հանրահավաքներում ելույթ են ունեցել ամբոխին զոմբիացնող հատուկ պատրաստված սադրիչներ, տեղական միլիցիան աջակցել է ջարդարարներին, անջատվել են հայերին պատկանող բնակարանների հեռախոսները, և այն թաղամասերի էլեկտրաէներգիան, որտեղ ընթանում էին ջարդերը, հստակ համակարգվել են ավազակախմբերի գործողությունները, ջարդարարներին բաժանվել են արմատուրա, կտրված խողովակներ, գետաքարեր, բենզինով լցված շշեր և ալկոհոլային խմիչքներ, զինյալ խմբերի կողմից փակվել են քաղաքի մատույցները, տուժածներին օգնություն չի ցուցաբերվել քաղաքի բուժաշխատողների կողմից, վերացվել են հանցագործությունների հետքերը /ջարդված խանութների, բնակարանների և այլ օբյեկտների հապճեպ նորոգում/ և արդարադատությունից թաքցվել են ցեղասպանության կազմակերպիչներն ու մեծ թվով կատարողներ:

Քաղվածք 18/60233 քրեական գործից` ըստ մեղադրանքի Ահմեդ Իմանի օղլի Ահմեդովի, Իլհամ Ազադ օղլի Իսմայլովի, Յավար Գիյաս օղլի Ջաֆարովի. <Վկա Մ. Իլյասով, ռուս. <Իմ բնակարանից տեսել եմ, թե ինչպես մեր թաղամասին մոտեցավ ԳԱԶ-34 մակնիշի մի սև գույնի մեքենա: Ամբոխի միջից մեքենային մոտեցան երկու հոգի… Առանց մեքենայից դուրս գալու, այնտեղ նստած մարդիկ ինչ-որ բան ասացին մոտեցածներին, և նրանք իսկույն վերադարձան ամբոխի մոտ: Դրանից հետո ջարդերը վերսկսվեցին մի նոր կատաղությամբ… Ինձ թվում է, նրանք նախապես գիտեին հայերի հասցեները: Այդպես եմ կարծում այն պատճառով, որ ջարդարարները անսխալ մտնում էին այն շքամուտքերը, որտեղ հայեր էին բնակվում… Այդ ամենը կատարվել է ոչ թե խուլիգանական դրդապատճառներով, այլ դա եղել է կոնկրետ ժողովրդի` հայերի դեմ ուղղված գործողություն: Ոչ թե ռուսների կամ այլ ժողովուրդների դեմ, այլ հայերի դեմ, փնտրում էին հենց հայերին>:

Վկա Ս. Գուլիևը դատական նիստի ժամանակ պարզաբանել է.<Այդ մարդկանց մի օրում չէ, որ հավաքել են, քանի որ անհնար է մեկ օրում հավաքել հազարավոր մարդկանց>:

<Վկա Մ.Մամեդով.<Բարձրախոսով մարդը /Ահմեդ Ահմեդով/ ասում էր, որ ջարդել պետք չէ, քանի որ այդ բնակարանները մնալու են իրենց, այլ պետք է ուղղակի սպանել հայերին>:

<Վկա Թ.Թահմազով, տնային կառավարիչ. <Կար Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի ներկայացուցիչ Գանիֆաևի կարգադրությունը` այրել և հողածածկ անել բոլոր ջարդված իրերը: Այդպես էլ արել ենք, ըստ որում շատ արագ կերպով; Հաջորդ առավոտյան քաղգործկոմից 412 <ա> թաղամաս են ուղարկվում նորոգման-շինարարական զորամասեր, որոնք էլ հավաքել են դիակները և ամբողջ ավերվածը >:

<Կոմունիստ Սումգաիտա> թերթը /թիվ 57 13.05.88թ./ գրել է. <Բարդ իրավիճակի օրերին գործարանի /խողովակագլանման/ արտադրամասում եղել են կացինների, դանակների և այլ առարկաների պատրաստման դեպքեր, որոնք կարող էին օգտագործվել խուլիգանամետ տարրերի կողմից>:

Միանգամայն ակնհայտ է, որ հետաքննության կողմից չպարզված անձանց կողմից ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի իրականացվեն հայկական զանգվածային ջարդերը:

1988 թվականի փետրվարի 29-ին Կրեմլում կայացավ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի նիստը, որտեղ առաջին անգամ պաշտոնապես , սակայն <հույժ գաղտնի> նշվեց, որ Սումգայիթում զանգվածային ջարդերն ու կոտորածը իրականացվել են ըստ ազգային հատկանիշի, այսինքն բացառապես հայազգի անձանց դեմ: Սակայն ԽՍՀՄ պաշտոնական մարմինները շտապեցին արգելք դնել <սումգայիթ> թեմայի վրա, հայերի զանգվածային ջարդերն արհեստականորեն մասնատելով առանձին հանցագործությունների: Հանցագործությունները, որոնք ըստ ցեղասպանության մասին միջազգային համաձայնագրի, պետք է որակվեին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որակվեցին իբրև <խուլիգանական դրդապատճառներով> կատարված հանցագործություններ: Այլ կերպ ասած, քողարկվեց տեղի ունեցած ցեղասպանությունը, իսկ նրա կազմակերպիչները պարտակվեցին պաշտոնական մակարդակով:

Մասնավորապես, անպատիժ մնացին քաղաքային և իրավապահ մարմինների գործիչները, չնայած մեծ թվով ականատեսներ մատնացույց էին անում քաղաքում հայտնի անձանց` որպես <հանրահավաքների> անմիջական մասնակիցների: Ավելին, Սումգայիթի դատախազ Իսմեթ Գաիբովը, որը <իրականացնում էր> քաղաքի կարգուկանոնի վերահսկողությունը, հայերի ջարդերից մեկ տարի էլ չանցած`նշանակվեց…Ադրբեջանի գլխավոր դատախազ: Իր պաշտոնից ազատվեց միայն Սումգայիթի կոմունիստ ղեկավար Մուսլիմզադեն, չնայած նա նույնպես չենթարկվեց քրեական պատասխանատվության: Ըստ երևույթին պատճառն այն էր, որ քաջատեղյակ Մուսլիմզադեն Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի մոտակա պլենումում ուղղակիորեն մեղադրեց հանրապետության ղեկավարությանը ջարդերի կազմակերպման մեջ. <Ադր ԽՍՀ կոմկուսի ԿԿ 1988թ. մայիսի 21-ի պլենումում Սումգայիթի կոմկուսի քաղկոմի նախկին առաջին քարտուղարը Սումգայիթում կատարված ողբերգական դեպքերի համար մեղադրեց նաև հանրապետության ղեկավարությանը: Այդ մասին նա նախօրյակին հանգամանորեն պատմել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ բյուրոյում, որտեղ քննարկվում էր նրա անձնական պատասխանատվության հարցը և որին կարելի է ծանոթանալ սղագրական հաշվետվություններոււմ: /<Էպոխա> թիվ 4, սեպտեմբերի 13 , 1990թ./:

Ցավոք, առ այսօր փետրվարի 27-29-ին Սումգայիթում ամենաբարձր մակարդակով կազմակերպված ջարդերը չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի, իսկ Մոսկվայում կայացած դատավարությունը չդարձավ Նյուրնբերգյան, քանի որ չեն բացահայտվել հանցագործությունների արմատները:

Սումգայիթի ցեղասպանությունը լռության մատնելու քաղաքականությունը, նրան ծնունդ տված պատճառների քողարկումը և նրա իսկական կազմակերպիչներին անպատիժ թողնելը հնարավոր են դարձրել, որպեսզի Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները հանրապետության ողջ տարածքով մեկ իրականացնեն էթնիկ զտումներ, որոնք էլ իրենց գագաթնակետին են հասել 1990 թվականի հունվարին հանրապետության մայրաքաղաք Բաքվում կազմակերպված արյունալի խրախճանքի օրերին, որից հետո էլ` վերածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված լայնածավալ ռազմական ագրեսիայի:

Մինչդեռ Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել մի նոր <դարչնագույն ժանտախտից>:

 

 

2012-02-15 12:00«Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է

 

Ադրբեջանում սկսվել է ավանդական հակահայկական քարոզարշավը` կապված. Խոջալու բնակավայրի /գյուղ ԼՂՀ տարածքում, 1992թ դեպքերի հետ, երբ վերջինս 1988-90թթ. Ադր.ԽՍՀ-ի կողմից ակտիվորեն բնակեցվում էր, մասնավորապես, Ուզբեկստանի Ֆերգանայի հովտի թուրք-մեսխեթներով: Ընդսմին, պաշտոնական քարոզչությունը չի խորշում ոչ մի միջոցից, նպատակ ունենալով հայկական կողմին ի ցույց դնել որպես ողբերգության մեղավոր և համաշխարհային հանրության գիտակցությանը և սեփական ժողովրդի կարծիքին ներարկել հայատյացության թույնի մի նոր չափաբաժին: 1992թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին մարտական գործողություն` նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը և վնասազերծել հակառակորդի` հենց Խոջալույում գտնվող կրակակետերը, որտեղից 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկվում էին հարձակումների, «Ալազան» և «Կրիստալ» տեսակի կայանքների և «Գրադ» տեսակի ռեակտիվ համազարկային կայանքի կանոնավոր հրետակոծումների: Նախքան Խոջալուի կրակակետերի ոչնչացումը սպանվել էին ավելի քան 20 հայազգի խաղաղ բնակիչներ, մոտակա կոլտնտեսային և անհատական հողատարածքներից առևանգվել` հարյուրավոր մարդիկ, քշվել` հազարավոր գլուխ խոշոր և փոքր եղջերավոր անասուններ: Շարունակվող շրջափակման, մեծ թվով փախստականների, վառելիքի բացակայության, ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի, միջշրջանային ճանապարհների պաշարման և այլ պատճառներով ԼՂՀ-ում, և մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը գնալով` ավելի էր վատթարանում, սպառվել էին սննդամթերքը, դեղորայքը, վառելիքը, որի հետևանքով օդանավակայանի ապաշրջափակումը և Խոջալույում հակառակորդի կրակակետերի վնասազերծումը հույժ կարևոր քայլ էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյատևման համար, որին Ադրբեջանը փորձում էր դատապարտել կործանման: Խոջալուի ռազմական բազայի չեղոքացման անհրաժեշտությունը, մասնավորապես, թելադրված էր այնտեղ կենդանի ուժի և հարձակողական զենքի կենտրոնացման փաստով: Ադրբեջանի իշխանությունները Խոջալու էին տեղափոխել ՕՄՕՆ-ի բազմաքանակ ստորաբաժանումներ, բացի դրանից Խոջալույում հաստատվել էին Ադրբեջանի Ազգային ճակատի մարտիկները: ԼՂՀ ղեկավարությունը պարտավոր էր կասեցնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատրաստվող` հայկական Ասկերան շրջկենտրոնի, այնուհետև` Ստեփանակերտի գրոհի գործողությունը: Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման մարտական գործողությունը սկսվեց 1992թ. փետրվարի 25-ին, ժամը 23:30-ին և ավարտվեց փետրվարի 26-ին, ժամը 3-ին: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչության համար թողեցին միջանք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր: Միջանցքը ձգվում էր Խոջալուի արևելյան ծայրամասից դեպի հյուսիս-արևելք, Կարկառ գետի հունի երկայնքով և քաղաքի հյուսիսային ծայրամասից դեպի հյուսիս-արևելք: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին մարտական գործողությունների գոտուց խաղաղ բնակչությանը տարհանելու համար: Խոջալուի մարտական գործողության ընթացքում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատեցին 13 հայ ռազմագերի, այդ թվում` 1 երեխա և 6 կին, որպես ռազմավար վերցրին 2 «Գրադ» MM-21 տեսակի ռեակտիվ համազարկային կայանք, «Ալազան» տեսակի 4 կայանք, մեկ 100մմ հաուբից և 3 միավոր զրահատեխնիկա: ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայությունը Խոջալույում և նրա մերձակայքում հայտնաբերեց խաղաղ բնակիչների 11 դի: Տարածքը, ուր հետագայում նկարահանվել էին կադրեր` բազմաթիվ սպանվածների մարմիններով, գտնվում է Աղդամ քաղաքից 3կմ և Խոջալուից 11կմ հեռավորության վրա, և մինչև ընդհուպ 1993թ. ամռանը Աղդամի անկումը, գտնվում էր ադրբեջանական կազմավորումների մշտական վերահսկողության տակ, ինչը բացառում է այնտեղ ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքը: ԼՂՀ իշխանությունները Խոջալուի կրակակետերի ճնշմանն ուղղված գործողության նախապատրաստման մասին նախօրոք, դեռևս 2 ամիս առաջ,տեղեկացրել էին ադրբեջանական կողմին, ինչը բազում անգամ հաստատվել էր նաև Ադրբեջանի պաշտոնական անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակ նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն խաղաղ բնակիչների շարասյունը, ինչպես վերը նշվել է, գնդակահարվել էր Աղդամի մատույցներում, ԼՂՀ և Ադրբեջանի Աղդամի շրջանի միջև ընկած սահմանին, ինչն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այդ հանցավոր ակտը կապելով իրեն իշխանությունից հեռացնելուն ուղղված` ընդդիմության փորձերի հետ, տեղի ունեցածի համար ամբողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա: Հետագայում տարածվեցին ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի կողմից նկարահանված կադրեր, ում նաև թույլատրել էին մուտք գործել հայ և ադրբեջանցի զոհված անձանց փոխանակման վայր: Հայտնի է, որ Մուստաֆաևը նկարահանումները իրականացրել է երկու անգամ` երկու օրվա տարբերությամբ: Ֆիլմից երևում է, որ երկրորդ նկարահանման ժամանակ որոշ դիակներ այլանդակվել էին: 1992թ. մարտի 2-ին զանգվածային սպանությունների վայր կատարած երկրորդ թռիչքի ժամանակ լրագրողները նկատել էին, որ գետնին գտնվող դիակների դիրքը և նրանց վնասվածքների ու վերքերի աստիճանը, առաջին զննման հետ համեմատած, ապշեցուցիչ կերպով փոփոխվել է: Եվ դա այն տարածքում, որը մինչ 1993թ. ամառը ամբողջությամբ վերահսկվում էր Ադրբեջանի Ազգային ճակատի կողմից: Հենց այս փաստն են ջանադրաբար թաքցնում ադրբեջանական քարոզիչները: Միանգամայն ակնհայտ է, որ մարմինների դիրքը փոփոխվել էր կատարվածի ամբողջ մեղքը հայկական կողմի վրա բարդելու նպատակով, ստեղծելով այն բանի տեսլականը, թե խոջալուեցիները սպանվել են հայկական կողմից արձակված կրակոցներից: Տվյալ հանգամանքը այնքան էր ապշեցրել Մուստաֆաևին, որ նա դրա մասին անձամբ տեղեկացրել է անձամբ նախագահ Մութալիբովին, որն այդ ժամանակ արդեն ակնհայտորեն կռահում էր ողբերգության պատճառները: Մութալիբովը պատասխանեց հիրավի մարգարեական խոսքերով. «Չինգիզ, ոչ մեկին ոչ մի բառ չասես այն մասին, թե նկատել ես, որ ինչ-որ բան այն չէ: Հակառակ դեպքում քեզ կսպանեն»: Կասկածելով, թէ կատարվածը հայկական կողմի ձեռքի գործն է, Մուստաֆաևը սկսեց անկախ հետաքննություն: Սակայն Մոսկվայի «ДР-Пресс» տեղեկատվական գործակալությանը խոջալուեցիների դեմ տեղի ունեցած հանցանքներին ադրբեջանական կողմի հնարավոր մասնակցության մասին իր տված տեղեկատվությունից հետո, լրագրողը սպանվեց Աղդամից ոչ հեռու, չպարզված հանգամանքներում: Ի դեպ, նույն ճակատագրին արժանացավ նաև դաշտային հրամանատար Ալա Յակուբը, որը անզգուշություն էր ունեցել հայտարարելու, թե «… ինքը կարող էր լույս սփռել Նախիջևանիկի մոտ /Խոջալուի մերձակա հայկական գյուղ/ տեղի ունեցած սպանդի վրա, ինչպես նաև, էական մանրամասներ հայտնել պետական գործիչներին տեղափոխող ուղղաթիռի` վերջերս Ղարաբաղի օդային տարածքում կործանվելու մասին», որի պատճառով էլ 1993թ. ամռանը իշխանության եկած Ադրբեջանի Ազգային ճակատը ձերբակալեց նրան և բանտախցում մահվան հասցրեց… Չեխ լրագրող Յանա Մազալովան, որը ադրբեջանցիների անուշադրության հետևանքով հայտնվել էր մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցուցադրել էին «հայերի կողմից սրբապղծված դիակները», նկատեց վերջիններիս վիճակի էական տարբերություններ: Իրադարձություններից անմիջապես հետո լինելով տեղում ` Մազալովան դիակների վրա ոչ մի վայրագության հետքեր չէր տեսել: Իսկ ահա երկու օր անց լրագրողներին ցուցադրվեցին արդեն նկարահանումների համար «պատրաստած»` այլանդակված մարմինները: Խոջալուի կրակակետերի ճնշման մարտական գործողության որոշ մանրամասնություններ առ այսօր պատված են մթության քողով, ինչն էլ ակտիվորեն շահարկում է պաշտոնական Բաքուն` իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում «Խոջալուի» թեման շարունակում է մնալ ադրբեջանցիների ներքին և արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարերից մեկը: Այնինչ Խոջալուի իրադարձությունների շուրջ ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների, լրագրողների և հենց Խոջալուի բնակիչների կողմից արված արտահայտություններն ու գնահատականները ամբողջովին հերքում են Բաքվի ստահոդ վարկածները: Այսպես, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է.«Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհ են մատուցվել քաղաքական նպատակին» (ադրբեջանական «Զերկալո» թերթ, 1992թ. հուլիս): Թամերլան Կարաևը, որը ժամանակին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր, վկայում է. «Ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները», կոնկրետ` <<վերևում նստածներից մեկը» (ադրբեջանական «Մուխալիֆաթ» թերթ, 1992թ. ապրիլի 28): Ինքը` Հեյդար Ալիևն է խոստովանել, որ Խոջալուի դեպքերի «մեղավորը նաև Ադրբեջանի նախկին ղեկավարությունն է»: Դեռևս 1992թ. ապրիլին նա, համաձայն «Բիլիք-Դունյասը» գործակալության հաղորդագրության, արտահայտեց ցինիզմի հրեշավոր մի միտք. «Արյունահեղությունը մեր օգտին է լինելու: Մեզ պետք չէ միջամտել դեպքերի ընթացքին»: Ավելի ուշ, երբ արդեն իշխանության ղեկին էին Ազգային ճակատի ներկայացուցիչները, իր ձերբակալությունից քիչ առաջ Ադրբեջանի նախկին ազգային անվտանգության նախարար Վագիֆ Հուսեյնովը, ակնարկելով Բաքվի ԱԱՃ-ի որոշ քաղաքական գործիչների, հայտարարեց, որ «1992թ. Բաքվի հունվարյան իրադարձությունները և Խոջալուի իրադարձությունները միևնույն մարդկանց ձեռքի գործն են»: Վերը շարադրված փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորը ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով և հանուն իշխանական պայքարի: Հատկանշական է, որ տարեցտարի աճում է ադրբեջանական կողմից հայտարարվող` զոհերի թիվը: Խոջալուի կրակակետերի ճնշումից մի քանի օր անց ադրբեջանական պաշտոնատար անձինք հայտնեցին զոհվածների թիվը` 100 սպանված, մեկ շաբաթ անց` 1234. խորհրդարանական հանձնաժողովը «ճշգրտեց» այն` 450. Հեյդար Ալիևի կողմից արձակված` «ադրբեջանցիների ցեղասպանության» վերաբերյալ հրամանագրում արդեն խոսվում էր հազարավոր սպանվածների մասին: Այնինչ, Խոջալուի գործողության իրականացման պահին այդքան խաղաղ բնակիչներ այնտեղ չեն եղել, ինչը, ի դեպ, հավաստում են նաև ադրբեջանական պաշտոնական աղբյուրները: Խոջալուի մոտավորապես 2-2.5 հազար բնակիչների, այսինքն նրանց, ովքեր իրականում ապրում էին բնակավայրում, այլ ոչ թե գրանցված էին այնտեղ` վերջինիս քաղաքի կարգավիճակ տալու նպատակով ծավալված հախուռն շինարարության ընթացքում, մեծ մասը լքել էին բնակավայրը նախօրոք: Այսպես, 1993թ. ապրիլի վերջին Պրահայում ԵԱՀԽ համաժողովում ԱՀ ԱԳՆ կողմից տարածվեց թիվ 249 փաստաթուղթը, որը կոչվում էր «Ղարաբաղի վերին հատվածում գտնվող և հայկական զինված ուժերի կողմից գրավված ադրբեջանաբնակ և խառը գյուղերի ցուցակ»: Այդ փաստաթղթի «Խոջալու» անվանման դիմաց գտնվող «բնակչություն» սյունակում նշված էր 855 թիվը: 1992թ. մարտի առաջին տասնօրյակում ադրբեջանցի լրագրողներ Իլյա Բալախանովան և Վուգար Խալիլովը «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի գրասենյակ բերեցին խոջալուեցիների մահվան վայրի նկարահանումների մի տեսաերիզ, որը բաքվեցի հեռուստալրագրողներ էին պատրաստել անմիջապես դաշտի վերևում պտտվող ռազմական ուղղաթիռից: Փաստացի գրասենյակում բոլոր գտնվողները համաձայնվեցին, որ տեսաերիզում պատկերված զոհերի թիվը չի գերազանցում 50-60 հոգուց: Հարկ է նաև նշել, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կողմից մերկացվել է ադրբեջանական մի շարք կայքերում, այդ թվում` Ադրբեջանում հարգված «Հեյդար Ալիևի հիմնադրամի» կայքէջում դրված կեղծ լուսանկարը, որն իբր թե վկայում է Խոջալույում ադրբեջանցիների զանգվածային սպանությունների մասին: Իրականում սակայն լուսանկարը անմիջական կապ ունի Կոսովոյի իրադարձությունների հետ: Բանից անտեղյակ մարդկանց մոլորության մեջ գցելու նպատակով ադրբեջանական քարոզչության կողմից օգտագործվում են նաև այլ բացահայտ կեղծիքներ, մասնավորապես, Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի լուսանկարներ: Իր հրաժարականից մեկ ամիս անց Մութալիբովը չեխ լրագրող Դանա Մազալովային տվեց հարցազրույց, որը հրապարակվեց «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Խոսելով Խոջալուի մասին, Մութալիբովը նշեց, «Ինչպես պատմում են այն խոջալուեցիները, ովքեր փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի պատճառ լիներ իմ հրաժարականի համար: Ինչ-որ ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, ովքեր շատ հստակ և բանիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիները ձեռք բերեն նրանց ֆաշիստական գործողությունների մեջ մերկացնող փաստաթղթեր… Դատողությունների ընդհանուր շղթան այն է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից այնուամենայնիվ թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք կրակել: Մանավանդ, Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային և օգնեին մարդկանց»: Գրեթե 10 տարի անց Ադրբեջանի նախկին նախագահը հաստատեց իր միտքը «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում. «Ակնհայտ էր, որ խոջալուեցիների գնդակահարությունը ինչ-որ մեկի կողմից կազմակերպվել էր Ադրբեջանում իշխանափոխություն կատարելու համար»: «Մոնիտոր» անկախ թերթի ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը 2005թ. փետրվարին 10 օր անցկացրեց ԼՂՀ-ում, ինչի մասին պատմեց իր նյութերում և հարցազրույցներում: Նա նույնիսկ իրեն թույլ տվեց կասկածել Խոջալուի մի խումբ բնակիչների մահվան մասին Բաքվի պաշտոնական վարկածի մեջ, «… Մի քանի տարի առաջ Նաֆթալանում ես հանդիպեցի ժամանակավոր այնտեղ ապրող խոջալուեցի փախստականների հետ, որոնք բացեիբաց խոստովանեցին ինձ… որ դեռևս հարձակումից մի քանի օր առաջ հայերը անընդհատ բարձրախոսներով զգուշացնում էին բնակչությանը` ծրագրվող գործողության մասին, առաջարկում էին քաղաքացիական բնակչությանը` լքել բնակավայրը և շրջափակումից դուրս գալ մարդասիրական միջանցքով, Կարկառ գետի երկայնքով: Իրենց իսկ` խոջալուեցիների խոսքերով, իրենք օգտվել էին այդ միջանցքից և իրոք միջանցքից այն կողմ գտնվող հայ զինվորները կրակ չեն բացել նրանց վրա… Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին, ես լիովին համոզված եմ, որ հայկական միջանցքի բացակայության մասին ենթադրությունները անհիմն են: Միջանցքը իրոք կար, հակառակ դեպքում, ամբողջովին շրջափակված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալուեցիները ոչ մի կերպ չէին կարող ճեղքել օղակը և շրջափակումից դուրս գալ: Սակայն հաղթահարելով Կարկառ գետից այն կողմ ընկած տեղանքը, փախստականների շարանը մասնատվել է, և չգիտես ինչու, խոջալուեցիների մի մասն ուղղվել է Նախիջևանիկի կողմը: Երևում է, ԱԱՃ գումարտակները հետամուտ էին ոչ թե խոջալուեցիների ազատագրմանը, այլ դեպիԱ. Մութալիբովի տապալում տանող ճանապարհի մեծ արյան »: Ղարաբաղից Ֆատուլաևի առաջին տեսանյութը «Մոնիտորում» հրապարակվելուց մի քանի օր հետո, 2005թ. մարտի 2-ն, Բաքվում, իր սեփական տան շեմին անհայտ անձի կողմից գնդակահարվեց թերթի խմբագիր Էլմար Հուսեյնովը: Ինքը` Էյնուլա Ֆատուլաևը, դատապարտվեց մի ամբողջ փունջ մեղադրանքների, այդ թվում` պետական դավաճանության համար… ԱՀ պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը նույնպես հավաստում է, որ Խոջալույում «Մութալիբովի համար թակարդ էր պատրաստված»: Դրանով իսկ խոջալուեցիների զանգվածային սպանության կազմակերպիչները հասան միանգամից երկու նպատակի. հեռացրին ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ պիտանի դարձած Ա. Մութալիբովին և ստացան անմարդկային մեթոդներով պատերազմ վարելու մեջ հայերին մեղադրելուն ուղղված աղմկահարույց արշավի պատրվակ: Ընդսմին, մի տեսակ երկրորդ պլան մղվեց այն փաստը, որ փետրվարի 13-ից ադրբեջանական բանակը սկսեց «Գրադ»-ից մեթոդաբար ավերել 55-հազարանոց Ստեփանակերտը և հարակից հայկական մյուս բնակավայրերը: Helsinki Watch-ի 1992թ. ապրիլի 28-ի հարցազրույցում Խոջալուի բնակչուհիներից մեկն ասել է. «Հայերը ներկայացրել էին վերջնագիր… որ Խոջալուի բնակիչների համար ավելի լավ կլինի քաղաքից հեռանալ սպիտակ դրոշով: Ալիֆ Հաջիևը (Խոջալուի պաշտպանության ղեկավարը) այդ մասին մեզ հայտնեց փետրվարի 15-ին (գրոհից 10 օր առաջ), բայց դա չվախեցրեց ինձ և մյուսներին: Մենք երբեք չենք հավատացել, որ նրանք կկարողանան գրավել Խոջալուն»: Այնուամենայնիվ, այդ նախազգուշացումների արդյունքում Խոջալուի խաղաղ բնակչության մեծ մասը, տեղյակ լինելով պատրաստվող գրոհի մասին, նախապես տեղափոխվեցին անվտանգ վայր: Խոջալուից զանգվածային տարհանումը լայնորեն լուսաբանվում էր ադրբեջանական ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ըստ որում, ադրբեջանական մամուլը նպատակաուղղված ձևով բացասական վերաբերմունք էր ձևավորում ավանը լքող խոջալուեցիների նկատմամբ և անընդհատ անարգանքի սյունին գամում նրանց: Նշենք, որ քաղաքի վերածված Խոջալուն առաջին հերթին լքում էին հենց բռնի ուժով այնտեղ վերաբնակեցված մարդիկ, հիմնականում թուրք-մեսխեթները, չնայած նրան, որ վերջիններիս համար անընդհատ խոչընդոտներ էին ստեղծվում: Ավելին, հայկական կողմից արդեն զգուշացված Խոջալուի քաղաքային վարչակազմը բնակչության տարհանման համար օգնություն էր խնդրում, բայց ապարդյուն: Այսպես, Խոջալույի քաղաքապետը մոսկովյան «Մեգապոլիս-էքսպրես» թերթին տված հարցազրույցում նշել է, որ «քաղաքի գրավման գործողության մասին տեղեկություններ ստանալուց հետո, ես խնդրեցի Աղդամից ուղղաթիռներ ուղարկել ծերերի, կանանց և երեխաների փոխադրման համար: Մեզ վստահեցնում էին, որ ապաշրջափակման գործողություն է պատրաստվում: Բայց օգնություն այդպես էլ չցուցաբերեցին»: Իսկ Ադրբեջանի ազգային ճակատի Աղդամի բաժանմունքի վարչության անդամ Ռ. Հաջիևը պնդում էր, «Մենք կարող էինք օգնել խոջալուեցիներին, կային և ուժեր, և հնարավորություն: Սակայն հանրապետության ղեկավարները ցանկանում էին ժողովրդին ցույց տալ, որ իրենք ուժ չունեն և նորից օգնության կանչեն ԱՊՀ բանակին, նրա օգնությամբ ճնշելով նաև ընդդիմությանը»: Ինչպես տեսնում ենք, Խոջալուի բնակիչները ուղղակի թողնվել էին բախտի քմահաճույքին, դեռ ավելին,, նրանց վիճակվելու էր դառնալ իշխանական պայքարի զոհեր: Այնուամենայնիվ, մարտական գործողությունից առաջ Խոջալուի քաղաքացիական բնակչության մի մասը լքել էր բնակավայրը, և 1992թ. փետրվարի վերջերին տարբեր աղբյուրների տեղեկությամբ այստեղ մնացել էին 1000-ից մինչև 2500 մարդ, որոնց նշանակալի մասը կազմում էին ադրբեջանական զինված կազմավորումները: «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի դիտորդները Խոջալուի ավերածությունների զննման ժամանակ հաստատեցին հրետակոծության, այլ ոչ թե համառ փողոցային մարտերի փաստը, որոնց արդյունքում կարող էին ավելի շատ զոհեր լինել: Պետք է նաև նշել, որ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի պահվածքը կարգավորող համապատասխան հրամանի, խստորեն արգելված էին բռնարարքները հակառակ կողմի խաղաղ բնակչության հանդեպ: Խոջալույում մնացած բոլոր խաղաղ բնակիչները տեղափոխվել էին Ստեփանակերտ, իսկ մի երկու օր անց, իրենց կամքի համաձայն, առանց որևէ նախապայմանների առաջադրման` հանձնվել էին ադրբեջանական կողմին: Խոջալուի բնակիչներին Ադրբեջանին կամավոր հանձնելու փաստը, մանրազնին հետաքննությունից հետո, հաստատվեց Մոսկվայի «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի միության եզրակացության մեջ, ինչպես նաև այդ մասին վկայություն տրվեց պետերբուրգցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայայիի վավերագրական ֆիլմում: Գործողության ավարտից հետո «Արցախ» հանրապետական փրկարարական ծառայության ջոկատները Խոջալույում և նրա մերձակայքում, բացի զինված ջոկատների զինվորական համազգեստով անդամներից, հայտնաբերել էին 11 քաղաքացիական անձանց դիակներ, այդ թվում մեկ երեխայի և չորս կանանց: Այսպիսով, քողազերծվում են ադրբեջանական կողմի պնդումները, այսպես կոչված, Խոջալուի ադրբեջանական խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման մասին: Այդ մասին են վկայում նաև ադրբեջանական զինվորականների ռադիոբռնումները Աղդամում, որոնք հետագայում հրապարակվել են հենց ադրբեջանական ԶԼՄ-ներում: Մոսկովյան «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի զեկուցագրում նշվում է, որ Աղդամում, որտեղ գտնվում էին բոլոր փախստականները, անց է կացվել 181 դիակների (130 արական սեռի, 51 իգական սեռի, այդ թվում նաև 13 երեխաների) պետական դատաբժշկական փորձաքննություն:Փորձագետների եզրակացությունից հետևում է, որ 151 մարդու մահվան պատճառ էր հանդիսացել հրազենային վիրավորումը, 20 մարդունը` բեկորային վիրավորումը, 10 մարդունը` բութ առարկայով հասցված հարվածը: ԼՂՀ պաշտոնական մարմինները դիտորդներին հայտնեցին, որ իրենց կողմից Աղդամ են հանձնվել մոտ 130 դիակներ (Խոջալուի և Նախիջևանիկի մոտ բոլոր զոհվածները), որոնցից 96-ը հուղարկավորվել էին Աղդամում, իսկ մնացածներին տարել էին հարազատները: Տարբեր աղբյուրների տվյալների համադրումը, այդ թվում`ադրբեջանական, համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը չէին ծրագրել և, առավել ևս, ոչ մի գործողություն չէին ձեռնարկել Խոջալու բնակավայրի քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման ուղղությամբ: Հարկ է նշել նաև, որ փետրվարի 26-ին Խոջալույում պահվում էին 47 հայազգի ռազմագերիներ, սակայն գործողության ավարտից հետո այնտեղ մնացել էին միայն 13 հոգի (նրանց թվում մեկ երեխա և վեց կին), մնացած 34-ը ադրբեջանցիների կողմից տարվել էին անհայտ ուղղությամբ և չկան տեղեկություններ այն մասին, որ իրոք նրանք հետագայում գտնվել են ադրբեջանական գերեվարության մեջ: Ընդհանրացնելով վերը նշվածը, կարելի է արձանագրել, որ Խոջալուի բնակիչները դարձել էին Բաքվի իշխանությունների կեղտոտ խաղերի պատանդները, որոնք այնուհետև այդ ողբերգությունը վերածեցին շահարկային քաղաքական կապիտալի: Խոջալուի բնակիչների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարված դավաճանությունը պաշտոնական Բաքուն փորձում է ներկայացնել որպես հայերի վրեժխնդրություն` Սումգայիթում կազմակերպված արյունալի խրախճանքի համար: Ընդ որում, ամբողջ քարոզչությունն իրականացվում է վառ արտահայտված անվանարկումներով և հայերի դեմ ուղղված էթնիկ անզսպության և ատելության շիկացմամբ: «Խոջալու» խաղաքարտը կանոնավոր կերպով խաղարկելով` պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում և Ադրբեջանի /որի ողջ տարածքով մեկ փաստորեն բացեիբաց իրականացվում էր հայերի բնաջնջում/ այլ բնակավայրերում, ինչպես նաև ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Մարաղա գյուղում /ուր 1992թ. ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշվեարդար տեսան մոտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ/ կազմակերպված հայկական կոտորածներից: Ցավոք, համաշխարհային հանրության կողմից առ այսօր պատշաճ գնահատականի չեն արժանացել Ադրբեջանի կողմից կատարված այդ հանցագործությունները: ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչություն

ԼՂՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

«Միջհամայնքային» ձևաչափն անընդունելի է 

Ադրբեջանի իշխանությունները նորից ակտիվորեն արմատավորում են «միջհամայնքային» հասկացությունը, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության էությունը աղավաղելուն, ձևափոխելու հակամարտության փաստացի եռակողմ ձևաչափը պաշտոնական Բաքվին համար շահավետ երկկողմ ձևաչափի:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է ԽՍՀՄ կազմալուծման ընթացքում դեզինտեգրացիայի բնականոն գործընթացի հետևանքով առաջացած խնդրի լուծմանը քաղաքակիրթ մոտեցումներ ցույցաբերելու` պաշտոնական Բաքվի անընդունակության արդյունքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ ձևավորվել է` լիովին համապատասխանելով ինչպես այն  ժամանակաընթացքում գործող օրենսդրությանը, այնպես էլ  բոլոր միջազգային նորմերին, Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի օբյեկտ է դարձել` ողղված ԼՂՀ քաղաքացիների ֆիզիկապես բնաջնջմանը: Անհաջողություն կրելով իր իսկ կողմից սանձազերծված պատերազմում` Բաքուն, դժբախտաբար, սկսել է հմտանալ քաղաքականության բնագավառում ինտրիգների և սադրանքների մեջ: Ղարաբաղյան հակամարտությունը որպես «միջհամայնքային» ներկայացնելու փորձերը պաշտոնական Բաքվի քարոզչական հնարքն են  հանդիսանում, որը կոչված է միջազգային հանրությանը շեղել խնդրի իրական  էությունից և հերթական անգամ վկայում է Բաքվի իշխանությունների մոտ հակամարտությունը խաղաղ կարգավորելու քաղաքական կամքի և ցանկության բացակայության մասին:

«Միջհամայնքային» ձևաչափը հեռահար նպատակներ է հետապնդում, մասնավորապես, միակողմանիորեն վերադարձնել ադրբեջանցի փախստականներին Լեռնային Ղարաբաղ` առանց լուծելու Ադրբեջանից տեղահանված կես միլիոն հայերի հարցը, նախկին «գաղութի» և նախկին «մետրոպոլիայի» խնդիրը ձևափոխել տարածաշրջանի բնակիչների միջէթնիկական խնդրիներով, այն դեպքում, երբ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Բաքվի իշխանությունների ընդհանուր խտրական քաղաքականության հետևանքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության գործոնի անտեսումը և կայացած ղարաբաղյան պետությունը ներկայացնելը որպես տարածք Ադրբեջանի կազմում` երկու համայնքների հավասար իրավունքներով:  Վերջին հաշվով, Բաքվի հաշվարկներով  վերոնշյալն ամբողջությամբ պետք է ընկած լինի «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման» ի սկզբանե անկենսունակ ձևաչափի հիմքում:

Ղարաբաղյան կողմը «միջհամայնքային» մոտեցումը ոչ միայն անհեռանկար, այլև չափազանց վտանգավոր է համարում, քանի որ այն խաղաղարար գործընթացը տանում է փակուղի և վարկաբեկում է ինքնին խաղաղարության գաղափարը, լրացուցիչ լարվածություն և անվստահություն է մտցնում հակամարտության կողմերի հասարակությունների միջև:

Ադրբեջանական փոքրամասնությանը նշված կարգավիճակի արհեստականորեն տրամադրման փորձը զուրկ է որևէ իրավական հիմքից, մասնավորապես, հակասում է Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության ինքնուրույն կողմ ճանաչելու մասին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմանը (1994թ.)` առանց «համայնքները» հիշատակելու: Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը կախված չի եղել հայերի և ադրբեջանցիների փոխհամաձանյության առկայությունից: Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչները, ում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից հնարավորություն էր տրվել մասնակցել քվեարկությանը և երկրի ճակատագրի որոշմանը, նախընտրել  էին հեռանալ Ղարաբաղից և նորահռչակ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ դառնալ:

ԼՂՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչների միջև կառուցողական երկխոսությունը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության իրավաբանորեն ճանաչումից հետո: Միայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների ուղղակի բանակցություններն են ընդունակ կոնկրետ արդյունք ապահովել խնդրի համապարփակ լուծման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման առումով:

09.12.2011

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից վերջին նախաձեռնությունների և Բաքվի արձագանքի կապակցությամբ

2011թ. սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անց կացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հանդիսացել են ժողովրդավարական գործընթացի հերթական հաջող դրսևորումը: Իշխանության մարմինները, որոնք ձևավորվել են, բազմաթիվ միջազգային դիտորդների գնահատման համաձայն, ազատ քվեարկության միջոցով, կոչված են շարունակելու մեր հանրապետությունում ղարաբաղի ժողովրդի ինքնակազմակերպվածության բարձրացման, ինչպես նաև բաց և ժողովրդավարական հասարակության  հիմքերի հետագա ամրապնդման մշտական գործընթացը:
ԼՂՀ քաղաքացիները օգտվել են ազատ ընտրության` աշխարհի բոլոր ժողովրդների անօտարելի իրավունքից: Այս համատեքստում մենք դիտարկում ենք ԼՂՀ-ում ժողովրդավարական գործընթացների ցանկացած քննադատություն` չհիմնավորված և միջազգային հարաբերությունների զարգացման ժամանակակից միտումներին չհամապատասխանող:
Բացի դրանից, ԼՂՀ ԱԳՆ-ն տեղին է համարում Ադրբեջանին հիշեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ժողովրդավարական զարգացման և քաղաքացիական հասարակության ամրապնդման իրավունքից զրկելու փորձերի դատապարտվածության մասին և միաժամանակ մտահոգություն է հայտնում հարևան հանրապետությունում նույնատիպ գործընթացների բացակայությամբ:
Նախարարությունը նաև դիմում է միջազգային հանրությանը կառուցողական և հետևողական վերաբերմունք դերսևորել ԼՂՀ-ում բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք նպաստում են Հյուսիսային Կովկասում բաց և ժողովրդավարական հասարակության ձևավորմանը:

 Հոկտեմբերի 1 ,  2011թ.

Ստեփանակերտ

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը

Ուսումնասիրելով <<Միջազգային ճգնաժամային խմբի>>`/ICG/ <<Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը>> զեկույցը` ակամայից հանգում ես այն եզրակացության, որ այն գրվել է բացառապես նպատակ ունենալով համոզել Հայաստանին <<մեղմացնել>> դիրքորոշումը բանակցային գործընթացում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում:

Հայտնի է, որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումները բանակցային գործընթացում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այն մասով, որով ԼՂՀ-ն լիազորել է նրան: Սակայն, խաղաղարար գործընթացի բոլոր գործող անձինք, ինչպես նաև հասարակական հատվածը, որը շահագրգռված է ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության խաղաղ կարգավորման մեջ, այդ թվում նաև ICG-ին, պետք է հաշվի առնեն այն փաստը, որ վերջին խոսքը, այնուամենայնիվ, պատկանում է ԼՂՀ ժողովրդին ու իշխանություններին:

Այլ հարց է` ինչքանով է օբյեկտիվ այն զեկույցը, որը գրվել է Լեռնային Ղարաբաղից հազարավոր կիլոմետրեր հեռու, իսկ զեկույցի հեղինակները ոչ մի անգամ, թեկուզ քաղաքավարության համար, չեն այցելել ԼՂՀ: Էլ չխոսելով այն բանի մասին, որ վերջին ժամանակներս <<Միջազգային ճգնաժամային խմբի>> եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հաստատվել է Ստամբուլում, որտեղ, հիմք ընդունելով ԶԼՄ-ի հրապարակումներն ու հաճախ իրականությունից կտրված տեղեկությունները, խորհուրդներ է տալիս հակամարտության կողմերին: Չէ որ նույնիսկ մեկ անգամ այցելելով ԼՂՀ, ոչ միայն կարելի է ըմբռնել հակամարտության էությունը, այլև համոզվել հանրապետության կայացած լինելու և կենսունակության մեջ:

Փաստորեն, ICG-ին առաջարկում է լուծել հակամարտության հետևանքները, այլ ոչ թե բուն հակամարտությունը, ինչը կողմերի հասարակությունների միջև ծայրահեղ լարվածության պայմաններում կրակի վրա յուղ է լցնում: Սաբինա Ֆրեյզերը, միգուցե առանց գիտակցելու, նոր ճգնաժամային իրավիճակ է ստեղծում, ինչին էլ հենց ձգտում է ադրբեջանա-թուրքական տանդեմը, որպեսզի, օգտվելով աղմուկից, փորձի լուծել հարցը իր ձևով: Պատահական չէ, որ Ֆրեյզերը Անկարային է վերագրում տարածաշրջանում հիմնական կարգավորողի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդի դերը: Այնպես որ, <<Միջազգային ճգնաժամային խմբին>> տեղին է անվանել <<Ճգնաժամերի ստեղծման խումբ>>:

Անշուշտ, Արցախում կիսում են ՄՃԽ-ի անհանգստություններն առ այն, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, և որ այն ամբողջ տարածաշրջանի համար աննախադեպ կործանարար հետևանքներ է ունենալու: Սակայն, նմանատիպ զեկույցներում հարկ է նշել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակների կոնկրետ մեղավորներին: Շփման գծում առկա լարվածությունը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակամետ քաղաքականության արդյունքն է: Ադրբեջանում սաստկացող ռազմական հռետորաբանության և ռազմատենչ տրամադրությունների աճի պայմաններում անհասկանալի է արտասահմանյան պետությունների միջնորդների և ներկայացուցիչների մեղմ դիրքորոշումը, որոնք արդեն վաղուց պետք է վճռականորեն դատապարտեին նախագահ Ալիևին` կոչ անելով նրան հրաժարվել սպառնալիքների քաղաքականությունից և բանակցությունների սեղանի շուրջ նստել հակամարտության հիմնական կողմի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: ՄՃԽ առաջարկությունները, ցավոք, չեն կարող լուծել սկզբունքային տարաձայնությունները: Մանր զիջումների մարտավարությունն ագրեսիվ կողմի օգտին պարզապես կբորբոքի նրա ախորժակը:

Պատերազմին պետք է հակադրել ոչ թե շրջանակային համաձայնության ստորագրումը և այլ կիսամիջոցներ, այլև ԼՂՀ ճանաչումը: Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության ստորագրման արագացումը, առանց նրա բոլոր հիմնական դրույթների մանրակրկիտ ուսումնասիրման, << դանդաղ գործողության ական>> կդառնա ամբողջ խաղաղարար գործընթացի համար:

Ներկա իրավիճակում անհրաժեշտ է ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական բնույթի վստահության միջոցների արագ իրականացում: Միջազգային հանրությունը պետք է անմիջական հարաբերություններ հաստատի Լեռնային Ղարաբաղի հետ: ԼՂՀ ինտեգրումը միջազգային գործընթացներին գրեթե այն միակ գործիքն է միջազգային հանրության արսենալում` հակազդելու նոր պատերազմի տանող իրավիճակին: Միջազգային հանրության կողմից ԼՂՀ անտեսումը հօգուտ Ադրբեջանի պարզապես ուժեղացնում է վերջինիս վստահությունն առ այն, որ նա նոր ագրեսիայի իրավունք ունի:

Միջազգային հանրությունը չպետք է կրկնի 1990-ական թվականների սկզբին կատարած սխալը, երբ Ադրբեջանի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի համանման իրավունքի մերժումը ընկալվեցին Ադրբեջանի կողմից որպես քարտ-բլանշ ԼՂՀ դեմ լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելու և նրա ժողովրդի կամքը ճնշելու համար: Արդյո՞ք ժամանակը չէ դասեր քաղել անցյալից:

ք. Ստեփանակերտ,
18.02.2011
* * *
<<Հանուն Ղարաբաղի խաղաղության>> ստորագրահավաք Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների շրջանում

 Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ 2011 թ. հունվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ ֆրանսիացի պատգամավորների շրջանում կազմակերպված <<Հանուն Ղարաբաղի խաղաղության>> վերտառությամբ ստորագրահավաքի միջակա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսը: Նախաձեռնության շարժառիթը Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաճախակի խախտումներն էին, իսկ անմիջական ազդակը` հունիսի 18-ին Մարտակերտից արևելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունը:
 ՀՀ Դեսպանության, Փարիզում ԼՂՀ ներկայացուցչության, ֆրանսհայ համայնքային կառույցների և Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համագործակցության արդյունքում 2010-ի տարեկեսից ձեռնարկված ստորագրահավաքը, ըստ ֆրանսիացի պատգամավորների, տպավորիչ արդյունք գրանցեց: Ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ ներկա դրությամբ Հայտարարության տեքստի տակ դրված են ֆրանսիայի Ազգային ժողովի 577 պատգամավորներից 145-ի ստորագրությունները` ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդից ավելին, և որ գործընթացը դեռևս շարունակվում է:
 Ասուլիսին ելույթով հանդես եկան Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, պատգամավորներ Ռընե Ռուքեն, Ժաք Ռըմիլիեն, Գի Տեսսիեն, նորերս պատգամավոր դարձած Մարի Էլեն Թորավալը, այլ պատգամավորներ:
 Որոշվեց հայտարարության տեքստը և այն ստորագրած պատգամավորների ցուցակները ուղարկել Ֆրանսիայի ԱԳՆ` ի գիտություն, ինչպես նաև այն տարածել ֆրանսիական լրատվամիջոցների շրջանում:
Կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ 145 ֆրանսիացի պատգամավորներ, որոնց մեծ մասը ներկայացված է նաև ԵԽԽՎ, ԵԱՀԿ և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում և այլ եվրոպական ներկայացուցչական մարմիններում, այս ակցիայով հստակորեն դատապարտեցին Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ու գործողությունները և պաշտպան կանգնեցին սեփական կառավարության դիրքորոշմանը` քաղաքական երկխոսության միջոցով ԼՂ հիմնահարցին խաղաղ լուծում գտնելու վերաբերյալ:
 
Հայտարարության տեքստը
<<Հանուն Ղարաբաղի խաղաղության>> 


Հարավային Կովկասում լարվածությունն ավելի ու ավելի է ուժգնանում։ Չնայած 2010թ. հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ուրբաթ օրը՝ հունիսի 18-ին, ադրբեջանական բանակը նախահարձակ է եղել Մարտակերտից արևելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ: Ռազմական գործողության արդյունքում հայկական կողմը տվել է 4 զոհ, 4 վիրավոր, ադրբեջանականը՝ 1 զոհ։ Ադրբեջանի կողմից զինադադարի այս խախտումն անընդունելի է։  
Այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ջանքեր են գործադրում ԼՂ հիմնահարցի լուծման փոխզիջումային տարբերակներ գտնելու համար, չի կարելի թույլ տալ, որպեսզի Բաքուն երկակի խաղ խաղա` այն է` դիվանագիտական և ռազմական գործողությունների լեզվով։
Այս հարցը, սակայն, կարող է միայն քաղաքական լուծում ստանալ. տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող ցանկացած ռազմական միջամտություն պետք է բացառվի հիմնահարցի կարգավորման օրակարգից։ Խաղաղ ապագա ունենալու և ժողովրդավարություն կառուցելու համար Հարավային Կովկասում չպետք է տիրի բռնության մթնոլորտ։ Եվ անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, վերջին վերապրողները մի ժողովրդի, որոնց գոյությունը իրենց պապենական հողերի վրա նվազել է շագրենի կաշվի պես` 1915թ. ցեղասպանությունից ի վեր, դատապարտված լինի ապրելու մշտատև ռազմական ճնշման ներքո։  
Մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական և կառուցողական երկխոսության միջոցներով։
Մենք դատապարտում ենք զինադադարի ցանկացած խախտում, որպիսին եղավ հունիսի 18-ին` խլելով 5 մարդու կյանք։ Զենքի սպառնալիքի ներքո անհնար է վստահություն նախադրյալներ կառուցել։
Մենք հորդորում ենք ֆրանսիական կառավարությանը առավել ջանքեր գործադրել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ և դիմում ենք գլխավոր անձանց պատասխանատվության զգացողությանը` գտնելու համաձայնեցված, խաղաղ և երկարատև լուծում տարածաշրջանի համար։ 

 * * *

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: Հարավային Սուդանի հանրաքվեի անցկացումը վկայում է այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը հանդիսանում է նմանատիպ հակամարտությունների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակը: Այդ կերպ են լուծվել Եթովպիայի և Էրիտրեայի, Ինդոնեզիայի և Արևելյան Թիմորի միջև հակամարտությունները:
ԼՂՀ ԱԳՆ-ն գոհունակությամբ է ընդգծում միջազգային հանրության դիրքորոշումը, որն անհրաժեշտ ճնշում է գործադրել Խարթումի կենտրոնական իշխանության վրա և հերթական անգամ աջակցություն է հայտնել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմանը` որպես պետական անկախության հռչակման և հետագա պաշտոնապես ճանաչման հիմք:
ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Հարավային Սուդանի հանրաքվեի արդյունքը կլինի երկարատև խաղաղության և կայունության հաստատումը, որը թույլ կտա ջանքերն ուղղել տարածաշրջանի երկրների միջև կառուցողական և փոխշահավետ համագործակցությանը:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը աշխարհի տերությունների կողմից օբյեկտիվ և կայուն հետևողականություն է ակնկալում ադրբեջանա-ղարաբաղյան և նմանատիպ հակամարտությունների նկատմամբ նույնատիպ մոտեցում կիրառելու հարցում` միջազգային իրավունքի կիրառման ժամանակակից միտումների ոգով և 2009թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձևին համապատասխան: Այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքից օգտվել է դեռևս 1991թ.-ին` անցկացված հանրաքվեով արտահայտվելով անկախության օգտին և իր կամքը հաստատել է 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունմամբ:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումը և միջազգային հանրության անգործությունը հանգեցրել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի, որի արդյունքում սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորները ենթարկվել են էթնիկական զտումների և տեղահանումների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների զոհ են դարձել:
Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ժողովրդի արդեն իսկ կայացած կամարտահայտության արդյունքների միջազգային ճանաչումը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման և Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև քաղաքակիրթ հարաբերությունների կերտման համար պայմանների ստեղծման ամենակարճ ուղին:
ԼՂՀ ԱԳՆ-ն փաստում է, որ մարդկանց ազատությունն ու անվտանգությունը ժամանակակից աշխարհում բարձրագույն արժեքներ են հանդիսանում: Մարդու հիմնական իրավունքների իրացմանը խոչընդոտելու ցանկացած փորձ պետք է դիտվի քաղաքական իրավիճակից անկախ և միջազգային հանրության կողմից միանշանակ և խիստ գնահատականի արժանանա :  

ք. Ստեփանակերտ,
  24 հունվարի 2011թ.  

 * * *
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին ժամանակներս Ադրբեջանը ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /ԼՂՀ/ այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը փաստում է պաշտոնական Բաքվի հերթական ապակառուցողական նախաձեռնությունը: Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարևան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին դիպչող գործընթացներին անհիմն են և պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսևորում:
Երկու տասնամյակ շարունակ ԼՂՀ-ն զարգանում է որպես անկախ, ժողովրդավարական հանրապետություն, որն ի վիճակի է պաշտպանել իր ինքնիշխանությունը և ապահովել իր քաղաքացիների` բոլոր ժողովրդավարություններին հատուկ ընդհանուր իրավունքներն ու ազատությունները: Անկախության տարիների ընթացքում երկիր են այցելել տասնյակ հազարավոր հյուրեր քաղաքակիրթ աշխարհի երկրների մեծ մասից: Հանրապետությունում մշտապես գործում են միջազգային, այդ թվում նաև ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնես-ձեռնարկությունների ներկայացուցչություններ: Ամեն տարի ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է զբոսաշրջիկների թվի` միջինը 15-տոկոսյա աճ, ինչը վկայում է ղարաբաղյան ֆենոմենի հանդեպ միջազգային հանրության անկեղծ և աճող հետաքրքրության մասին:
Ցավոք, ԼՂՀ պետականության ամրապնդման ցանկացած վկայություն Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում, ինչի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հաճախ դիմում են պետական շանտաժի և այլ բնորոշ գործողությունների, որոնք հակասում են միջազգային իրավական և բարոյական նորմերի ժամանակակից համակարգին:
Վերջին նախաձեռնությունը Բաքվի կողմից ոտնձգություն էր Ղարաբաղի ժողովրդի շահերի նկատմամբ, ինչը խոչընդոտում է ԱՀ և ԼՂՀ միջև փոխվստահության ձևավորմանը, որն էլ իր հերթին անհրաժեշտ պայման է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդյունավետ կարգավորման համար:
Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ապակառուցողական քայլերից և իր քաղաքական կապիտալն ուղղի Հարավային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված բանակցություններին` հաշվի առնելով առկա իրողությունները:
ք. Ստեփանակերտ

21 հունվարի 2011թ.

* * * 

11-10-2010
ԼՂՀ տարածքում անցկացվող ԵԱՀԿ դաշտային առաքելության կապակցությամբ Արցախի քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և ստեղծագործական միությունները նամակով դիմել են ԵԱՀԿ Գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին և Մինսկի խմբի համանախագահներին, որը նույն օրը փոխանցվել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստը.
                                                     ԵԱՀԿ Գործող նախագահ պրն. Սաուդաբաևին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ. 
դեսպան Բրադկեին` Միացյալ Նահանգներ
դեսպան Պոպովին` Ռուսաստանի Դաշնություն                                                 
դեսպան Ֆասիեին` Ֆրանսիայի Հանրապետություն
Ձեզ դիմելու առիթը այս օրերին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ԵԱՀԿ դաշտային առաքելության իրականացումն է եւ դրա հետ կապված մեր երկրի հանրային-քաղաքական կյանքում շրջանառվող կարծիքներն ու մտահոգությունները:
Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը` ԵԱՀԿ առաքելության նպատակն է: Եթե իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու՞ է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում` ԼՂՀ տարածքում:
Գնահատելով ձեր իրազեկվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմության մասին, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել տարածաշրջանի ներկայիս հումանիտար իրավիճակի ձևավորման վրա ազդեցություն թողած որոշ փաստեր և իրադարձություններ.
Մարզային լայն ինքնավարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավաենթակայությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին սահմանվել է Ռուսաստանի կոմունիստական /բոլշևիկների/ կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի արձանագրությամբ:
Մինչ այդ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի հարցի լուծումը վերապահել էր Փարիզի խաղաղության վեհաժողովին:
Այդուհանդերձ, միայն երկու տարի անց, 1923թ, ԼՂ հայ մեծամասնության ներկայացուցիչների և Խորհրդային Հայաստանի համառ պնդումներից հետո, Ադր. ԽՍՀ Կենտգործկոմը հռչակել է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Մարզը, որի սահմաններից, սակայն, դուրս են թողնվել գերազանցապես հայաբնակ և պատմականորեն մեկ ամբողջության մաս կազմող շրջաններ, իսկ Շուշի քաղաքը` զրկվել է մայրաքաղաքի կարգավիճակից:
Սույն միակողմանի և ԼՂ հայ մեծամասնության շահերը ոտնահարող որոշումը խորհրդային իշխանության բոլոր տարիներին հարուցել է դժգոհություններ և բողոքներ, որոնք խորհրդային Ադրբեջանի կառավարության կողմից դաժանորեն բռնաճնշվել են և դարձել հայ բնակչության արտագաղթի պատճառ:
Բավական է ասել, որ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ընդամենը 25 տարում, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի թիվը կրճատվել է 22 հազարով: Եվ դա այն դեպքում, երբ մարզի ադրբեջանական բնակչությունը նույն ժամանակահատվածում գրեթե եռապատկվել էր:
Լեռնային Ղարաբաղի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին է խոսում այն փաստը, որ 1941-45թթ. պատերազմի տարիներին գործող բանակ է զորակոչվել բնակչության ավելի քան մեկ երրորդը` 44 000 մարդ, որի ուղիղ կեսը զոհվել է: Տոկոսային հարաբերակցությամբ` մարդկային նման ահռելի կորուստներ կրել են միայն այն ժողովուրդները, որ ենթարկվել են ֆաշիստական օկուպացիայի և էթնիկ զտումների: Համեմատության համար, կարծում ենք, արժե նկատել, որ ամբողջ Ադր. ԽՍՀ բնակչության միայն շուրջ 20 տոկոսն է զորակոչվել:
Լեռնային Ղարաբաղի հայաթափման խնդիրը մշտապես եղել է Ադրբեջանի պետական քաղաքականության օրակարգում: 2001թ., ընդունելով մի խումբ գրողների, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը պարծենում էր, որ 1969-82թթ., լինելով Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ, կարողացել է ԼՂ-ում ժողովրդագրական իրավիճակը <<արմատապես փոխել հօգուտ ադրբեջանցիների>>: Սա այն եզակի դեպքերից է, երբ նախագահ Ալիևը ճշմարտությունն է ասել:
Ներկայում աշխարհի ամենատարբեր երկրներում ապրում են ծագումով ԼՂ-ից շուրջ մեկ միլիոն հայեր, որոնց զգալի մասը քաղաքական հետապնդումների, ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի և ապրուստի հնարավորություն չունենալու պատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը:
Էթնիկական վերջին զտումները ԼՂ-ում, նրան հարակից հայաբնակ Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում ռազմական ուժի բիրտ կիառմամբ իրականացվել են 1991-92թթ., ինչի հետևանքով ավելի քան 50 000 հայեր հայրենազրկվել են: Ընդհանուր առմամբ, 1988-92 թվականներին, Ադրբեջանից տարհանվել են 420 հազար հայեր, որոնք միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածք և հարստություն են թողել այդ երկրում, չարժանանալով որևէ փոխհատուցման:
Ցավոք, Ադրբեջանը փակեց երկխոսության պատուհանը և դիմեց բռնության: Մեզ այլ ելք չէր մնում, քան, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, անկախություն հռչակել, ստեղծել պետական կառավարման ազգային ինստիտուտներ և դիմակայել ռազմական ագրեսիային, որը ավերածությունների ու տասնյակ հազարավոր մարդկային զոհերի ու զրկանքների պատճառ է դարձել:
Մինչդեռ մարդկային այս, ինչպես նաև հակամարտության գոտու ադրբեջանցի բնակչությանը բաժին ընկած տառապանքներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանի իշխանությունները տեղաշրջանի հայ մեծամասնության մարդկային իրավունքների նկատմամբ ցուցաբերեին պարզ ընկալունակություն:
Այսպիսով, ստեղծված իրավիճակը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանք է: Ուստի և մարդկային զրկանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ծանրացած է Ադրբեջանի կառավարության վրա:
Վերջինիս հանցավոր գործելաոճը շարունակվում է և այսօր, ինչն արտահայտվում է Ադրբեջանում ջանադրաբար իրականացվող հայատյաց գաղափարախոսությամբ, սպառազինության ներմուծման ծավալների սրընթաց աճով և ռազմատենչ հայտարարություններով:
Հակամարտող կողմերի միջև միջնորդություն ստանձնած կառույցը, հուսով ենք, գիտակցում է, որ նման գործելաոճը ոչ միայն չի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այլև հրահրում է նոր պատերազմ:
Մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ ստեղծված իրավիճակում, երբ Ղարաբաղյան կողմը զրկված է բանակցային գործընթացին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, հետևանքների համար նորից պատասխանատու է լինելու Ադրբեջանը և խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած կառույցը: Ուստի, ակնկալում ենք, որ ձեր հետագա միջնորդական ջանքերը ոչ թե կքաջալերեն նոր արյունահեղության մոլուցքով տառապող Ադրբեջանի հիվանդ երևակայությանը, այլ կսթափեցնեն նրան և կնպաստեն քաղաքակիրթ երկխոսության միջավայրի ձևավորմանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը:   
  1. <<Ազատ հայրենիք>> կուսակցություն
  2. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
  3. Հայ Յեղափոխական դաշնակցության Արցախի կազմակերպություն
  4. Արցախի Արմենական կուսակցություն
  5. ԼՂ կոմունիստական կուսակցություն
  6. Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատների  միություն
  7. Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողների     հարազատների միություն
  8. <<Հելսինկյան նածաձեռնություն-92>> ԼՂ կազմակերպություն
  9. Արցախի գրողների միություն
  10. Արցախի ժուռնալիստների միություն
  11. ԼՂՀ նկարիչների միություն
  12. Արցախի մտավորականների միություն
  13. Արցախյան պատերազմի վիրավոր ազատամարտիկների      <<Վիտա>>կազմակերպություն
  14. ԼՂՀ փախստականների միություն
  15. Պատերազմի և աշխատանքի վետերանների միություն
  16. ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա
 ք. Ստեփանակերտ

11 հոկտեմբերի, 2010թ.

*** 
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼՂՀ ազատագրված տարածքներում <<ԵԱՀԿ գնահատման առաքելության>> իրականացման մասին կայացված որոշման առթիվ ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների Խորհրդի անդամները անհրաժեշտ են համարում հայտարարել.
Մենք <<ԵԱՀԿ գնահատման առաքելությունն>> ընկալում ենք իբրև մի միջոցառում, որը  սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում և որից օգտակար բան չի ակնկալվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար:
Այն դեպքում, երբ պաշտոնական Բաքվից սպառնալիքներ են հնչում ԼՂՀ և նրա ժողովրդի հասցեին, և Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է շանտաժը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ սկսելու մասին, վերջին մի քանի ամիսներին ամեն օր գնդակոծվում է շփման գիծը և մարդիկ են զոհվում, չեն դադարում ադրբեջանական զինված կազմավորումների փորձերը` իրականացնել հետախուզական-դիվերսիոն գործունեություն ԼՂՀ տարածքում, երբ Բաքուն հավաստում է լոկ իր ագրեսիվ նպատակները` կտրականորեն հրաժարվելով դիպուկահարներին դուրս բերել շփման գծից, միջնորդները, փոխանակ զբաղվեն այդ հարցերի փաթեթով, կազմակերպում են մի առաքելություն, որը նման է ագրեսիվ կողմին խաղաղեցնելու փորձի:
Մեզ` Արցախի հասարակության ներկայացուցիչներիս համար, անհասկանալի է, թե ինչու ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը և Ադրբեջանի զինված կազմավորումների ագրեսիվ պահվածքը, ինչը սպառնում է վերածվել ծավալուն ռազմական գործողությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից անուշադրության են մատնվում և չեն արժանանում նրա հասցեագրված գնահատականին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող-երկրները, որոնք ստանձնել են խաղաղ կարգավորման պատասխանատվությունը, պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի կանխվեն բռնությունն ու ցանկացած որևէ արարք, ինչը սադրում է լարվածության ուժգնացում:
Ավելին, միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՀԿ գնահատման առաքելության աշխատանքի արդյունքները պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվելու են տեղեկատվական պատերազմի ընդլայնման նպատակով, նույն կերպ, ինչպես ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն է շարունակում լկտիաբար շահարկել ԵԱՀԿ նախկին առաքելությունների աշխատանքի արդյունքները:
ԵԱՀԿ ենթադրվող գնահատման առաքելության միակողմանի բնույթը, մեր կարծիքով, չի կարող դրական լիցք հաղորդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:
Որպեսզի առաքելությունը կարողանա ներկայացնել ամբողջական պատկերը, այն միաժամանակ պետք է անցկացվի նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված` ԼՂՀ տարածքներում:
Գնահատման առաքելությունը պետք է հանրության ուշադրությունը սևեռի նաև  այդ տարածքներում հայկական մշակույթի պատմական կոթողների նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի վրա, որոնց նպատակն է` ոչնչացնել հայկական էթնոսին այդ հողերի պատկանելության ամեն մի պատմա-մշակութային ապացույց, այդ թվում` նշված տարածքները ադրբեջանական ազգության անձանցով բնակեցնելու միջոցով:
Մենք մեր բողոքն ենք արտահայտում` ընդդեմ միջնորդների կողմից հայ փախստականների և հարկադիր տեղափոխված անձանց իրավունքների քամահրման:
Դրանից բացի, հայրենիքից արդեն մեկ անգամ զրկված հայերը, ովքեր բռնագաղթել են Ադրբեջանից, իրենց գլխավերևում տանիք ձեռք բերել ազատագրված տարածքներում, դարձյալ պետք է հոգեբանական ճնշման ենթարկվեն` սթրեսի ձևով և չգիտես ինչու` բացատրեն այդ հողում ապրելու իրենց իրավունքը:
Մենք խորապես համոզված ենք, որ ցանկացած որոշում պետք է կայացվի համահավասարության հիմքի վրա, ելնի իրավահավասարության և արդարության սկզբունքներից, հաշվի առնի հակամարտության մեջ ներգրավված բոլոր հասարակությունների կարծիքը, իսկ որ գլխավորն է` նպաստի լարվածության և բռնության բացառմանը, կայուն խաղաղության հաստատմանը:
7 հոկտեմբերի 2010թ.
***
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ <<...մենք հատել ենք ոչ թե սահմանը, այլ շփման գիծը>>:

Պարոն Ֆասյեն, լինելով փորձառու դիվանագետ, չի սխալվել ասելով, որ համանախագահները հատել են ոչ թե սահմանը, այլ շփման գիծը, միանգամից երկու պատճառներով: Նախ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատել են ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ շփման գիծը հենց ԼՂՀ տարածքից, որն առայսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից: Երկրորդը, դա շփման գծի հենց այն հատվածն է, որն Ադրբեջանի համառ և ագրեսիվ ջանքերի շնորհիվ վերջին ժամանակներս աստիճանաբար վերածվում է ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ դիմակայության:

Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անձամբ են իրականացրել դիտարկումը` շփման գծի հատումով` նպատակ ունենալով նվազեցնել ԼՂՀ և ԱՀ զինված ուժերի միջև դիմակայության աստիճանը:  

09.09.2010

***

 
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Միջազգային դատարանի Կոսովոյի անկախությանը վերաբերող որոշման  կապակցությամբ
Արդարադատության Միջազգային դատարանը ս. թ. հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը:

Այդ որոշումն ունի չափազանց կարևոր իրավական, քաղաքական  ու բարոյական, ինչպես նաև համընդհանուր նախադեպային նշանակություն և իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով:

Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիային, որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորը տեղահանվեցին և դարձան փախստականներ: Այդ գործողությունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել քաղաքացիական ժողովրդավարական պետություն՝ այն դարձնելով Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը:

Արցախի ժողովրդի՝ իր սեփական պետությունն ունենալու և կառուցելու, ինչպես նաև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն, անկասկած, կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ այն լիովին իրականացվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան և հանդիսանում է արդար ու տառապյալ նվաճում:

Հուլիսի 24, 2010թ.

Ստեփանակերտ 

***
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը 
1988թ. փետրվարի վերջին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները իրենց վայրագությամբ և դաժանությամբ ցնցեցին համաշխարհային հասարակայնությանը: Դրանք դարձան ողջ խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության մարմնացումը:
Ցավոք, փետրվարի 27-ից 29-ը պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական չստացան, իսկ կազմակերպիչներն ու գլխավոր իրագործողները ոչ միայն պատժից խուսափեցին, այլև առայսօր բարձր դիրքեր են գրավում Ադրբեջանում:  ԽՍՀՄ պաշտոնական մարմինները շտապեցին տաբու դնել <<սումգայիթ>> թեմայի վրա` արհեստականորեն մասնատելով հայերի կոտորածը առանձին հանցագործությունների: Այլ կերպ ասած, իրականացված ցեղասպանությունը քողարկվեց, իսկ կազմակերպիչներն ու կատարողները պաշտոնական մակարդակով պաշտպանվեցին:
Սումգայիթի ցեղասպանությունը լռության մատնելու քաղաքականությունը հնարավոր դարձրեց Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հանրապետության ամբողջ տարածքում էթնիկ զտումների իրականացումը, իսկ հետագայում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ  լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ծավալումը: Ջախջախիչ պարտություն կրելով իր սանձազերծած պատերազմում` պաշտոնական Բաքուն, այնուամենայնիվ, չի պատրաստվում դասեր քաղել ոչ հեռու անցյալից և այսօր էլ շարունակում է ուժեղացնել ռազմատենչ հռետորությունը:
Պաշտոնական Բաքվի` ճշմարտության աչքերին նայել չկամենալը միայն հեռացնում է Արցախի և Ադրբեջանի միջև վստահություն հաստատելու հեռանկարը, առանց ինչի անհնար է հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու տարածաշրջանային այլ խնդիրների լուծմանը:
***
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունը 
Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ վաղուց արդեն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությունը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել: Պաշտոնական Բաքվի զրպարտությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում  գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու և Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին և հրետակոծություններին, այդ թվում նաև <<Գրադ>> համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:
Ղարաբաղի բնակչության համար կենսականորեն կարևոր խնդիր կատարելով` Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին  միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ` ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով:
Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից երեք կիլոմետր և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչև 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ:
<<Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ  <<միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին>>,- գրել է ռուսական Նեզավիսիմայա գազետա-ն 1992թ. ապրիլի 2-ին: Օգոնյոկ ամսագիրն իր հերթին (N 14-15, 1992թ.) նշում է` <<…Խոջալուի վրա կատարված հարձակումը հանկարծակի չի եղել>>:
 Այս ռազմական գործողությունների որոշ մանրամասնություններ առայսօր պատված են մշուշով, ինչն ակտիվորեն չարաշահում է Ադրբեջանի քարոզչամեքենան` դիմելով տարաբնույթ խեղաթյուրումների, կեղծիքների և բացահայտ ստի: Անցած տարի ԼՂՀ ԱԳՆ-ն հասարակայնության ուշադրությունն է հրավիրել մի կեղծ լուսանկարի վրա` տեղադրված մի շարք ադրբեջանական կայքերում, այդ թվում նաև կեղծ գաղափարներ ծնող <<Հեյդար Ալիևի Հիմնադրամ>>-ի կայքէջում(www.azerbaijan.az): Իրականում լուսանկարը անմիջական կապ է ունեցել Կոսովոյի իրադարձությունների հետ և հենց որպես այդպիսին` այն բազմաթիվ այլ լուսանկարների հետ միասին տեղադրված է եղել մեկ հատուկ գերմանական և սերբական ու ալբանական ֆորումներում, Նյու-Յորք թայմս հեղինակավոր  հրատարակչության կայքէջում և այլն: Ընթացիկ տարում նշված կեղծիքին ավելացել են նորերը: Այսպիսով, փետրվարի 24-ին Երևանում կայացած www.xocali.net նախագծի շնորհանդեսի ժամանակ  ներկայացվել է ադրբեջանական կողմից օգտագործվող մոտ 20 կեղծ ֆոտոնյութ, մասնավորապես, Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի, Սրեբրենիցայի կոտորածների զոհերի  լուսանկարներ և այլն: Բացի այդ, Աղդամի ողբերգության զոհերի ցուցակներում աղաղակող կեղծարարություններ են հայտնաբերվել, որոնք ներկայացվում են ադրբեջանական դեսպանատների, նախագահական գրադարանների և այլ պաշտոնական կառույցների կողմից: Կայքում ներկայացված են նաև թուրք-մեսխեթների հարցաքննությունների մասին տեսանյութեր, որոնց համաձայն` չնայած Խոջալուն գրոհելու մասին հայկական կողմի նախազգուշացումներին, ադրբեջանցի զինվորականներն արգելել են ադրբեջանական իշխանությունների կողմից արհեստականորեն բնակեցված թուրք-մեսխեթների ընտանիքներին տարհանվել:
Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդեպ դավաճանությունը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրև Սումգայիթի արյունալի վաքխանալիայի համար հայերի վրեժխնդրություն:
Սակայն Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների և լրագրողների արտահայտություններն ու գնահատականները ամբողջությամբ հերքում են պաշտոնական Բաքվի կեղծ դրույթները: Այսպես, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է. <<Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակի համար>>/ ադրբեջանական Զերկալո  թերթ, 1992թ. հուլիս/:Թամերլան Կարաևը, ով ժամանակին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր /այժմ Հնդկաստանում ԱՀ դեսպան/, վկայում է. <<Ողբերգությունը իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները>>, կոնկրետ` <<վերևում նստածներից ինչ-որ մեկը>> /ադրբեջանական Մուխալիֆատ թերթ, 28 ապրիլի, 1992թ./ :Հեյդար Ալիևն ինքը խոստովանել է, որ Խոջալուի իրադարձություններում <<մեղավոր է նաև Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը>>: Դեռևս 1992թ. ապրիլին, Բիլիկ-Դունյասը գործակալության հաղորդագրության համաձայն, նա ահավոր ցինիկ մի միտք է արտահայտել. <<Արյունահեղությունը մեզ օգուտ կբերի: Դեպքերի ընթացքին խառնվելու հարկ չկա>>: Արդյո՞ք Ադրբեջանի <<հայրը>> այս խոսքերի համար պատասխանատվություն է կրել:Չեխ լրագրող Յանա Մազալովան, ադրբեջանցիների անուշադրության պատճառով հայտնվելով մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցույց էին տալիս <<հայերի կողմից պղծված դիակները>>, էական տարբերություն է նկատել վերջիններիս վիճակում: Դեպքերից անմիջապես հետո լինելով  դաշտում` Մազալովան դիակների վրա վայրագության որևէ հետք չի տեսել: Սակայն մի քանի օր անց լրագրողներին ներկայացրել են արդեն նկարահանումների համար <<նախապատրաստված>> այլանդակված մարմիններ:
Ռուսական Մեգապոլիս-էքսպրես թերթը գրել է. << Չի կարելի չընդունել, որ եթե Ադրբեջանի Ժողովրդական ճակատը հեռուն գնացող նպատակներ էր հետապնդել` հասել է դրանց: Մութալիբովը վարկաբեկված ու տապալված է, համաշխարհային հասարակական կարծիքը ցնցված է, ադրբեջանցիներն ու նրանց եղբայրական թուրքերը հավատացել են <<Խոջալուում ադրբեջանական ժողովրդի այսպես կոչված ցեղասպանությանը>>:
Ինչպես հայտնի է, դեռևս փետրվարի 26-ին Խոջալուում պահվում էր 47 հայ-պատանդ, ինչի մասին ադրբեջանական ԶԼՄ-ը գիտակցաբար լռում են: Խոջալուի ազատագրումից հետո նրանցից մնացել էր միայն 13-ը /որոնցից վեցը` կանայք, մեկը` երեխա/, մնացած 34-ին ադրբեջանցիները տարել են անհայտ ուղղությամբ: Առայսօր ոչ մի տեղեկություն չկա  նրանց հետագա ճակատագրի մասին: Հայտնի է միայն մեկ բան` նրանց գյուղից հեռացրել են ռազմական գործողության գիշերը, սակայն Աղդամ նրանք չեն մտել:
Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին տպավորություն ստեղծել որ հայերն են պղծել դիակները, առաջին հերթին այլանդակել են հենց հայ պատանդների մարմինները, որպեսզի դրանց ինքնությունը հնարավոր չլինի պարզել: Հենց այդ նպատակով էլ շատ դիակների վրայից հանվել է վերնազգեստը, հենց այդ պատճառով էլ զոհերի մարմիններն անարգանքների են ենթարկվել` դրանք անճանաչելիության աստիճանի հասցնելով:
Ելնելով վերոնշյալ փաստերից, համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաև այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով և իշխանության հասնելու համար:
Ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների <<ցեղասպանությունը>> միֆ է, որը ստեղծվել է դեռևս Հեյդար Ալիևի կողմից և որը պաշտպանել է գահաժառանգ Ալիև-կրտսերը` միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում  և շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաև հայ խաղաղ բնակչության և սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական և այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով: 
 25.02.2010  
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հունվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը` ի դեմս <<Ժողովրդավարություն>>, <<Հայրենիք>> եւ <<ՀՅԴ-Շարժում-88>> խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերի կապակցությամբ:
Ստորեւ ներկայացվում է Հայտարարության ամբողջական տեքստը:
Քսան տարի առաջ պաշտոնապես դեռեւս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետականորեն կազմակերպվեց եւ սառնասրտորեն ի կատար ածվեց հայ բնակչության զանգվածային սպանդը: Առանձնակի դաժանությամբ սպանվեցին հազարավոր անմեղ մարդիկ` կանայք, երեխաներ ու ծերունիներ, իսկ տասնյակ հազարավորները, մարմնական ծանր վնասվածքներ ու հոգեկան ցնցումներ կրելով, հայրենազրկվեցին եւ բռնատեղահանվեցին:
Բաքվի հունվարյան ջարդերը, փաստորեն, Արեւելյան Անդրկովկասի բնիկ և իրավամբ պետականակիր հայ ժողովրդի նկատմամբ 1905-1906, 1918-1920 եւ 1988-1990թթ. իրագործված բռնությունների ու տեղահանությունների վերջին ակորդը հանդիսացան: Դա Ադրբեջանի իշխանությունների յուրօրինակ պատասխանն էր հայրենի բնօրրանում արժանապատիվ ապրելու` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, արդարացի եւ օրինական իրավունքի, որն իրականացվեց ԽՍՀՄ իշխանությունների հանցավոր թողտվությամբ:
Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, վերստին դատապարտելով քսաներորդ դարի ողջ ընթացքում Ադրբեջանում կազմակերպված  հակահայ   բռնությունները, որոնց հետեւանքով տեղաբնիկ հայ բնակչությունը զրկվել է պետականորեն ինքնակազմակերպվելու անօտարելի իրավունքից և, մասնավորապես, 1990թ. հունվարի 13-ից Բաքվում սկիզբ առած ջարդերը,  դրանք  գնահատում ենք որպես.
-մարդու իրավունքների և ազատությունների, առաջին հերթին` ապրելու իրավունքի  զանգվածային խախտման փաստ,
-այլատյացության և ազգային անհանդուրժողականության, էթնիկ զտումների` Ադրբեջանի պետական քաղաքականության ակնհայտ դրսեւորում,
-մարդկության դեմ պետականորեն կատարված ծանրագույն հանցագործություն` Ցեղասպանություն, որի համար պատասխանատվությունը, միջազգային իրավունքի համաձայն, վաղեմության ժամկետ չունի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում իրագործված հակահայ բոլոր բռնությունները, տեղահանություններն ու էթնիկ զտումներն ստանան իրավական գնահատական, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվեն պատասխանատվության` անկախ նրանց քաղաքական ու հասարակական ներկա դիրքից կամ կեցության վայրից:
Ի դրսեւորումն այդ օրինական եւ արդարացի նպատակադրման, մենք դիմում ենք ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարաններին.
-անցկացնել 1990թ. հունվարի 13-ից մինչեւ 20-ը Բաքվի հայ բնակչության դեմ իրագործված բռնությունների անաչառ հետաքննություն եւ իրավական գնահատական տալ ոճրագործության կազմակերպիչների եւ իրականացնողների գործողություններին,
-հավասարության նշան չդնել խաղաղ պայմաններում պետականորեն կազմակերպված հանցագործությունների եւ այն զրկանքների միջեւ, որ տարածաշրջանի ժողովուրդները կրել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով:
Հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու համար պահանջում ենք դատապարտել եւ պատժամիջոցներ կիրառել հանցավոր պետության նկատմամբ: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլեւ միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ:
 
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը 

Հունվարի 13-ին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակը, որոնք դարձան <<ինտերնացիոնալ>> համարվող ադրբեջանական մեկ այլ քաղաքում`Սումգայիթում 1988թ. փետրվարին հայերի կոտորածների անմիջական եւ տրամաբանական շարունակությունը:

Անպատիժ չարիքը կրկնվեց` ընդլայնելով իր մասշտաբները: 1990թ.   հունվարի 13-19-ը, մարդկանց դեմ ամենադաժան պատժամիջոցների կիրառմամբ, Բաքվի կոտորածը վերջակետ դրեց  այդ երկրի պետականաստեղծ ազգերից մեկի ներկայացուցիչներից`Բաքվի փառք ու պարծանք հանդիսացող ժողովրդից` հայերից Ադրբեջանի մայրաքաղաքը էթնիկ զտելու հարցում: Բաքվի հազարավոր հայեր զոհվեցին, հաշմանդամ դարձան, հարյուր հազարավորները` փախստական: Հիրավի ֆաշիստական վայրագությունների զոհ գնացին հիմնականում երեխաներ, ծերեր, կանայք:

Խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությամբ, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության լուռ համաձայնությամբ ու մասնակցությամբ` հայոց հարցը լուծվեց թուրքական փորձված գործիքի` ցեղասպանության միջոցով: Եւ եթե Սումգայիթում խոհրդային զորքերը <<ուշացան>> 3 օրով, ապա Բաքվում` մի ամբողջ շաբաթով` քաղաք մտնելով միայն այն ժամանակ, երբ այնտեղ գրեթե հայ չէր մնացել:

Բաքվի հրեշավոր ոճրագործությանը առայժմ ոչ՛ քաղաքական, ոչ՛ իրավական, ոչ՛ բարոյական գնահատական չի տրվել: Հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից լռության մատնելու փաստն ինքնին աղաղակող ցինիզմ է: Անգամ զղջումի որեւէ նշույլի բացակայությունը, դեռ ավելին, հայ ժողովրդի հանդեպ աճող սպառնալիքները հաստատում են, որ <<բաքուները>>, <<սումգայիթները>>, <<կիրովաբադները>> դեռեւս մնում են Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության օրակարգում: Եւ այս ամենը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, որը, ըստ ամենայնի, չի պատրաստվում դասեր քաղել անցյալից. չէ որ հենց միջազգային հանրության թողտվությամբ է հնարավոր դարձել արյունալի վաքխանալիան, որը համակել էր Խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքը եւ Բաքվում իր գագաթնակետին էր հասել 1990թ. հունվարին:

Բաքվի հայկական ջարդերը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության` Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինության օգտին ամենահամոզիչ փաստարկներից մեկն են հանդիսանում:

Հայերի հանդեպ վայրագությունները, որոնք կանոնավոր կերպով կազմակերպվում էին Ադրբեջանի իշխանությունների կողմից ողջ 20-րդ դարի ընթացքում, կրկին անգամ ընդգծում են Արցախի ժողովրդի իրավացիությունը, որը պայքարի ելավ իր վաղնջական իրավունքների ազատության ու պաշտպանության համար:

ԼՂՀ  ԱԳՆ հայտարարությունը
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ է համարում հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ.
ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ  մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը` անտեսելով առկա իրողությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով: Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք  մասնակցությամբ: Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, ճակատագիրը եւ ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության:
Հույս ունենք, որ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ  դերակատարները թույլ չեն տա տարածաշրջանի ստատուս քվոյի խախտումը` որպես հետեւանք կարգավորման ներկայիս բանաձեւի հիման վրա բանակցային գործընթացի  արագացման:
Ելնելով վերոնշյալից` գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ԼՂՀ վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում:
15.07.2009
Ադրբեջանը շարունակում է շահարկել <<խոջալուի>> թեման 
Ադրբեջանում ավանդական հակահայկական արշավ է սկսվել` կապված 1992 թ. Խոջալուի իրադարձությունների հետ: Ընդ որում, պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը նախկինի պես խտրություն չի դնում միջոցների մեջ` ողբերգության մեջ հայկական կողմին մեղադրելու համար` միջազգային հանարության եւ սեփական ժողովրդի գիտակցության մեջ ներարկելով հայատյացության թույնի նոր չափաբաժին: Դեռ ավելին, Բաքուն շարունակում է արդեն մերկացած կեղծիքներ տիրաժավորել:
Այսպիսով, անցած տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հասարակության ուշադրությունը հրավիրեց կեղծված լուսանկարին, որ տեղադրված էր մի շարք ադրբեջանական կայքէջերում, այդ թվում նաեւ Ադրբեջանում մեծ հարգանք վայելող <<Հեյդար Ալիեւի հիմնադրամ>> կայքէջում (www.azerbaijan.az): Նշվել է, որ հարեւան երկրի քարոզչական մեքենան փորձում է օգտագործել այն, որ բացի լուսանկարի առաջնային պլանում քաղաքացիական անձանց դիակների, ետնամասում երեւում է ինչ-որ բնակավայրի ծայրամաս: Այն,ըստ երեւույթին, պետք է ճշմարտություն հաղորդի Խոջալուում ադրբեջանցիների զանգվածային սպանությունների մասին Բաքվի տարբերակին: Մինչդեռ վերոհիշյալ լուսանկարի գունավոր տարբերակը միանգամայն հերքում է այդ վարկածը` զոհվածների արտաքին տեսքի, նրանց հագուստի եւ այլնի առումով: Իրականում լուսանկարը անմիջականորեն առնչվում է Կոսովոյի հետ: Հենց այդ որակով բազմաթիվ այլ լուսանկարների հետ այն տեղադրվել է եւ հիշատակվում է սերբական, ալբանական, գերմանական, ինչպես նաեւ <<Նյու Յորք թայմս>> հեղինակավոր պարբերականի կայքէջերում:
Այնուամենայնիվ ցուցադրված բացահայտ կեղծիքը, ըստ ամենայնի, շարունակում է մնալ շատ ադրբեջանական կայքէջերում` մոլորության մեջ գցելով չտեղեկացվածներին: Ամբողջ աշխարհով մեկ նաեւ տարածվում են տվյալ կեղծիքով բուկլետներ:
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հիշեցնում է, որ 1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման եւ նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել <<Ալազան>>, <<Կրիստալ>> եւ համազարկային կրակի <<Գրադ>> ռեակտիվ կայանքներից:
Խոջալուի կրակակետերի վնասազերծումը ԼՂՀ բնակչության համար կենսական անհրաժեշտություն էր:
Խոջալուում Օդանավակայանի ապաշրջափակումը եւ հակառակորդի կրակակետերի վնասազերծումը ԼՂՀ բնակչության համար կեսական անհրաժեշտություն էր: Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել է հակառակորդ կողմը: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին եւս հակառակորդին տեղեկացվել էր երկու ամիս առաջ, ինչը հաստատել են նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, այնժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը: Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողություների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա.Մութալիբովը` այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու եւ պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:
Տարածքը, որտեղ հետագայում բազմաթիվ սպանվածների դիակներով կադրեր են նկարահանվել, գտնվել է Աղդամից` 3, Խոջալուից 11 կմ հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993 թ. ամռանը Աղդամի անկումը տվյալ տարածքը ամբողջովին վերահսկվւմ էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, ինչը բացառում էր ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքն այդտեղ:
Առայսօր մշուշապատ են մնում այդ ռազմական գործողության որոշ մանրամասներ, ինչն ակտիվորեն շահարկվում է պաշտոնական Բաքվի կողմից իր քաղաքական նպատակներին հասնելու համար:
Հատկանշական է, որ այդ ամբողջ քարոզչությունը տարվում է վառ արտահայտված հակահայկական շեշտադրումներով ու օգտագործվում ադրբեջանցիների շրջանում հայերի դեմ ուղղված էթնիկ անհանդուրժողականության եւ ատելության շիկացման համար:
Ցավոք, <<խոջալուի>> թեման շարունակում է մնալ Ադրբեջանի ներքին եւ արտաքի տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարը ղարաբաղյան հիմնախնդրի ենթատեքստում: 

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչություն


Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com