1991-1994 թթ. պատերազմը

1991-1994 թթ. պատերազմը 

1991

1991թ. սկզբներից Ադրբեջանի ղեկավարությունը ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի հայ բնակչության իրավունքները ոտնահարող նոր գործողություններ ձեռնարկեց: Հունվարի 2-ին Ադրբեջանի հեռուստատեսությունը հաղորդեց Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հրամանագիրը` ԼՂԻՄ-ում և նրան հարակից ադրբեջանական շրջաններում նախագահական կառավարում մտցնելու մասին: Մարզում տարածվեցին հայ ժողովրդին ուղղված թռուցիկներ` ամենասեղմ ժամկետներում Լեռնային Ղարաբաղի սահմանները թողնելու վերջնագրով:

Հունվարի 14-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց երկու հարևան` հայկական Շահումյանի եւ ադրբեջանական Կասում Իսմայլովի շրջանները միավորելու մասին` նրանց տալով մեկ անվանում` Գերանբոյի շրջան: Ակնհայտորեն Ադրբեջանի ղեկավարության նպատակն էր վերացնել ևս մեկ հայկական շրջան` տեղահանելով նրա արմատական բնակչությանը և հայկական գյուղերը բնակեցնելով ադրբեջանցիներով: Այդ ժամանակ Շահումյանի շրջանում ապրում էր շուրջ 20 հազար մարդ, որի 82 տոկոսը կազմում էին հայեր:

Հունվարի 22-ին Ադրբեջանի օմօնը Ստեփանակերտի օդանավակայանում կոպտորեն պահեց և Բաքու ուղարկեց ՌԽՖՍՀ ԳԽ մի խումբ պատգամավորների, որոնք ՌԴ ԳԽ առաջադրանքով մարզ էին ժամանել` իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղում և հարակից հայկական շրջաններում իրավիճակն ավելի ու ավելի էր շիկանում: Հայ ժողովրդի դեմ ուղղված պատժամիջոցներից հայտնի է <<Օղակ>> գործողությունը, որը 1991 թվականի ապրիլի վերջերին մայիսի սկզբներին անցկացվեց Ադրբեջանի միլիցայի հատուկ նշանակության ջոկատների և ԽՍՀՄ ՆԳՆ համատեղ ուժերով: <<Անձնագրային ռեժիմի ստուգման>> պատրվակով իրականացվեց պետական ահաբեկչության աննախադեպ ակտ, որը հետապնդում էր շարժումը գլխատելու, ազգային միասնությունը խարխլելու նպատակ: Առաջին զոհերը դարձան Ադրբեջանի Խանլարի շրջանի հայկական Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի բնակիչները: Արական բնակչությունը դուրս տարվեց անհայտ ուղղությամբ, <<անձնագրային ռեժիմի ստուգումն>> ուղեկցվում էր բռնությամբ, թալանով, ավազակություններով: Երեք շաբաթվա ընթացքում տեղահանվեց Ղարաբաղի 24 գյուղերի բնակչությունը. Խանլարի շրջանում` 2, Շահումյանի շրջանում` 3, Հադրութի շրջանում` 15 և Շուշիի շրջանում` 4: Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ գոտում սպանվեց ավելի քան հարյուր, պատանդ վերցվեցին հարյուրավոր մարդիկ:

Ապրիլի 24-ին Հայաստանի ԳԽ նախագահը նամակ հղեց ԽՍՀՄ ղեկավարներին` խնդրելով շտապ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանի հայ բնակչության պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման համար: Մայիսի 3-ին համանման խնդրանքով ԽՍՀՄ նախագահ Մ.Գորբաչովին դիմեց Հայաստանի կուսակցական ակտիվը: Մայիսի 4-ին տեղի ունեցան Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները Միխայիլ Գորբաչովի և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ, սակայն դրանք անցան անարդյունք: ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը եւ ադրբեջանական օմօնականները առաջվա պես շարունակում էին պատժիչ գործողությունները: Իրադարձությունների զարգացումը տանում էր դեպի լայնածավալ պատերազմ:

ԽՍՀՄ ԳԽ-ն մայիսի 6-ին քննարկեց Հայաստանի պահանջը` ԼՂԻՄ-ում տիրող իրադրության և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կտրուկ սրման առթիվ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումար հրավիրելու մասին: Որոշվեց հիմնախնդրի քննարկումը շարունակել ԽՍՀՄ ԳԽ ազգությունների խորհրդի հանձնաժողովում: Մինչդեռ նույն օրը Գետաշենից ռազմական ուղղաթիռներով Ստեփանակերտ տեղափոխվեցին 700 հայ փախստականներ:

Հասարակական կազմակերպությունների կողմից մայիսի 7-ին Ստեփանակերտում նախատեսված բողոքի հանրահավաքը արգելվեց զինվորական պարետատան կողմից: Նախօրյակին քաղաքով մեկ շրջող զրահամեքենաները բարձրախոսներով ժողովրդին իրազեկում էին, թե անհնազանդության դեպքում զենք է կիրառվելու:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ կացության կապակցությամբ մարզխորհրդի գործկոմը արտակարգ դրություն հայտարարեց մարզում` այդ մասին իրազեկելով համաշխարհային հանրությանը: Նույն օրը մարզկոմը դիմեց ՄԱԿ-ին եւ աշխարհի մի շարք երկրների ղեկավարությանը` խնդրելով քաղաքական ապաստան տալ ԼՂԻՄ հայ բնակչությանը և դրանով իսկ նրան փրկել ֆիզիկական բնաջնջումից:

1991 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ մարզխորհրդի գործկոմի ընդլայնված նիստ, որտեղ մշակվեցին մարզի քաղաքական և տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներ: Ղեկավարությունը որոշում ընդունեց հասնել նրան, որպեսզի վերականգնվեն ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ խորհրդի լիազորությունները, անցկացվեն մարզխորհրդի նոր ընտրություններ, մշակվի Արցախի գոյատևման ծրագիր և մանրակրկիտ աշխատանք կատարվի Ադրբեջանի ագրեսիային զինված դիմադրություն ցույց տալու համար: Ադրբեջանական ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար կազմվեց ներկայացուցչական պատվիրակություն: Բաքվում կայացած բանակցությունների շնորհիվ հաջողվեց հաստատել ժամանակավոր խաղաղություն:

Հունիսի 24-ին ԼՂԻՄ պատվիրակությունը մեկնեց Մոսկվա` հանդիպելու երկրի ղեկավարության հետ` նպատակ ունենալով քննարկել իշխանության մարզային մարմինների գործառույթների վերականգնման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ադրբեջանական կողմի հետ հնարավոր երկխոսության հարցը: Հունիսի 29-ին պատվիրակությանն ընդունեց ԽՍՀՄ փոխնախագահ Գ.Յանաևը, որը հավանություն տվեց նրա նախաձեռնությանը և խոստացավ օժանդակել երկխոսությանը և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը: Անհաջողության մատնվեցին ԽՍՀՄ նախագահ Մ.Գորբաչովի հետ հանդիպելու` պատվիրակության փորձերը: Նույն օրը ԼՂԻՄ ներկայացուցիչներին ընդունեց ԽՍՀՄ ԳԽ նախագահ Ա.Լուկյանովը, որը արտահայտվեց ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի վերականգնման անհրաժեշտության օգտին և խոստացավ ԳԽ պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ` իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Հանդիպումներ կայացան նաև ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ.Յազովի, Ներքին գործերի նախարար Բ.Պուգոյի, ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Տրուբինի, ԽՍՀՄ նախկին արտաքին գործերի նախարար Է.Շեվարդնաձեի հետ: Սակայն, այդ հանդիպումները գործնական արդյունքներ չտվեցին:

Ադրբեջանական ղեկավարությունը շարունակում էր հայ բնակչության տեղահանման քաղաքականություն` այն ներկայացնելով որպես կամավոր վերաբնակեցում: Գործողությունը ուղեկցվում էր կոպիտ ուժի և զենքի կիրառմամբ, սպանություններով և խեղումներ պատճառելով, կողոպուտով ու ավազակություններով:

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ադրբեջանական կողմի հետ երկխոսություն սկսելու հարցը: Հուլիսի 20-ին ԼՂԻՄ պատվիրակությունը Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ա.Մութալիբովի հետ, սակայն կոնկրետ արդյունք ձեռք չբերվեց:

Ղարաբաղցիների ազգային-ազատագրական շարժման բեկումնային փուլ դարձավ սեփական պետականության` որպես բնակչության և նրա բնակության տարածքի անվտանգության ապահովման միջոցի ստեղծումը:

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին: ԼՂՀ գործկոմի նախագահ ընտրվեց Լեոնարդ Պետրոսյանը: Փաստորեն դրան ի պատասխան ադրբեջանական կողմն առաջին անգամ Ստեփանակերտը հրետակոծեց <<Ալազան>> տեսակի հրթիռակայանքից, ինչը հետագայում պարբերական դարձավ:

Սեպտեմբերի 22-ին խաղաղարար առաքելությամբ Ստեփանակերտ ժամանեցին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ.Ելցինը և Ն.Նազարբաևը, որոնց ուղեկցում էր Ա.Մութալիբովը: Հաջորդ օրը Ժելեզնովոդսկում /Ռուսաստան/ Բ.Ելցինի և Ն.Նազարբաևի նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների միջև կայացան բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ, որոնց արդյունքում ընդունվեց համատեղ կոմյունիկե: Պատվիրակությունը գլխավորում էր արցախյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից մեկը` Ռոբերտ Քոչարյանը:

Բ.Ելցինի և Ն.Նազարբաևի միջնորդական նախաձեռնությունը չհանգեցրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բարելավմանը: Ընդհակառակը, ադրբեջանցիները կտրուկ սաստկացրին հրետակոծումները և հայկական բնակավայրերի վրա կատարվող հարձակումները, որոնք բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձան:

Հոկտեմբերի 15-ին Ժելեզնովոդսկի փաստաթղթի կատարման ընթացքին ծանոթանալու համար Բաքու ժամանեցին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների ներկայացուցիչները: Նրանց ընդունեց Ադրբեջանի նախագահ Ա.Մութալիբովը, որը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հարցը իրավազոր է լուծելու միայն Ադրբեջանը, և ոչ ոք չպիտի միջամտի իր ներքին գործերին: Մինչդեռ Բաքվում ամեն օր տեղի էին ունենում Ադրբեջանի ժողովրդական ճակատի հակահայկական հանրահավաքներ, որտեղ Ղարաբաղը նվաճելու նպատակով կանոնավոր բանակ ստեղծելու կոչեր էին հնչում:

Նույն թվականի նոյեմբերի 23-ին Ադրբեջանի ԳԽ-ն օրենք ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը լուծարելու մասին, որի համաձայն ԼՂԻՄ-ը վերացվեց իբրև ազգային տարածքային կազմավորում, իսկ ԼՂ շրջանները վերանվանվեցին և վերաենթարկվեցին նորաստեղծ վարչական կենտրոններին: 1991 թվականի նոյեմբերի 28-ի որոշման մեջ ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտեն Ադրբեջանի օրենսդիր մարմնի այդ ակտը դատապարտեց որպես ԽՍՀՄ Սահմանադրության մեջ ամրագրվածª ԼՂԻՄ կարգավիճակը խախտող ակտ:

Ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի կարևոր փուլ դարձավ 1991 թ. դեկտեմբերի 10-ի համահանրապետական հանրաքվեն, որի մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց ԼՂՀ անկախության օգտին: Դեկտեմբերի 28-ին ԼՂՀ-ում տեղի ունեցան հանրապետության ԳԽ ընտրություններ, որոնք անցան ադրբեջանական բանակի ինտենսիվ հրետակոծության ներքո: 1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ նորընտիր օրենսդիր մարմինը, ելնելով ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքից և հիմնվելով հանրաքվեի միջոցով ԼՂ ժողովրդի ազատ կամքի արտահայտման վրա, ընդունեց ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրը: Նույն օրը պատգամավորները դիմեցին ՄԱԿ-ին, աշխարհի բոլոր պետություններին` խնդրելով ճանաչել ԼՂՀև օգնել կանխելու Արցախի հայերի ցեղասպանությունը: Հաջորդ օրը նստաշրջանը ընտրեց հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարին. ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ դարձավ 32-ամյա Արթուր Մկրտչյանը: Նախարարների խորհրդի նախագահ հաստատվեց Օլեգ Եսայանը:

Օգտվելով Խորհրդային Միության փլուզումից` Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Ստեփանակերտի շրջակա ադրբեջանաբնակ գյուղերը վերածվեցին խոշոր ռազմակայանների, որտեղից հանրապետության մայրաքաղաքը պլանաչափորեն ավերվում էր: Սկսվեց ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության մեջ նախադեպը չունեցող հրետակոծում <<Գրադ>> համազարկով կրակի ռեակտիվ կայանններից` զանգվածային ոչնչացման մի զենքից, որի օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի դեմ արգելված է միջազգային բազմաթիվ համաձայնագրերով /ադրբեջանական կողմն առաջին անգամ<<Գրադ>> կայանքն օգտագործել է Շահումյանի շրջկենտրոնի վրա, որի հետևանքով զոհվել են մարդիկ, այդ թվում` մի ծծկեր երեխա/:

Այն պահից ի վեր, երբ 1991 թվականի վերջերին նախկին խորհրդային 4-րդ բանակի զորամասերին, որոնք փաստորեն չէին միջամտում հակամարտությանը, հրաման տրվեց հեռանալ Ղարաբաղի տարածքից, հանրապետությունը մնաց դեմ հանդիման արդի մարտական տեխնիկայով և զենքով, ավիացիայով զինված Ադրբեջանի կանոնավոր զինված կազմավորումների հետ, որոնք լայնորեն օգտագործում էին արտասահմանցի վարձկաններին: 1992 թվականի սկզբներին Ադրբեջանի զինված ուժերի զինանոցը էականորեն համալրվեց Ադրբեջանի տարածքում տեղակայված Անդրկովկասի զինվորական օկրուգի նախկին խորհրդային բանակի պահեստների հաշվին, որոնք զավթվեցին նրա կողմից: Այդ պահեստներում պահվում էին հազարավոր վագոններ կազմող զինամթերք, որը, ըստ զինվորական փորձագետների հավաստման, կբավականացներ մեկ տարի շարունակ ակտիվ ռազմական գործողություններ իրականացնելու համար:

1992 

Նոր` 1992 թվականի առաջին օրն իսկ, ադրբեջանական զորքերը Աղդամի կողմից 10 տանկերի և զրահամեքենայի ուղեկցությամբ գրոհեցին հայկական Խրամորթ գյուղի վրա և հրի մատնեցին այն: Նախկինի պես շարունակվում էր ԼՂՀ մայրաքաղաքի և հայկական գյուղերի ուժգին հրետակոծումը: Հունվարի 25-26-ին Ադրբեջանի ազգային բանակի մի գումարտակ հարձակում ձեռնարկեց Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի վրա: Երկու օր տևած համառ մարտերի շնորհիվ գրոհը հետ շպրտվեց, Ադրբեջանի ռազմական կազմավորումները զգալի կորուստներ կրեցին: Հունվարի 31-ին Ադրբեջանը հարձակում սկսեց ռազմաճակատի ամբողջ գծի երկայքնով:

Ռազմական գործողությունների ընդլայնումը պաշտպանության կազմակերպման և կատարելագործման անհրաժեշտության ստեղծեց: Այդ նպատակով ողջ հանրապետությունով մեկ կամավոր հիմունքներով ջոկատներ էին ստեղծվում: Ուժերի կենտրոնացման և նրանց գործողությունների համակարգման համար ստեղծվեց ինքնապաշտպանության ուժերի շտաբ: Տարեսկզբին արդեն Արցախի տարածքում կազմավորվել էին 10-ից ավելի վաշտ ու դասակ, որոնցում ընդգրկված էին շուրջ 1000 մարդ: Այն դարձավ կանոնավոր բանակի ստեղծման ճանապարհին արված կարևոր քայլերից մեկը:

1992 թվականի հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ոչնչացվեց Ստեփանակերտ քաղաքի Կրկժան /նախկին Կարկառաշեն/ թաղամասում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆհենակետը: Այնուհետեւ փետրվարի 10-ից սկսած ոչնչացվեցին ԼՂՀ մայրաքաղաքին հարակից Մալիբեյլի/այժմ Աջափնյակ/ և Ղուշչիլար գյուղերի կրակակետերը: Այնուամենայնիվ, իրադրությունը շարունակում էր մնալ ծայրահեղ լարված: Ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով մեկ տեղակայված հակառակորդի կրակակետերից հեռահար թնդանոթները մեծ ավերածություններ էին պատճառում և խլում էին տասնյակ մարդկային կյանքեր:  

Փետրվարի 24-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը որոշում ընդունեց հանրապետության զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին, որոնք պետք է ենթարկվեին մեկ միասնական հրամանատարության: ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը: 

Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջնահերթ խնդիրներից մեկը դարձավ Խոջալուում/այժմ Իվանյան/ հակառակորդի ունեցած պլացդարմի ոչնչացումը. այստեղ ինտենսիվ կերպով կենտրոնացվում էին զգալի թվով կենդանի ուժ, մեծ քանակությամբ տեխնիկա և արկեր: Ասկերան ավանը Ստեփանակերտին կապող միջանցքը, որ բացվել էր այդ գյուղի միջով, ուներ ռազմավարական մեծ նշանակություն: Դրանից բացի, անհրաժեշտ էր ապաշրջափակել հանրապետության միակ օդանավակայանը, որը գտնվում էր այդ ադրբեջանաբնակ գյուղի հսկողության ներքո:

Փետրվարի 25-ին Արցախի ինքնապաշտպանության ջոկատները, դիրքեր գրավելով Խոջալուի արևմուտքում, հակառակորդից պահանջեցին հեռանալ ռազմակայանից և իրենց տրամադրված մարդասիրական միջանցքով դուրս բերել խաղաղ բնակչությանը: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Ա.Մութալիբովը ավելի ուշ խոստովանեց, որ <<այնուամենայնիվ հայերի կողմից միջանցք էր թողնվել, որով մարդիկ կարող էին հեռանալ>> /<<Նեզավիսիմայա գազետա>>, 2 ապրիլի, 1992թ./: Մինչդեռ ադրբեջանական զինվորականնները բոլորովին այլ կերպ վարվեցին. գյուղում մնացած բնակիչներին օգտագործելով իբրև կենդանի վահան` նրանք վերսկսեցին ԼՂՀ բնակավայրերի հրետակոծումը, իսկ երբ ստիպված եղան թողնել գյուղը, հենց իրենք էլ գնդակահարեցին խաղաղ քաղաքացիների շարասյուները Աղդամի շրջանի սահմանային մատույցներում: Նույն Ա.Մութալիբովն այդ աննախադեպ հանցավոր ակտը կապել է այն բանի հետ, որ Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատը փորձեր էր անում հեռացնել իրեն իշխանությունից` պատահածի համար ողջ պատասխանատվությունը գցելով իր վրա:

Մարտի սկզբներին ադրբեջանական բանակը լայնածավալ գրոհ ձեռնարկեց ամբողջ ռազմաճակատով մեկ: Գլխավոր հարվածը հասցվեց Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների ուղղությամբ: Հակառակորդի գրոհը կասեցվեց կատաղի կռիվների շնորհիվ: Խոջալուի ռազմակայանի վերացմամբ Ստեփանակերտի հրետակոծումը էականորեն չնվազեց: Ստեփանակերտի վրա իշխող բարձունքին գտնվող Շուշի քաղաքից օր ու գիշեր հրթիռա-հրետանային գնդակոծման էին ենթարկվում ԼՂՀ մայրաքաղաքը և մյուս բնակավայրերը: Մայիսի 7-ին ադրբեջանական հետևակը և զրահատեխնիկան, <<ՄԻ-24>> մարտական ուղղաթիռների աջակցությամբ, գրոհ ձեռնարկեցին Ստեփանակերտի հարավ-արևելքում գտնվող ղարաբաղյան պաշտպանական դիրքերի վրա: Միաժամանակ նույն օրը Շուշիի բարձունքներից և մոտակա ադրբեջանաբնակ բնակավայրերից մայրաքաղաքի վրա շուրջ 200 արկեր արձակվեցին <<Գրադ>> կայանքից և այլ տեսակի թնդանոթներից: Դրա հետևանքով եղան զոհեր և վիրավորներ, հրդեհներ բռնկվեցին երկաթուղային կայարանում և քաղաքի մի շարք բնակելի թաղամասերում:

Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը որոշում կայացրեց այդ բնակավայրերի թշնամու կրակակետերը ոչնչացնելու մասին: Արցախի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները մայիսի 8-ի երեկոյան անցան հարձակման, որը ղեկավարում էր Արկադի Տեր Թադևոսյանը/Կոմանդոսը/` իրենց հսկողության տակ առնելով Շուշի-Լաչին մայրուղին: Կեսօրին մոտ Շուշիի պաշտպանությունը ճեղքվեց հյուսիսից և արևելքից: Հայկական կազմավորումները, փողոցային կռիվներ մղելով, երեկոյան դեմ գրավեցին քաղաքի կենտրոնական թաղամասերը: Մայիսի 9-ին Շուշին լրիվ ազատագրված էր: Շուշիի և ԼՂՀ մերձակա տարածքների կրակակետերի վերացումից հետո ինքնապաշտպանության ուժերի առջև խնդիր դրվեց բացել Շուշի-Լաչին-Զաբուխ` կենսական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը, ինչը թույլ կտար վերացնել շրջափակումը և ապահովել հանրապետության բնականոն կենսագործունեությունը: Մայիսի 18-ին ռազմական գործողությունների ընթացքում ձևավորվող ղարաբաղյան բանակի ստորաբաժանումները /մայիսի 9-ը համարվում է ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օր/ մտան Լաչին /այժմ Բերձոր, Քաշաթաղի շրջան/` դրանով իսկ ճեղքելով եռամյա շրջափակման օղակը: Մայիսի 20-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով Լաչինի միջանցքով ԼՂՀ մայրաքաղաք հասցվեց հարյուրավոր տոննա մարդասիրական բեռ` սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Շուշի-Լաչինի ռազմագործողություններից հետո հակամարտության գոտում լարվածությունը որոշ չափով նվազեց:

Մինչդեռ հակառակորդը պատրաստվում էր լայնածավալ ռազմական գործողության:Հունիսի 12-ին ադրբեջանական զորքերը գրոհ ձեռնարկեցին ռազմաճակատի հյուսիս-արևելյան, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններով: Համարյա 120 կմ երկարությամբ ռազմական գործողությունների թատերաբեմ նետվեց Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը: Բացի այդ գործի դրվեցին նաև այդտեղ տեղաբաշխված նախկին խորհրդային չորրորդ բանակի ուժերը: Հակառակորդը կարողացավ զրահատեխնիկայի, <<Գրադ>> կայանքների, թնդանոթների և ռազմական օդուժի օգնությամբ գրավել ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Ասկերանի շրջանի մի մասը` ընդհուպ մոտենալով Ասկերան շրջկենտրոնին: Ադրբեջանի ազգային բանակի` իր ծավալներով աննախադեպ հարձակման հետևանքով ավերվեցին և հրկիզվեցին տասնյակ գյուղեր, հանրապետության 40 հազար բնակիչներ փախստական դարձան: Հաշվի առնելով ստեղծված կացությունը` ԼՂՀ ԳԽ-ն հունվարի 18-ին արտակարգ դրություն մտցրեց հանրապետությունում: Կատարվեց մասնակի զորահավաք, որն ընդգրկեց 18-40 տարեկան սերժանտներին և պահեստի զինվորներին, զինակոչիկներին, մինչև 50 տարեկան սպաներին, հատուկ պատրաստվածություն ունեցող կանանց:

Հուլիսի առաջին օրերին Ադրբեջանի բանակը, միանգամից մի քանի ուղղությամբ զարգացնելով հարձակումը, զավթեց Մարտակերտ շրջկենտրոնը և շրջանի մի շարք գյուղեր: Արցախի վրա, որի տարածքի 40 տոկոսը բռնազավթել էին ադրբեջանական զորքերը, լուրջ սպառնալիք էր կախվել:

Օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահը հրամանագիր ստորագրեց 1991-92թթ. բանակից բոլոր զորացրվածների զինակոչի, ինչպես նաև զինված ուժերի շարքերում գտնվողների ծառայության ժամկետի երկարաձգման մասին: Ագրեսիայի ծավալների ընդլայնման կապակցությամբ և տարածքների հետագա զավթումը կանխելու համար պաշտպանության կատարելագործման, ինչպես նաև պետական կառավարման համակարգի վերակազմակերպման անհրաժեշտություն ծագեց: Այդ նպատակով ԼՂՀ ԳԽ նախագահությունը օգոստոսի 12-ին, ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի ղեկավարությամբ ընդունեց որոշում հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին: Սկսվեց 18-ից մինչև 45 տարեկան տղամարդկանց զորահավաքը: Օգոստոսի 15-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն /ՊՊԿ/, որին տրվեց գործադիր լիիշխանություն և մասամբ է` օրենսդիր իշխանություն: ՊՊԿ-ն, որի նախագահը դարձավ Ռոբերտ Քոչարյանը, կոչված էր կենտրոնացնելու հանրապետության մարդկային և նյութական ողջ պաշարները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, հասարակական-քաղաքական ողջ ներուժը համապատասխանեցնել ռազմական ժամանակին: Ինքնապաշտպանության անջատ-անջատ և ինքնավար գործող ջոկատները միասնական հրամանատարության ներքո միավորելու և կանոնավոր բանակ ստեղծելու նպատակով ամենասեղմ ժամկետներում իրականացվեց զինված ուժերի կառուցվածքային վերակազմավորում:

Մինչդեռ ռազմաճակատի տարբեր հատվածներում դաժան մարտեր էին ծավալվում: Միաժամանակ շարունակվում էին ադրբեջանական օդուժի հարձակումները քաղաքացիական բնակավայրերի վրա: Օգոստոսի 18-ին Ստեփանակերտի վրա նետվեցին գնդիկավոր ռումբեր, որոնց կիրրառումը քաղաքացիական բնակչության դեմ արգելված է միջազգային իրավունքով: Հաջորդ օրերին ռմբակոծվեցին նաեւ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերը:

Ամռան վերջին առավել լարված տեղամաս էր ռազմաճակատի Մարտակերտի ուղղությունը: Օգոստոսի 26-ին հակառակորդին մեծ կորուստների գնով հաջողվեց տիրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտ-Քելբաջար /այժմ Քարվաճառ/ ավտոմայրուղուն: Մարտակերտի ուղղության վրա գործող սակավաթիվ ղարաբաղյան ուժերը հայտնվեցին ծանր վիճակում: Զորքերի ամրացման նպատակով ռազմաճակատի այդ հատվածում կատարվեց ուժերի վերախմբավորում, ինչի շնորհիվ ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվեց սեպտեմբերի սկզբներին կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, իսկ Ասկերանի ուղղությամբ` անցնել հակահարձակման և ազատագրել այդ շրջանի մի շարք գյուղեր: Նույն ժամանակաշրջանում պարտիզանական շարժում ծավալվեց լրիվ զավթված Շահումյանի շրջանում:

Ադրբեջանական զորքերը սեպտեմբերի վերջին տասնօրյակում երկու անգամ փորձեցին կտրել Լաչինի մարդասիրական միջանցքը, բայց կանգնեցվեցին նրանից 12 կմ հեռավորության վրա, ապա ետ շպրտվեցին: Հոկտեմբերի 19-ին ղարաբաղյան ուժերը հակահարձակման անցան միջանցքի հարավում` դուրս գալով Ղուբաթլուի շրջանի սահմանների մոտ:

1992թ. նոյեմբերին ԼՂՀ պաշտպանության բանակը Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելքում ծավալած հակահարձակողական գործողությունների ընթացքում հսկողության տակ վերցրեց Թարթառ-Մարտակերտ-Քելբաջար մայրուղին: Մի ամբողջ ամիս շարունակ Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով մեկ կատաղի կռիվներ էին մղվում: 1992թ. վերջերին ռազմաճակատի ամբողջ գծի երկարությամբ նկատվում էր մարտական գործողությունների ակտիվության նվազում:

1993

1993թ. հունվարի սկզբներին ադրբեջանա-ղարաբաղյան ռազմաճակատով մեկ ծավալված ռազմական գործողությունները մտան մի նոր փուլ: Ադրբեջանը գործի էր դրել գրեթե իր ողջ զինանոցը, գրոհային օդուժը, ծանր տանկերը, հետևակի մարտական մեքենաները: Հունվարի 14-ին ադրբեջանական զորքերը խոշորածավալ հարձակում ձեռնարկեցին Մարտակերտի շրջանի Կիչան և Սրխավենդ, ինչպես նաև Մարտունու շրջանի Ճարտար գյուղերի ուղղությամբ: Սակայն հակառակորդին չհաջողվեց առաջ շարժվել այդ հատվածներում:

Փետրվարի սկզբներին դաժան մարտեր ծավալվեցին հյուսիսային ռազմաճակատում: Մարտակերտի շրջանի զավթված տարածքների ազատագրման նպատակով ԼՂՀ պաշտպանության բանակը փետրվարի 5-ին հարձակման հրաման տվեց: Մի քանի օրվա ընթացքում, կոտրելով հակառակորդի դիմադրությունը, ղարաբաղյան ուժերը դուրս եկան Մարտակարտ-Քելբաջար ճանապարհի ռազմավարական հատվածը: Փետրվարի վերջերին համառ մարտերի շնորհիվ ղարաբաղյան բանակին հաջողվեց լրիվ հսկողություն հաստատել Սարսանգի ջրամբարի վրա, այստեղ գտնվող էլեկտրակայանով հանդերձ, որը կենսական կարևոր նշանակություն ունի հանրապետության համար:

Մարտի 27-ից մինչեւ ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում սկսվեցին Քելբաջարի շրջանի ռազմակայանների վերացման գործողությունները, ռազմակայաններ, որոնք լուրջ սպառնալիք էին ներկայացնում ԼՂՀ արևմտյան սահմաններին: Ապրիլի 3-ին ճնշվեցին Քելբաջարի շրջկենտրոնի կրակակետերը: Գրավելով Քելբաջարը Գյանջային/Գանձակին/ կապող խաչմերուկը` ղարաբաղյան ուժերը ապրիլի 5-ին դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ: Ապրիլի 2-րդ կեսերից իրադրությունը ռազմաճակատում համեմատաբար հանգիստ էր:

Սակայն գարնան վերջին և ամռան սկզբներին իրավիճակը կտրուկ փոխվեց: Կարճատև դադարից հետո հակառակորդը ռազմաճակատի ողջ երկարությամբ վերսկսեց մարտական գործողությունները` գլխավոր հարվածի համար ընտրելով ավևելյան` Մարտունու ուղղությունը: Սակայն, ղարաբաղյան զորքերի պաշտպանությունը ճեղքելու բոլոր փորձերն ապարդյուն էին:

Ամռան սկզբներին պաշտպանության բանակի հրամանատարությունը ձեռնամուխ եղավ Մարտակերտ քաղաքի ազատագրման ծրագրի իրագործմանը` հարձակում սկսելով միաժամանակ մի քանի ուղղություններով: Մարտերն իրենց կիզակետին հասան հունվարի 27-ին. համարյա մեկ տարի ադրբեջանական բռնազավթման տակ գտնված Մարտակերտը ազատագրվեց վճռական և համաձայնեցված գործողությունների շնորհիվ:

Հունիսի 14-ին ԳԽ նախագահությունը ԳԽ նախագահության անդամ Կարեն Բաբուրյանին ընտրեց ԼՂՀ խորհրդարանի նախագահի պաշտոնակատար:

Հուլիսի 4-ին ադրբեջանական բանակը խոշոր հարձակում սկսեց միաժամանակ ռազմաճակատի Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի հատվածներում, որին օգնում էին օդուժը և զրահատեխնիկան: Հակառակորդը բոլոր ուղղություններում էլ ետ շպրտվեց դեպի ելման դիրքերը: Ղարաբաղի պաշտպանության բանակի հսկողության տակ անցավ Աղդամի շրջանի Շելլի գյուղի մոտակա ռազմավարական կարևոր բարձունքը, որտեղից մշտապես անընդհատ հրետակոծման էին ենթարկվում Ասկերանի շրջանի բնակավայրերը և Ստեփանակերտ քաղաքը:

Այնուամենայնիվ ԼՂՀ մայրաքաղաքը շարունակում էր հրետակոծվել Աղդամ քաղաքից, որտեղ կային մեծ քանակությամբ հեռահար թնդանոթներ և <<Գրադ>> կայանքներ: Ստեփանակերտի անվտանգության ապահովման նպատակով Արցախի զինված ուժերի առջև խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմակայանը: Հուլիսի 23-ին ղարաբաղյան զորքերը, կոտրելով հակառակորդի դիմադրությունը, որն իր զինված ուժերի հիմնական մասը նետել էր ռազմաճակատի այդ հատվածը, մարտերով մտան Աղդամ: Դրանով իսկ վերացվեց ոչ միայն ԼՂՀ մայրաքաղաքի սիստեմատիկ հրետակոծման սպառնալիքը, այլև Ասկերանի և սահմանակից շրջանների վրա կատարվող հարձակումները:

Այդ խոշոր ռազմակայանի վերացումից հետո ադրբեջանական ղեկավարությունը ստիպված եղավ հանդես գալ հրադադարի առաջարկով: Հուլիսի 25-ին, հակամարտության ընթացքում առաջին անգամ, ձեռք բերվեց եռօրյա զինադադարի պայմանավորվածություն:

Սակայն օգոստոսի սկզբներին իրավիճակը դարձյալ կտրուկ փոխվեց: Անընդհատ հարձակումներ սկսվեցին ղարաբաղյան դիրքերի վրա: Դրանք հիմնականում ընթանում էին Ջաբրայիլի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի հակահարձակողական գրագետ գործողությունների շնորհիվ ոչնչացվեցին հակառակորդի մի շարք ռազմակայաններ: Օգոստոսի 16-ին ադրբեջանական Ֆիզուլի քաղաքի կողմից հարձակում ձեռնարկվեց Մարտունու շրջանի հարավային, Հադրութի շրջանի արևելյան սահմանների ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերին հաջողվեց ոչ միայն պաշտպանել իրենց դիրքերը, այլև մարտերի ընթացքում ազատագրել Հադրութի շրջանի հարավում գտնվող նախկինում բռնազավթված մի շարք գյուղեր:

Օգոստոսի երկրորդ կեսերին մարտեր ծավալվեցին Ֆիզուլի-Ջաբրայիլ-Ղուբաթլու գծով մեկ: Ամսի 22-ին ադրբեջանական զորքերը ստիպված եղան թողնել Ֆիզուլի քաղաքը և համանուն շրջանը: Մեկ օր անց ղարաբաղյան զորքերը մտան Ջաբրայիլի շրջկենտրոնը, իսկ ևս երկու օր անց հսկողության տակ վերցրին համանուն շրջանի տարածքը: Օգոստոսի 26-ին լրիվ ազատագրվեց ԼՂՀ Հադրութի շրջանի տարածքը: Օգոստոսի 29-ին ադրբեջանական կողմը փորձեց ճեղքել Լաչինի մարդասիրական միջանցքից դեպի հարավ ընկած ղարաբաղյան պաշտպանական դիրքերը: Ետ շպրտելով հակառակորդին ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները անցան հակահարձակման և օգոստոսի 31-ին մտան Ղուբաթլու շրջկենտրոնը: Նույն օրը Ադրբեջանի և ԼՂՀ միջև համաձայնագիր ստորագրվեց կրակը 10 օրով դադարեցնելու մասին և պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչեւ սեպտեմբերի 10-ը երկու հանրապետությունների ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Սակայն, համաձայնագիրը հիմնախնդրի լուծումը ռազմական հունից քաղաքականը փոխադրելու առումով ոչ մի գործնական արդյունք չտվեց: Ռազմաճակատի հարաբերական անդորրը պահպանվեց ոչ լրիվ մեկուկես ամիս: Հոկտեմբերի 10-ի գիշերը Ադրբեջանը մարտական գործողությունները վերսկսեց ռազմաճակատի Հադրութի հատվածում: Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական բանակի զորամասերը հարձակում սկսեցին Հադրութ-Ջաբրայիլ ուղղությամբ` կրկին սպառնալիքի տակ դնելով Հադրութ ավանի և մերձակա գյուղերի բնակչության անվտանգությունը: Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ պաշտպանության բանակի զորքերը հակահարձակման անցան ռազմաճակատի հարավային ուղղությամբ` ճնշելով հակառակորդի մի շարք խոշոր կրակակետեր, մասնավորապես Հորադիզ բնակավայրի կրակակետերը: Գրավելով այդ ռազմակայանը` ղարաբաղյան ուժերը Ադրբեջանից մեկուսացրին Զանգելանի շրջանը, Ջաբրայիլի և Ղուբաթլուի շրջանների մի մասը:

Նոյեմբերի 1-ի առավոտյան պաշտպանության բանակի մարտիկները իրենց հսկողության տակ վերցրին Զանգելան շրջկենտրոնը` սահմանակից բնակավայրերի հետ միասին: Դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը 3 անգամ հարձակում ձեռնարկեց ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածում, սակայն ղարաբաղյան բանակին հաջողվեց ետ մղել հակառակորդի բոլոր գրոհները: Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի Աղջաբեդու շրջանի ռազմակայանից սկսվեց Մարտունու շրջանի բնակավայրերի, այդ թվում Մարտունի քաղաքի զանգվածային հրթիռա-հրետանային գնդակոծումը: Դեկտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը` տանկերի և օդուժի օգնությամբ, կրկին գրոհեցին Մարտունու շրջանի արևելյան հատվածում գտնվող ղարաբաղյան բանակի դիրքերը: ԼՂՀ զինված ուժերին հաջողվեց կասեցնել գրոհը, իսկ դեկտեմբերի լույս 20-ի գիշերը հակառակորդին ետ շպրտել ելման դիրքերը: Դեկտեմբերի 22-ին հրետակոծման ենթարկվեցին ԼՂՀ հյուսիսում և արևելքում գտնվող ղարաբաղյան զորքերի դիրքերը, իսկ ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածում ադրբեջանական ուժերը անցան հարձակման: Ամբողջ հաջորդ օրը 30 կմ ձգվող ռազմաճակատի գծի երկայնքով հակառակորդը անհաջող փորձեր արեց ճեղքել ղարաբաղյան պաշտպանական դիրքերը: Դեկտեմբերի 26-27-ին ադրբեջանական զորքերը հարձակողական գործողություններ էին վարում Մարտակերտի, Մարտունու և Հադրութի ուղղություններով, սակայն նրանց չհաջողվեց առաջ ընթանալ: 1993թ. ավարտին ղարաբաղյան կողմի հսկողության տակ անցավ Հորադիզի երկաթուղային հանգույցից մինչև Հայաստանի պետական սահմանն ընկած ողջ տարածքը, ինչը հնարավորություն տվեց ԼՂՀ հարավային սահմանների մոտ ստեղծել անվտանգության գոտի:

Այդ ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց 18-40 տարեկան տղամարդկանց բանակային զորահավաք: Բացի այդ ղարաբաղյան ռազմաճակատում ադրբեջանական բանակի կազմում ընդգրկված էին նաև վարձկաններ, այդ թվում Աֆղանստանից բերված շուրջ 1,5 հազար մոջահեդներ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ վկայել են նաև միջազգային դիտորդները: Պատերազմին Ադրբեջանի կողմից վարձկանների մասնակցությունը հաստատում են նաև ղարաբաղցի զինվորներին որպես ռազմավար մնացած անձնական փաստաթղթերը, ռազմական քարտեզները, նամակներն ու լուսանկարները, բառարանները, ազգային տարադրամը:

1994

1994թ. սկզբներին Ադրբեջանը մեկ անգամ ևս փորձ արեց տիրել իրավիճակին` ողջ ռազմաճակատով մեկ ակտիվացնելով հարձակողական գործողությունները: Ծանր մարտեր ծավալվեցին Օմարի լեռնանցքից մինչև Արաքս: Անտեսելով վիթխարի կորուստները` հակառակորդը չէր հրաժարվում իր պլաններից: Ապահովելով պաշտպանությունը և իրականացնելով հակահարձակողական մի շարք հաջող գործողություններ` ԼՂՀ պաշտպանության բանակը փետրվարի սկզբներին ձեռնամուխ եղան Օմարի լեռնանցքի գոտում հակառակորդի ունեցած ռազմակայանների վերացմանը: Փետրվարի 18-ին հյուսիսային հատվածը` ներառյալ Օմարի լեռնանցքը լիովին անցավ ղարաբաղյան ուժերի հսկողության ներքո: Այդպիսով, Քելբաջարի շրջանը ամբողջովին վերցվեց պաշտպանության բանակի զորքերի հսկողության տակ:

Փետրվարի վերջին և մարտի սկզբներին հիմնական մարտերը ծավալվեցին Հորադիզի ուղղությամբ` ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածում: Հակառակորդի զորքերը զրահատանկային ուժերի, հրետանու և օդուժի աջակցությամբ փորձում էին ճակատային հատվածից ճեղքել ղարաբաղցիների պաշտպանությունը և առաջ շարժվել դեպի Ֆիզուլի: Սակայն վերջիններին հաջողվեց ոչ միայն պաշտպանել իրենց դիրքերը, այլև մի շարք հատվածներում անցնել հակահարձակման:

Ապրիլի 10-ին ռազմաճակատի հյուսիս-արևելյան հատվածում ծավալած հակահարձակողական գործողությունների շնորհիվ ԼՂՀ զինված ուժերը գրավեցին Գյուլիստան-Թալիշ հատվածի մի շարք ռազմավարական բարձունքներ: Ապրիլի կեսերին ԼՂՀ պաշտպանության բանակը ազատագրեց հայկական Թալիշ, Չայլու, Մատաղիս և Լևոնարխ գյուղերը: Ղարաբաղյան զորքերին հաջողությունն ուղեկցում էր նաև ռազմաճակատի հարավ-արևելյան ուղղության վրա: Մինչ այդ նրանց հաջողվել էր իրենց հսկողության տակ վերցնել Աղդամ-Բարդա մայրուղին:

Ռազմական պարտությունները Ադրբեջանին հարկադրեցին ընդունել ՌԴ կողմից արված հրադադարի առաջարկը: Մայիսի 5-ին Ռուսաստանի, Կիրգիզիայի և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին մի արձանագրություն, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ մտավ Բիշքեկյան արձանագրություն անվամբ, որի հիման վրա պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի մասին: Մայիսի 12-ին Մոսկվայում, Բիշքեկյան պայմանագրի իրավաբանական ձևակերպման նպատակով, տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հանդիպումը, որտեղ հաստատվեց կողմերի հավատարմությունը կրակի դադարեցման վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը: Պատրաստվեց նաև մի փաստաթուղթ, որով նախատեսված էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում և այնտեղ խաղարարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարներ Պավել Գրաչովը և Սերժ Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը փաստաթուղթը չստորագրեց. նրան շտապ ետ կանչեցին Բաքու: Թեպետ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատվեց տևական հրադադար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հիանալի գիտակցում են, որ զինադադարի պայմաններում, երբ, փաստորեն, շարունակվում է երկու լավ զինված և ուժեղ ճամբարների դիմակայությունը, բանակը հանդիսանում է ժողովրդի և պետականության միակ վստահելի երաշխավորը: Այդ իսկ պատճառով այսօր ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ ղարաբաղյան բանակում տեղի են ունենում նրա մարտունակության ամրապնդմանն ուղղված էական կառուցվածքային և կադրային բարեփոխումներ, ընդլայնվում է նյութա-տեխնիկական բազան, հետևողական աշխատանք է տարվում անձնակազմի հետ:

ԼՂՀ պաշտպանության բանակը առաջվա պես պատրաստ է հակահարված տալ ցանկացած ագրեսիայի:

 

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com