Որոնում:

Բիշքեկյան արձանագրություն - MFA NKR

Բիշքեկյան արձանագրություն

ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման մասնակիցները.

-վճռականություն արտահայտեցին ամենայն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, որը ոչ միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև էականորեն շոշափում է տարածաշրջանի մյուս երկրների շահերը, լրջորեն բարդացնում միջազգային իրավիճակը,

-պաշտպանելով ԱՊՀ պետությունների երկրների ղեկավարների 1994 թվականի ապրիլի 15-ի խորհրդի հայտարարությունը, պատրաստակամություն հայտնեցին լրիվ աջակցություն ցուցաբերել զինված դիմակայության դադարեցմանը և նրա հետևանքների վերացմանն ուղղված գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ղեկավարների ջանքերին` համապատասխան համաձայնագրի շուտափույթ կնքման միջոցով,

-հանդես եկան հակամարտության դադարեցման գործում Համագործակցության և Միջխորհրդարանական վեհաժողովի բնական ակտիվ դերի, դրա հետ կապված ՄԱԿ-ի և ԵԱՀԿ սկզբունքների, նպատակների և կոնկրետ խնդիրների իրագործման օգտին /ամենից առաջ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևեր/,

-կոչ արեցին բոլոր հակամարտող կողմերին լսել ողջախոհության ձայնը. մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը` հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա /այդ թվում և դիտորդների տեղակայման մասով/, և արդյունավետ աշխատանքով սեղմ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական և թշնամական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, գրավված տարածքներից զորքերի դուրս բերում և հաղորդակցման ուղիների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ,

-համաձայնվեցին առաջարկել ԱՊՀ անդամ-պետությունների խորհրդարաններին` քննարկել Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վ.Ֆ. Շումեյկոյի և վեհաժողովի խաղաղարար խմբի ղեկավար Մ.Շ.Շերիմկուլովի նախաձեռնությունը Համագործակցության խաղաղարար ուժերի ստեղծման մասին,

-նպատակահարմար գտան շարունակել նման հանդիպումները` ի շահ զինված հակամարտությունների խաղաղ լուծման,

-երախտագիտություն հայտնեցին Ղրղստանի ժողովրդին և ղեկավարությանը` աշխատանքի համար հիանալի պայմաններ ստեղծելու, սրտաբացության և հյուրընկալության համար:

Պատվիրակությունների անունից`

Ա.Ջալիլով/Ռ.Գուլիևի ստորագրությունը/

Կ.Բաբուրյան

Բ.Արարկցյան

Վ.Շումեյկո

Մ.Շերիմկուլով

Վ.Կազիմիրով/Ռուսաստանի Դաշնության Նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար/

Մ.Կրոտով/ԱՊՀ անդամ-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավար/

Բիշքեկ 5 մայիսի 1994թ.  

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com